Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.04.2022
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին բաժնով.

«ԲԱԺԻՆ 20.1

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 80.1

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը նշված հարցումն ուսումնասիրում է ողջամիտ ժամկետում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրության արդյունքներով հարկային մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) ստանալու նպատակով դիմում է վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան, կամ

2) օտարերկրյա պետության իրավասու մարմնին մերժում է գաղտնի տեղեկության տրամադրումը, եթե՝

ա. օտարերկրյա իրավասու մարմնի հարցումը հիմնավորված չէ, հայցվող տեղեկությունը վերաբերելի չէ տվյալ օտարերկրյա պետությունում իրականացվող ուսումնասիրությանը (քննությանը), կամ հարցումը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները,

բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններ, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել հարկային մարմնի սահմանած կարգով:

Հոդված 443.2. Գաղտնի տեղեկություն ստանալու մասին ծանուցելը

1. Եթե հարկային մարմինը, սույն օրենսգրքի 443.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնց մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկությունը ստանալու դեպքում՝

1) օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ եւ գաղտնի տեղեկությունը օտարերկրյա իրավասու մարմնին տրամադրում է տվյալ իրավասու մարմնի կողմից՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու պարտավորության մասին գրավոր հավաստում ստանալու պարագայում,

2) անկախ սույն մասի 1-ին կետում նշված դրույթից՝ դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, այն ուղարկում է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.05.2022
Երեւան
ՀՕ-101-Ն