Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.09.2022

Հոդված 1.   2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով եւ ժամկետներում հաշվարկել եւ պետական բյուջե վճարել հետեւյալ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, եթե՝

1) նրանք ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.

2) նրանք ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եւ որոնց ներմուծման դեպքում, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կիրառվում են միագումար մաքսային վճարի ձեւով գանձվող մաքսատուրքեր եւ հարկեր.

3) մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրականացնում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող` ապրանքների ներմուծման գործառնություններ:»:

Հոդված 2.   Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 41-րդ, 42-րդ եւ 43-րդ կետերում «անձնական օգտագործման գույքի» բառերը փոխարինել «անձնական օգտագործման ապրանքի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.10.2022
Երեւան
ՀՕ-355-Ն