Armenian      
Հյուպատոսական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ներկայացուցչությունների» բառը փոխարինել «ծառայության մարմինների» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

«Հոդված 22.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում տրամադրել տեղեկանքներ:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.2-րդ հոդվածով.

«Հոդված 22.2. Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը եւ ձեւանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:»:

Հոդված 4.  Օրենքի 2-րդ բաժնի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»:

Հոդված  5. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.

«Հոդված 42.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները եւ ընթացք է տալիս դրանց:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-42-Ն