Armenian      
Արժեթղթերի շուկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարագրերի վերլուծության նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին սույն կետով նախատեսված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի սակագինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-112