ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 79. Ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետի հետաձգումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`
1) «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը).
2) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը (օրը), բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչեւ հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ:
4. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մինչեւ այդ մասում նշված ժամկետի լրանալը, եթե հարկ վճարողը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն կատարվող ներմուծումների մասով մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումների մասով` հարկային մարմիններին, ներկայացնում է ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը վաղաժամ դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն՝ հարկային եւ (կամ) մաքսային մարմնի սահմանած ձեւով: Սույն մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գումարների (կամ դրանց մի մասի) վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, եւ հայտարարությունում նշված չափով ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչեւ հայտարարության ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ:
5. Եթե սույն հոդվածով սահմանված` ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից օգտված հարկ վճարողը մինչեւ հետաձգման ժամկետի ավարտը լուծարվում է կամ հանվում է հաշվառումից, ապա վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչեւ հարկ վճարողի լուծարումը կամ հաշվառումից հանումը:
6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկումը եւ այդ գումարների նկատմամբ հսկողությունը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմինը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ դրանք սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են պետական բյուջե` որպես «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով մաքսային մարմին վճարվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով` հարկային մարմին վճարվող գումարներ:
7. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ, որոնք հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում: Սույն մասով սահմանված՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկները ներկայացվում են` անկախ սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված հարկ վճարողի` ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:
8. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից Օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով` որպես ներմուծված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարներ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`
1) ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով մինչեւ 50 հազար դրամ (ներառյալ) արժողությամբ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքի չափով ծախսը համախառն եկամտից ամբողջությամբ նվազեցվում է այդ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվները ձեռք բերելու հարկային տարվա ընթացքում.
2) Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերի աղյուսակներում «տրավերտիններ» բառից հետո լրացնել «, կվարցիտներ» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 457-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող ներմուծումների վրա:
Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 2-րդ կետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.11.2017
ՀՕ-191-Ն