Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում» բառերը փոխարինել «մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում» բառերով.

2) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում     (այսուհետ` հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաեւ մինչեւ գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված ակտերի դեմ բողոքների քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը.»:

Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3.1-ին մասը «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձեւով որոշման կայացման, եթե դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-ին հոդվածով.

«Հոդված 64.1.  Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը

1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ անձանցից:

2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի  ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասում «15-րդ օրն» բառերը փոխարինել «յոթերորդ օրն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող եւ փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաեւ ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:»:

Հոդված  8. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասում «15-րդ օրը» բառերը փոխարինել «յոթերորդ օրը» բառերով:

Հոդված  9.  Օրենսգրքի 121-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 6-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 3-րդ  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հայցվորի կամ հայցվորի ներկայացուցչի հեռախոսահամարը:»:

Հոդված 10. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «յոթնօրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի,» բառերով.

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Այն դեպքում, երբ, սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան, դատավորի աշխատակազմի կողմից կազմվում է արձանագրություն հայցադիմումում առկա թերությունների մասին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է արձանագրությամբ մատնանշված թերությունները վերացնելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:»:

Հոդված 11. Օրենսգրքի 126-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ միեւնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից արձակված վճարման կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելը մերժելու դեպքի.».

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատարանի որոշումն ուղարկվում է նաեւ հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի  ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:»:

Հոդված 12. Օրենսգրքի 127-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ  մասերով.

«1.1. Այն դեպքերում, երբ չեն պահպանվել  սույն օրենսգրքով հայցադիմումի ձեւին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, այդ թվում` հայցադիմումին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը, կամ հայցադիմումն ստորագրված չէ, դատավորի աշխատակազմը կարող է հաղորդակցության միջոցով (առկայության դեպքում) տեղեկացնել հայցվորին հայցադիմումում առկա թերությունների մասին` առաջարկելով եռօրյա ժամկետում վերացնել դրանք: Նման միջոցով տեղեկացման անհնարինության դեպքում դատավորի աշխատակազմը նույն ժամկետում կարող է կազմել հայցադիմումում առկա թերությունների մասին արձանագրություն` նշելով առկա թերություններն արձանագրությունն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, վերացնելու անհրաժեշտության մասին: Նշված արձանագրությունը ոչ ուշ, քան կազմման հաջորդ օրն ուղարկվում է հայցվորին:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները վերացվելուց հետո առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը կամ հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր, որոնք թերությունների մատնանշման պահին չէին բացահայտվել դատավորի աշխատակազմի կողմից:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված թերությունները չվերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում հայցադիմումը վերադարձնելու մասին, եթե առկա են հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:

1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասի կարգավորումը կիրառելի է այն դեպքերում, երբ առկա չեն սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հիմքերով հայցադիմումը վերադարձնելու այլ հիմքեր:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Այն դեպքերում, երբ հայցադիմումում առկա թերությունների վերացման համար հայցվորը չի տեղեկացվում, այդ թվում` երբ արձանագրություն չի կազմվում, առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի    1-ին մասով սահմանված ժամկետում կայացնում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում` այն հայցադիմումի եւ դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը հայցադիմումի եւ դրան կից փաստաթղթերի հետ ուղարկում է հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաեւ հայցադիմումում նշված այլ անձանց` միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:»:

Հոդված 13. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչեւ 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:»:

Հոդված 14. Օրենսգրքի 297-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հինգհազարապատիկը» բառով.

2) 3-րդ մասի 3-րդ կետի «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հինգհազարապատիկը» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) պատասխանողը մինչեւ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:»:

Հոդված 15. Օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչեւ նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձեւով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում` հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձեւով կայացված որոշմամբ:»:

Հոդված 16. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում եւ հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում եւ հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ներկայացվել է ամուսնալուծության եւ (կամ) ալիմենտ բռնագանձելու  վերաբերյալ պահանջ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) հայցն ակնհայտ անհիմն է:»:

Հոդված 18. Օրենսգրքի 305-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով.

2)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում:»:

Հոդված 19. Օրենսգրքի 308-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 308. Վճարման կարգադրություն արձակելու գործերի ենթակայությունը եւ ընդդատությունը

1.  Վճարման կարգադրություն արձակելու գործը ենթակա է առաջին ատյանի դատարանին, եթե առկա չէ կողմերի միջեւ կնքված պայմանագիր, որով կողմերը որոշել են տվյալ պայմանագրից բխող որոշակի դրամական  պարտավորությունը չկատարելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացնել նոտարին:

2. Առաջին ատյանի դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու գործը քննում է պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարանը:»:

Հոդված 20. Օրենսգրքի 310-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «309-րդ» բառը փոխարինել «311-րդ» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) կողմերի միջեւ կնքված պայմանագրով առկա է համաձայնություն պայմանագրից բխող որոշակի դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում` վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացնել նոտարին:»:

Հոդված 21. Օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների առկայության դեպքում` նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի պատճենը մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ:»:

Հոդված 22. Օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ   խմբագրությամբ.

«1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն` «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, եւ երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:»:

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 51.1.

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 345.1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը

1. Նոտարի կողմից արձակված` կողմերի համար պարտադիր դարձած վճարման կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

2.  Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

3. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է`

1) պարտապանի հաշվառման (բնակության) վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե պարտապանը ֆիզիկական անձ է.

2) պարտապանի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե պարտապանն իրավաբանական անձ է:

Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են`

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,

2) վճարման կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ համարը,

3) վճարման կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,

4) վճարման կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները,

5) վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:

2. Վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են`

1) վճարման կարգադրության օրինակը,

2) օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,

3) դիմումը եւ դրան կից փաստաթղթերը մյուս կողմին եւ նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ:

Հոդված 345.3. Դիմումի քննությունը

1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

2.  Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Այդ դեպքում նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:

4. Դատարանը կարող է վճարման կարգադրություն արձակած նոտարից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Հոդված  345.4. Դատարանի որոշումը

1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու եւ նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

2. Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

4. Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 24. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հեռակա եւ արագացված դատաքննության կիրառմամբ, ինչպես նաեւ պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»:

Հոդված 25. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու եւ ընդունումը մերժելու դեպքերի, վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:»:

Հոդված 26. Օրենսգրքի 377-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «երեք ամսվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով.

2) 2-րդ մասի «երկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «տասնհինգօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու եւ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու դեպքերի, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:»:

Հոդված 28. Օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հարուցված քաղաքացիական գործերով դատական ակտերի հրապարակման կարգի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կանոնը:»:

Հոդված 29. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի  2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում  2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաեւ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով (այսուհետ` հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

3. Մինչեւ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

4.  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության է ուղարկում հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

5. Սույն օրենքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 23-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:

6. Սույն օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.12.2022
Երեւան
ՀՕ-576-Ն