ՕՐԵՆՔԸ
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 7. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
ԳԼՈՒԽ 8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 10. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
ԳԼՈՒԽ 11. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 12. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԼՈՒԽ 14. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:
Հոդված 2. Արտաքին հետախուզությունը եւ արտաքին հետախուզական գործունեությունը
1. Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը:
2. Արտաքին հետախուզական գործունեությունն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող գործունեություն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության եւ պետության պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն եւ մշակելուն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության եւ կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն:
Հոդված 3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից՝ Ծառայությունից՝ կենտրոնական, հատուկ նշանակության եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններից (պետական կառավարման համակարգի մարմիններում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներից):
ԳԼՈՒԽ 2
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները
1. Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պաշտպանելու, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնիության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
Հոդված 5. Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձեւերն ու միջոցները
1. Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ եւ գաղտնի մեթոդներ, ձեւեր ու միջոցներ:
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավասու են օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց եւ փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային եւ ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ, այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային եւ հետախուզության արդյունքում ստացված այլ տեղեկատվություններ:
3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձեւերի եւ միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:
4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումն իրականացվում է վարչապետի սահմանած կարգով:
Հոդված 6. Հատուկ տեխնիկական միջոցները
1. Արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:
2. Արգելվում են արտաքին հետախուզական ոլորտում գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործումը եւ արտաքին հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:
Հոդված 7. Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվության տրամադրումը
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով:
2. Վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաեւ պետական այլ մարմինների:
3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պատասխանատու են տեղեկատվության ժամանակին տրամադրման, դրա հավաստիության եւ անաչառության համար:
Հոդված 8. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:
2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների եւ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ վերպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա:
ԳԼՈՒԽ 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝
1) Ծառայությունը.
2) պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական ոլորտներում.
3) Ազգային անվտանգության ծառայության հետախուզության ստորաբաժանումը:
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Հոդված 10. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, որոնք համաձայնություն են տվել ցուցաբերելու գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Սույն մասում նշված անձանց հետ պայմանագրային կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատելու հիմքերն ու կարգը, պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է վարչապետը:
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն որպես համագործակցող անձ ներգրավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին, դատախազներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցներին, քրեակատարողական ծառայողներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող արտաքին հետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ քննչական մարմինների եւ այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների:
3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց եւ նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են անցկացվել նրանց պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումներ: Սույն մասում նշված միջոցառումների անցկացումը թույլատրվում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:
Հոդված 11. Ծառայությունը
1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված արտաքին հետախուզության ոլորտում գործող՝ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով եւ այլ համապատասխան իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:
2. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
3. Ծառայությունը բաղկացած է կենտրոնական, հատուկ եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ ուսումնական կենտրոնից:
Հոդված 12. Ծառայության լիազորությունները
1. Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝
1) վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.
2) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձեւերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն.
3) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.
4) իրականացնում է անձնակազմի ծածկագրման եւ դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների եւ կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.
5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.
6) պատրաստում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական եւ տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.
7) ներթափանցում է հետախուզական եւ հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը.
8) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, ռազմարդյունաբերական, գիտատեխնիկական եւ պաշտպանական ներուժի հզորացման՝ պետության անվտանգության ամրապնդման նպատակով.
9) ստանում, մշակում եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա եւ հնարավոր սպառնալիքների նախականխմանը եւ կանխմանն ուղղված միջոցառումներ.
10) ռադիոհաճախականությունների բաշխումը եւ նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաեւ վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս հատուկ կապի այլ տեսակների օգտագործման համար.
11) արտաքին հետախուզական գործունեության համակարգման եւ արդյունքների վերլուծության ու ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական եւ տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ)՝ Ծառայության պետի՝ Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային եւ այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման սահմանված կարգին համապատասխան.
12) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ օգտագործում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաեւ կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի եւ դրա հայտնաբերման միջոցները՝ համարժեք հատուցմամբ.
13) պետական մարմիններ եւ կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների եւ այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումը, նախականխումն ու խափանումը վերապահված են դրանց իրավասությանը.
14) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում՝ առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
15) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, տվյալների շտեմարաններ, վերլուծության, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման եւ այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.
16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում փոխադարձության հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների հետ, փոխգործակցության հիման վրա նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ.
17) Ծառայության աշխատակիցների, ստորաբաժանումների, շինությունների եւ տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների եւ կազմակերպությունների փաստաթղթերը, միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.
18) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների համաձայնությամբ կարող է օգտագործել վերջիններիս հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ եւ այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցներ.
19) իրականացնում է փաստաթղթերի քողարկում Ծառայության եւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատակիցների եւ կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում եւ (կամ) պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.
20) համագործակցում է արտաքին հետախուզական եւ հակահետախուզական, ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների հետ.
21) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.
22) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված՝ օրենքով պահպանվող գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.
23) համագործակցում է այլ պետությունների հետախուզական եւ հակահետախուզական ծառայությունների հետ.
24) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցում է պետական մարմինների հետ արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս.
25) իրականացնում է իր աշխատակիցների, միջոցների (տեխնիկական, տրանսպորտային, կապի եւ այլ միջոցներ, տեղեկատվական եւ այլ համակարգեր, շենքեր ու շինություններ) եւ տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից եւ սպառնալիքներից՝ Ծառայության պետի սահմանած կարգով.
26) Ծառայության գործունեության նպատակների համար ստեղծում է կազմակերպություններ.
27) ստուգում, հսկողություն, վերահսկողություն եւ հաշվեքննություն իրականացնող մարմիններին տեղեկատվություն տրամադրում է վարչապետի հանձնարարությամբ, սակայն այդ տեղեկատվությունը չի կարող վերաբերել Ծառայությանն աջակցություն ցուցաբերող եւ ցուցաբերած անձանց, օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված ուժերին, միջոցներին եւ հետախուզական գործունեության մեթոդներին.
28) իր գործունեության իրականացման համար կարող է ձեռք բերել, մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման եւ կապի համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պաշտպանության եւ արտահոսքի կանխման հատուկ միջոցներ.
29) իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին եւ (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Տեղեկատվական համակարգերի եւ տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը:
2. Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության եւ որակավորման բարձրացման նպատակով համապատասխան ուսումնական կենտրոն, գիտահետազոտական կազմակերպություններ եւ արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում:
Հոդված 13. Զենքի, հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառումը
1. Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառելու:
Հոդված 14. Ծառայության կառուցվածքը
1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով եւ Ծառայության կանոնադրությամբ:
2. Ծառայության կառուցվածքի, անձնակազմի քանակի, հաստիքացուցակի եւ անվանացանկի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք:
3. Ծառայության կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:
Հոդված 15. Ծառայության պետը
1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է վարչապետին:
2. Ծառայության պետը՝
1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.
2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
3) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգեւներով պարգեւատրելու նպատակով.
4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը եւ հանձնարարականները.
5) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը եւ ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.
7) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, ինչպես նաեւ Ծառայության կառուցվածքային փոփոխությունների եւ վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.
8) ձեւավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
9) ընդունում է անհատական եւ ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.
10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
11) կարող է դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով.
12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.
13) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ օրենքով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 6
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ
Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները
1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) ծառայության գլխավոր պաշտոններ.
3) ծառայության ավագ պաշտոններ.
4) ծառայության միջին պաշտոններ.
5) ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը:
4. Ծառայության կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումները եւ դրանց ստորին ու վերին սահմաններն ու շնորհման կարգը սահմանում է վարչապետը:
5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաեւ պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 17. Ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջները
1. Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն 18 տարին լրացած, գործունակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝
1) տիրապետում է հայերենին.
2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները:
2. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաեւ ազգային անվտանգության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում եւ պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
4. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված եւ այլ պահանջները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման, Ծառայության ծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխման, այլ պետական մարմիններ գործուղման, կադրերի ռեզերվում ընդգրկման պայմաններն ու կարգերը սահմանում է վարչապետը:
5. Քաղաքացին Ծառայությունում ծառայության չի կարող անցնել, եթե՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումը.
4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.
6) նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
7) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
8) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի կամ ունի (ունեցել է) այլ պետությունում կացության կարգավիճակ, բացառությամբ ուսման, բուժման, ընտանեկան հանգամանքների բերումով տրամադրված կացության կարգավիճակի:
Հոդված 18. Ծառայությունում ընդգրկված լինելու տարիքային սահմանափակումները
1. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
2. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երկու տարով, իսկ Ծառայության ուսումնական կենտրոնի դասախոսական կազմինը՝ մինչեւ հինգ տարով:
Հոդված 19. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը
1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
3. Ծառայության ծառայողների բարձրագույն խմբի՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում չնշված, ինչպես նաեւ գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը:
4. Սույն հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից միաժամանակ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան կոչում, եթե տվյալ անձը չունի նախատեսված կոչումից բարձր կոչում:
Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը եւ վերապատրաստումը
1. Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:
2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
3. Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը եւ արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման եւ վերահսկման, ինչպես նաեւ հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական եւ հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է վարչապետը:
4. Մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով մասնակցում են վերապատրաստումների:
Հոդված 21. Ծառայության ծառայողների կադրերի ռեզերվը
1. Ծառայության ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության կամ դրա ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները Ծառայության ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:
3. Ծառայության ծառայողների՝ կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքի լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ մինչեւ երկարաձգված ժամկետի լրանալը:
4. Եթե Ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձը, իր դիմումի համաձայն, հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:
5. Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Ծառայության ծառայողի դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:
6. Սույն օրենքի հիման վրա Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է վարչապետը:
Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը
1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն:
2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
3. Ուսումնական կենտրոն ընդունելության, ուսումնական կենտրոն ընդունվելիս համապատասխան պայմանագիր կնքելու, ուսումնական կենտրոնն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի եւ ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու (այդ թվում՝ ուսման ծախսերի փոխհատուցման) հետ կապված հարցերը կարգավորվում են վարչապետի սահմանած կարգով:
4. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝
1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը.
3) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:
5. Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
ԳԼՈՒԽ 8
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 23. Ծառայության ծառայողների կոչումները
1. Ծառայության ծառայողների համար սահմանվում են հետեւյալ կոչումները.
1) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-գնդապետ.
2) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ.
3) արտաքին հետախուզության ծառայության գեներալ-մայոր.
4) արտաքին հետախուզության ծառայության գնդապետ.
5) արտաքին հետախուզության ծառայության փոխգնդապետ.
6) արտաքին հետախուզության ծառայության մայոր.
7) արտաքին հետախուզության ծառայության կապիտան.
8) արտաքին հետախուզության ծառայության ավագ լեյտենանտ.
9) արտաքին հետախուզության ծառայության լեյտենանտ.
10) արտաքին հետախուզության ծառայության ավագ ենթասպա.
11) արտաքին հետախուզության ծառայության ենթասպա:
2. Ծառայության ծառայողներին կոչումներ շնորհելու ընդհանուր պայմանները, այդ թվում՝ հերթական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու եւ վերականգնելու եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ սահմանում է վարչապետը:
ԳԼՈՒԽ 9
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՏԱԺԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ
Հոդված 24. Արտաքին հետախուզության ծառայության ստաժը
1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների ծառայողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջները բավարարող այլ անձանց Ծառայության համապատասխան ստորաբաժանումներում պաշտոնի նշանակելիս համապատասխան (նախկին) մարմիններում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ստաժում:
Հոդված 25. Ծառայության ծառայողի անձնական գործը
1. Ծառայության ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է Ծառայության պետը:
Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը եւ ծառայողական վկայականը
1. Ծառայության ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է վարչապետը:
2. Ծառայության ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու եւ կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:
Հոդված 27. Ծառայության տարբերանշանը եւ կնիքը
1. Ծառայությունն ունի տարբերանշան, որի ձեւը հաստատում է վարչապետը:
2. Ծառայությունն ունի իր տարբերանշանի պատկերով կնիք:
ԳԼՈՒԽ 10
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 28. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը
1. Ծառայության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) Ծառայության վրա դրված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
4) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ծառայության ծառայողին օրական ութ ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում:
Հոդված 29. Ծառայության ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին
1. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Ծառայության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին:
2. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին ծառայության համար տրվում է հավելում՝ Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
3. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին, ինչպես նաեւ արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:
Հոդված 30. Հերթապահության ժամանակը
1. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:
Հոդված 31. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները
1. Ծառայության ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են՝
1) ամենամյա նվազագույն արձակուրդ.
2) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
3) ուսումնական արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
2. Ծառայության կին ծառայողներին տրվում է նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում եւ 2-րդ մասում նշված արձակուրդները ծառայողի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդում չեն հաշվվում:
4. Ծառայության ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է վարչապետը:
Հոդված 32. Ծառայության ծառայողների արձակուրդը
1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի իրավունք:
2. Ծառայության ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի տեւողությունը՝ չորս աշխատանքային օր:
3. Ծառայության ծառայողին ամենամյա նվազագույն եւ (կամ) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է այնպես, որ այն չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությունը:
4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Ծառայության ծառայողին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:
ԳԼՈՒԽ 11
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Ծառայության ծառայողների խրախուսումը
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով պարգեւատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.
5) մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.
6) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը Ծառայության ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
3. Ծառայության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
4. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայության ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
5. Ծառայությունը թողարկում է գերատեսչական մեդալներ եւ կրծքանշաններ, որոնց տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը:
Հոդված 34. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները եւ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
6) ծառայության դադարեցում:
3. Ծառայության ծառայողի նկատմամբ կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
4. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
Հոդված 35. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե մեկ տարուց ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները: Ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին Ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
6. Ծառայողական քննության ժամանակահատվածում Ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում Ծառայության ծառայողի վարձատրությունը պահպանվում է:
7. Ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:
8. Կարգապահական տույժի ենթարկված Ծառայության ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից:
Հոդված 36. Ծառայողական քննությունը
1. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը եւ անցկացման եղանակը:
2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կարող է կասեցնել Ծառայության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով Ծառայության ծառայողի վարձատրությունը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է վարչապետը:
ԳԼՈՒԽ 12
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 37. Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելը
1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝
1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
3) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.
4) իրենց դիմումի համաձայն.
5) ծառայությունը դադարեցվելու դեպքում:
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Հոդված 38. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը
1. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցվում է՝
1) տարիքի կապակցությամբ՝ Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու եւ սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում.
3) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
4) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.
5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
6) ծառայողական անհամապատասխանության պատճառով՝ ատեստավորման կարգով.
7) այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք խոչընդոտ են հանդիսանում հետագա ծառայության համար.
8) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում.
9) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
10) մահվան դեպքում.
11) առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում:
2. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Ծառայությունը դադարեցված ծառայողը ծառայությունը դադարեցվելու օրն ստանում է վերջնահաշվարկ:
ԳԼՈՒԽ 13
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 39. Ծառայության ծառայողների վարձատրությունը
1. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
Հոդված 40. Ծառայությունը դադարեցված ծառայողներին տրվող վերջնահաշվարկը եւ կենսաթոշակի ապահովումը
1. Ծառայությունը դադարեցված ծառայողը ծառայությունը դադարեցվելու օրն ստանում է վերջնահաշվարկ: Ծառայությունը դադարեցված ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 41. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը եւ սոցիալական երաշխիքները
1. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:
2. Ծառայության ծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները պետության պաշտպանության ներքո են: Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայության ծառայողն անվտանգությունն ապահովելու նպատակով իրավունք ունի դիմելու Ծառայության պետին:
3. Սույն հոդվածում նշված անձանց սոցիալական երաշխիքների տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:
Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝
1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.
2) լինելու Ազգային ժողովի պատգամավոր, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
4) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու Ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինելու որեւէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, ստեղծելու կուսակցություններ, մասնակցելու հավաքների.
9) պաշտոնական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
10) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:
2. Ծառայությունում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Ծառայության ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման: Ծառայության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ եւ պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունը դադարեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական կամ ծառայողական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
5. Ծառայության ծառայողներին պետական եւ ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Ծառայության ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն Ծառայության պետի թույլտվությամբ:
Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը եւ այլ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:
3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի քանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը եւ կառուցվածքը:
4. Ծառայության պետը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված եւ այլ պահանջներ:
5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմնի կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմինը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:
Հոդված 44. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը
1. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց տասներկու ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.12.2022
Երեւան
ՀՕ-600-Ն