ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ կազմավորման կարգը:
Հոդված 2. Պետական կառավարման համակարգի մարմինները
1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինները:
Հոդված 3. Նախարարությունը
1. Նախարարությունը մշակում եւ իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունների ցանկը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 4. Կառավարությանը ենթակա մարմինը
1. Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաեւ աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կառավարությանը ենթակա մարմիններն են՝
1) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն.
2) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
3) Պետական եկամուտների կոմիտեն.
4) Վիճակագրական կոմիտեն.
5) Քաղաքաշինության կոմիտեն.
6) Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը.
7) Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը.
8) Կրթության տեսչական մարմինը.
9) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
10) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
11) Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Հոդված 5. Վարչապետին ենթակա մարմինները
1. Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության եւ պետական վերահսկողության ոլորտներում:
2. Վարչապետին ենթակա մարմիններն են՝
1) Ազգային անվտանգության ծառայությունը.
2) Ոստիկանությունը.
3) Պետական վերահսկողական ծառայությունը:
Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը
1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում եւ ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
2) Քրեակատարողական ծառայությունը.
3) Պրոբացիայի ծառայությունը.
4) Փրկարար ծառայությունը.
5) Սոցիալական ապահովության ծառայությունը.
6) Պետական արարողակարգի ծառայությունը.
7) Միգրացիոն ծառայությունը.
8) Ջրային կոմիտեն.
9) Գիտության կոմիտեն.
10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
11) Զբոսաշրջության կոմիտեն.
12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.
13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.
14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.
15) Բարձրագույն որակավորման կոմիտեն.
16) Անտառային կոմիտեն.
17) Լեզվի կոմիտեն.
18) գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:
3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 7. Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը
1. Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում եւ դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
2. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմնի ղեկավարի, որի նշանակումն ու ազատումը կարգավորվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:
8. Նախարարության, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա մարմնի աշխատողների քանակը, համապատասխան նախարարի առաջարկությամբ, սահմանում է վարչապետը: Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների աշխատողների քանակը սահմանում է վարչապետը:
9. Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:
10. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է վարչապետը:
11. Նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
12. Նախարարության հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:
13. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմնի հաստիքացուցակը հաստատում է տվյալ մարմնի ղեկավարը:
14. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:
15. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝
1) անվանումը եւ գտնվելու վայրը,
2) կառավարման եւ ղեկավարման կազմակերպումը,
3) կառուցվածքը:
16. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 8. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցությունը
1. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը կարող է սահմանվել Կառավարության որոշմամբ։
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Կառավարությունն իր կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետեւյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝
1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.
2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.
3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.
4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.
5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Անշարժ գույքի կադաստրի կոմիտե.
6) Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.
7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.
8) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
9) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.
10) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.
11) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.
12) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.
13) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.
14) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.
15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.
16) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.
17) բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե.
18) կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.
19) Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.
20) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.
21) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.
22) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.
23) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.
24) կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.
25) կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե.
26) գնումների բողոքարկման խորհրդի յուրաքանչյուր անդամ շարունակում է պաշտոնավարել որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձ մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում նշանակում կատարելը:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքի 4-6-րդ հոդվածներում թվարկված պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կանոնադրությունները, եւ սահմանվում է աշխատողների քանակը: Մինչ այդ շարունակում են գործել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կանոնադրությունը եւ աշխատողների քանակը սահմանող, ինչպես նաեւ ոլորտային գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը՝ այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին:
5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կամ նրանց ղեկավարների կողմից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը մինչեւ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
7. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, նրա տեղակալը նշանակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ Պետական վերահսկողական ծառայության կազմավորումը Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները, շարունակում են պաշտոնավարել մինչեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության, աշխատողների քանակի հաստատումը եւ գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
9. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը մինչեւ վարչապետի աշխատակազմի կազմավորումը եւ տեսչության կարգավիճակին վերաբերող իրավական ակտերի ընդունումը գործում է Կառավարության աշխատակազմում, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում՝ Կառավարության կողմից տեսչության համար սահմանված խնդիրների եւ գործառույթների շրջանակներում:
11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ Անվտանգության խորհրդի գրասենյակի կազմավորումը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2018
ՀՕ-260-Ն