Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի 1-ին մասում եւ 1-ին մասի աղյուսակի վերջին տողում «2403 99 90 090» թիվը փոխարինել «2404 11 000 9» թվով եւ աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2403 ծածկագրին վերաբերող տողից հանել «(բացառությամբ 2403 99 90 090)» բառերը:

Հոդված 2.   Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

Հոդված 3. Օրենսգրքի 391-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաեւ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի:

Մանրածախ առեւտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հայտը եւ (կամ) հաշվետվության ձեւը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում՝

1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստանալու դեպքում:».

3) 7-րդ եւ 8-րդ մասերը «ապրանքների օտարումն» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:».

2) 2-րդ եւ 3-րդ մասերը «դրոշմավորումը եւ» բառերից հետո, իսկ 7-րդ մասը «որոնց գծով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանում են հարկային եւ (կամ) մաքսային մարմինները» բառերը փոխարինել «սահմանում է հարկային մարմինը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչեւ դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:».

2) 2-րդ եւ 3-րդ մասերը «դրոշմապիտակները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների)» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «(այդ թվում՝ կորած)» բառերը եւ նույն մասը «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ կորստի» բառերով, իսկ «վնասված» բառից հետո՝ «(բացառությամբ խոտանված ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է՝

1) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում՝ որպես հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

3) ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում՝ որպես ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ հարկային մարմնի ղեկավարի  լիազորած ստորաբաժանման ղեկավարի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի:

3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի եւ (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ:

4. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ մինչեւ սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը սահմանված ժամկետում չվերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու եւ հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի եւ (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում եւ գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ:

5. Սույն գլխի իմաստով՝ խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «վնասված» բառից հետո լրացնել «կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված եւ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված» բառերով.

2) 2-րդ մասի «390-րդ հոդվածում նշված՝ պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու եւ այդ ժամկետի ավարտից հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված» բառերը փոխարինել «389-րդ եւ 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի եւ» բառերով.

3) 3-րդ մասի «1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 4-րդ» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաեւ անմաքս առեւտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից՝ որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով) եւ դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:»:

Հոդված 10. Օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով, իսկ «եթե» բառից հետո՝ «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը եւ (կամ)» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.12.2021
Երեւան
ՀՕ-408-Ն