Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.07.2020

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերը «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «ռազմարդյունաբերության պետական կոմիտեն,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  7. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը

1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ պետական լիազոր մարմին)՝

1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում է զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.

3) մշակում է՝

ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,

բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը եւ միջոցառումները,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը,

դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը եւ այդ կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման՝ քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

զ. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

է. պետական պահուստում կուտակման ենթակա՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման եւ վարման կարգը,

ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,

թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը՝ ըստ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը,

ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը.

4) իրականացնում է՝

ա. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորումը՝ համաձայն սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների պահանջների,

բ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը՝ հանդես գալով որպես պատվիրատու,

գ. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,

դ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառումը,

ե. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,

զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը,

է. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,

ը. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական եւ նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,

թ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումը,

ժ. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը,

ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,

ժբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,

ժգ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը,

ժդ. իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը,

ժե. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների եւ առաջադրանքների համակարգումը,

ժզ.  իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական մարմինները

1. Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները՝

1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.

3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը.

5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը.

6) իրականացնում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կատարման ժամանակացույցի եւ» բառերը, իսկ նույն մասը «միջոցառումների» բառից հետո լրացնել «եւ գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին» բառերով.

2) 7-րդ կետը «փորձարկումներ» բառից հետո լրացնել «, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարության զորավարժարաններում» բառերով.

3) 14-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ եւ ընդունումը հավաստող համապատասխան ակտով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «հիմնավորում է» բառերը փոխարինել «տրամադրում է» բառերով,  իսկ  նույն կետը «սահմանում է» բառերից առաջ լրացնել «իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ» բառերով:

2)  8-րդ կետից հանել  «կատարողների հետ համատեղ պատրաստած» բառերը.

3)  11-րդ կետը «լիազոր» բառից առաջ լրացնել «պետական» բառով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը:»:

Հոդված  9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 7-րդ կետերը, 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 11-րդ կետերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը եւ  19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.07.2020
Երեւան
ՀՕ-382-Ն