Armenian      
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.08.2021
Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.6-րդ հոդվածով.

«Հոդված 2.6. Հաստատել 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր ծրագիր)՝ համաձայն 7-րդ հավելվածի :»:

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.8-րդ կետով.

«6.8. 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3 -ը: 2021 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ՝ Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման՝ այդ գումարների հավաքման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 26-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ՝ Արտաբյուջետային հաշիվ)՝ մինչեւ 2022 թվականի հաշվետու ֆինանսական տարվա ավարտը: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել «2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ Ժամանակավոր ծրագիրը» 7-րդ հավելվածով :

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես, եւ գործում է մինչեւ Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը:

2. Սույն Օրենքից բխող՝ Կառավարության որոշումներն ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

17.08.2021
Երեւան
ՀՕ-322-Ն