Armenian      
Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.07.2023
Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.7-րդ հոդվածով.

«Հոդված 2.7. Հաստատել 2023 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր ծրագիր)՝ համաձայն 8-րդ հավելվածի:»:

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.9-րդ կետով.

«6.9. 2023 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն մ3 : 2023 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցողի) առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ՝ Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ՝ Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ հավելվածով՝ «2023 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):


Հավելված 8
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. 2023 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) մշակված է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

2. Ծրագիրը նպատակաուղղված է 2023 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3. «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3 : Ջրբացթողումներն իրականացվում են Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված չափաքանակի շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

4. Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ, ջրօգտագործողների ներկայացրած ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածքների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազ. հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում կկազմի շուրջ 445,3 մլն մ3 :

5. Հարկ է նշել, որ 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմում է 382,8 մլն մ3 , որը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է 224,3 մլն մ3 -ով (607,1 մլն մ3 - 382,8 մլն մ3 = 224,3 մլն մ3 ):

6. Տեւական շոգ եւ չոր եղանակով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից կատարվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ (նախորդ տարվա համեմատ՝ 20 օր շուտ):

7. Հարկ է նշել, որ Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2023 թվականի ապրիլ եւ մայիս ամիսներին դիտվել է համապատասխանաբար 6,86 մ3 /վրկ եւ 9,52 մ3 /վրկ այն դեպքում, երբ նույն ցուցանիշները 2022 թվականին կազմել են համապատասխանաբար 15,8 մ3 /վրկ եւ 23,2 մ3 /վրկ:

8. 2023 թվականի հավանական սակավաջրության պայմաններում ոռոգման բնականոն ջրամատակարարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած կանխատեսումը, վերը նշված հողատարածքները սնող ջրաղբյուրների ջրառաջարկը հունիսի 1-ի դրությամբ կազմում է՝

Հրազդան գետ+Մարմարիկի ջրամբարից՝ շուրջ 112,3 մլն մ3 ,

Ազատի ջրամբարից՝ շուրջ 20 մլն մ3 ,

Ապարանի ջրամբարից՝ շուրջ 0 մլն մ3 ,

Սեւանա լճից՝ շուրջ 146 մլն մ3 ,

Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայանների առավելագույն հզորության գործարկմամբ՝ շուրջ 45,6 մլն մ3 :

Ընդամենը՝ շուրջ 323,9 մլն մ3 ,

Դեֆիցիտը՝ շուրջ 121,4 մլն մ3 :

9. Նշված դեֆիցիտը հնարավոր է մեղմել հրատապ միջոցառումների շնորհիվ լրացուցիչ մեխանիկական ջրարտադրությամբ՝ շուրջ 51,4 մլն մ3 , եւ Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչեւ 70 մլն մ3 :

10. Միաժամանակ Սեւանա լճից հունիսի 5-ի դրությամբ 2022 թվականին բաց է թողնվել 1.028 մլն մ3 , 2023 թվականին՝ 28.334 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 123,138 մլն մ3 եւ 63,880 մլն մ3 ջուր:

3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11. Ծրագրի հիմնական նպատակն է Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

12. Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված՝ ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչեւ 240 մլն մ3 :

13. Լճից մինչեւ լրացուցիչ 70 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաեւ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրելու եւս շուրջ 44 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա (համաձայն 2021 թվականին կատարված հաշվարկների): Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի եւ կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14. Ծրագրի կատարումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,

2) ոռոգում կատարող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով եւ էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձեւավորում:

5. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

15. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է կատարվի Կառավարության համապատասխան որոշումներով՝ ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

16. Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

17. Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի քանակի եւ դրա հետ կապված վճարումների վերաբերյալ:

18. Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն եւ Ազգային ժողով:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

31.07.2023
ՀՕ-254-Ն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

31.07.2023
Երեւան
ՀՕ-254-Ն