Armenian      
Պետական գույքի կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.06.2021

Հոդված  1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «օտարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում պետական գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել պետական գույքի կադաստրային արժեքի չափով:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականությունը ձեռք բերողին, եթե պետական գույքը սահմանակից է օտարվող սեփականությանը եւ անհրաժեշտ է օտարման նպատակի իրագործման եւ օտարման հիմք հանդիսացող գործունեության իրականացման համար, կամ պետական գույքը չօտարելու դեպքում այն կորցնելու է իր տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչեւ սահմանակից սեփականության օտարումը: Սույն կետով նախատեսված հիմքով պետական գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը ընդունում է Կառավարությունը՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման շրջանակներում: Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական գույքի օտարման գործառույթների իրականացումը հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ կարող է պատվիրակվել  տվյալ համայնքի ղեկավարին:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2021
Երեւան
ՀՕ-273-Ն