Armenian      
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2019

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասը «երկու» բառից հետո լրացնել «կարճատեւ» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«Միայն մերձավոր ազգականների հետ երկարատեւ տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ երեք օր տեւողությամբ: Երկարատեւ տեսակցություն տրամադրվում է նաեւ կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատեւ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ: Կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) «կալանավորված» բառը փոխարինել «ձերբակալված եւ կալանավորված» բառերով.

2) 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված որոշմամբ» բառերով.

3) 3-րդ մասը «Կալանավորվածներին պահելու վարչակազմը» բառերը փոխարինել «Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը» բառերով, իսկ «տեղեկացնի» բառը՝ «տեղեկացնեն» բառով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչեւ բուժման ավարտը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

13.06.2019
ՀՕ-53-Ն