Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2022

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդված 5-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ հումքի վերամշակման արդյունքում Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա նոր ապրանքի ստացման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայում ներառվում է նաեւ այդ նոր ապրանքի համար Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետը «ապրանքի մատակարարումը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումքի վերամշակման արդյունքում ստացված եւ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը» բառերով.

2) 2-րդ կետը «ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի)» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «կամ» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանված ապրանքների համար ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարը փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով, չափով եւ ժամկետներում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված դրոշմավորման կանոնը չի կիրառվում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող եւ Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորված այն ապրանքների նկատմամբ, որոնք հետագայում Կառավարության սահմանած ժամկետներում արտահանվելու են Հայաստանի Հանրապետությունից:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 4-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

14.12.2022
Երեւան
ՀՕ-454-Ն