Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2022

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն  օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ հոդվածով.

«Հոդված 8.2. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները

1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`

1) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացնում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով.

2) տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.

3) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության եւ տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.12.2022
Երեւան
ՀՕ-463-Ն