Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2022

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասը «կարգավորումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորման,» բառերով:

Հոդված  2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարների հաշվին կատարվող ծախսերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 202-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետեւյալ հարկման բազաները.

1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն.

2) Բ2 - շահույթ  նախքան  հարկումը,  որը  հաշվարկվում  է  որպես Բ1 -ի եւ Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված՝ Բ1 -ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.

3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետեւյալ բանաձեւով, ընդ որում, Բ3 -ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3 -ը մեծ է 0-ից.

Բ3 = Բ2 - ՖԾ - (Բ1 x R1 ) - (Բ2 x R2 ) - (Բ1 x 0.15)

որտեղ՝ ՖԾ-ն Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Կառավարության սահմանած կարգով, դեպքերում եւ չափերով, իսկ R1 -ը եւ  R2 -ը՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը:

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ Բ2 -ի հաշվարկման ժամանակ՝

1) իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման եւ (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.

2)  բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի եւ ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:».

2) 3-րդ մասի՝

1) 1-ին  կետը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  նոր նախադասությունով. «Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը.».

2) 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձեւավորված՝ մետաղների միջազգային միջին գները:».

3) 3-րդ կետի «գ» ենթակետի «20» եւ «80» թվերը փոխարինել համապատասխանաբար «15» եւ «85» թվերով:

Հոդված 4 . Օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ռոյալթիի բազաների համար սահմանվում են ռոյալթիի հետեւյալ դրույքաչափերը.

1) Բ1 -ի համար՝  R1 , որը հավասար է 4 տոկոսի.

2) Բ2 -ի համար՝  R2 , որը հավասար է 12.5 տոկոսի.

3) Բ3 -ի համար՝  R3 , որը հավասար է 15 տոկոսի:»:

Հոդված  5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասում «ռոյալթիի բազայի եւ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափի հիման վրա» բառերը փոխարինել «Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի բազաների եւ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով» բառերով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ կիրառվում է նաեւ 2022 թվականի հաշվետու տարվա շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով:

Հոդված  7. Անցումային դրույթներ

1. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշվարկվող ռոյալթիի կանխավճարը 2023 թվականի հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով:

2. Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը եւ չափերը, ինչպես նաեւ խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը Կառավարությունը սահմանում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-149-Ն