Armenian      
Պետական գույքի կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23) հաստատում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական եւ սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ կետով.

«28) մշակում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական եւ սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական եւ այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) եւ անշարժ գույքը (բացառությամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ հողամասերը, միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, մարզպետի աշխատակազմին, պետական մարմինների եւ մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առեւտրային եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` այն կազմակերպություններին եւ հիմնադրամներին, որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ կազմակերպություններին եւ հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` այն իրավաբանական անձանց, որոնց հիմնադրի, ինչպես նաեւ լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երեւանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.11.2023
Երեւան
ՀՕ-326-Ն