Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթեր (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).»:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցում, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով.»:

Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը» բառերը փոխարինել «ուղարկվելու են Օրենսգրքով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ծանուցումները» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով.

«5.1. Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով:

Հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն մասով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:

Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ:

Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:

Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերի մասին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:

5.2. Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, եւ փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրվանից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.03.2021
Երեւան
ՀՕ-80-Ն