Armenian   Russian    
Քաղաքացիության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2017
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «իսկ մինչեւ 16 տարին լրանալը` նաեւ ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը» բառերը փոխարինել «իսկ մինչեւ 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը եւ ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «օտարերկրյա քաղաքացի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերով, իսկ նույն կետի «2016» թիվը փոխարինել «2019» թվով.

2) 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի հիմքով անձը  ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել եւ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ» բառերը փոխարինել «երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ» բառերով.

2) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, որի  ծնողները Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներ չեն

1. Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաեւ ծնողների գրավոր համաձայնությունը:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) որը մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի» բառերը փոխարինել «ծնողներից մեկի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ»:

Հոդված 8. Օրենքի 26-28-րդ  հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից  քաղաքացիության հարցերի լուծումը

Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Հոդված 27. Քաղաքացիության  վերաբերյալ հարցերի լուծման կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով  ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առանց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից եզրակացություն ստանալու:

5. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ հայոց լեզվի իմացության ստուգման կարգը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը.

3) անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը։»:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները եւ համաձայնությունները ներկայացվում են գրավոր: Սույն օրենքի 11-րդ, 12.1-ին, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով պահանջվող համաձայնություններն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում դրանց վրա անձանց ստորագրության իսկությունը վավերացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 7-րդ եւ 8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-251-Ն