Armenian      
Ազդարարման համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2022

Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների» բառերը փոխարինել «եւ կազմակերպությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «պետական հիմնարկներում եւ կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններում» բառերը փոխարինել «ինչպես նաեւ կազմակերպություններում» բառերով.

2) 2-րդ կետի «պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ» բառերը փոխարինել «պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ» բառերով, իսկ նույն կետը «վարչաիրավական» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով.

3) 4-րդ կետի «պետական հիմնարկ եւ կազմակերպություն» բառերը փոխարինել «պետական եւ համայնքային կազմակերպություն» բառերով.

4) 5-րդ կետից հանել «, որի աշխատողների կամ հաստիքների քանակը գերազանցում է հիսունը» բառերը.

5) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) կոռուպցիոն բնույթի դեպքեր` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 13-րդ հոդվածի 1-ին մասում «էթիկայի» բառը փոխարինել «վարքագծի» բառով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ազդարարում հանրությանը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «լիազորած անձին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ մասնավոր ոլորտի կազմակերպությունների, որոնք չեն դասվում հանրային նշանակության կազմակերպությունների շարքին)» բառերով:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1)    2-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում):».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործության» բառը փոխարինել «կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման» բառերով:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածը`

1) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների մասին հաղորդումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերահասցեագրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է իրեն վերահասցեագրված` իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում` համապատասխան ակտի ընդունումը:»:

Հոդված 9. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.

«Հոդված 9.1. Ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրությունը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն իրենց եւ իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները ըստ հետեւյալ տողերի` ներքին, արտաքին, հանրությանը եւ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 4.1
ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Հոդված  9.2. Ազդարարում հանրությանը

1. Եթե ազդարարման մյուս տեսակներով հաղորդումը օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում ընթացք չի ստացել, ապա  ազդարարը կարող է հաղորդումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:

2. Հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը:

3. Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:

4. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը եւ անհրաժեշտության դեպքում` համապատասխան ակտի ընդունումը:

5. Իրավասու մարմինը`

1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.

3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքով ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե նրա անձը հայտնի է:

8. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:

9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:

10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:»:

Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն եւ իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը եւ կայացնել համապատասխան որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:

Ազդարարին հատուկ պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ որոշումը ենթակա է կատարման իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված կարգով այնքանով, որքանով իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:

3.2. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետեւանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում`

1)  ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.

2) ստեղծում  է  ազդարարի  կողմից  իր  ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.

3) ազդարարի  գործունեությանն  անհարկի  եւ  ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.

4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով  եւ կարգով.

5) ձեռնարկում է իրավիճակից բխող` ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում` ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը եւ այլն:

3.3. Ազդարարը չի կարող ենթարկվել որեւիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:»:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ազդարարի նկատմամբ ձեռնարկված գործողության կամ անգործության իրավաչափությունն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:»:

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.12.2022
Երեւան
ՀՕ-495-Ն