Armenian      
Քաղաքացիության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2023
Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եւ կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2.   Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հոդված  3.   Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4.  Օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «քաղաքացիությունը դադարեցնելու համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 4-րդ գլխով» բառերով:

Հոդված 5.   Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով եւ կարգով:»:

Հոդված  6.   Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8.1-ին մասով.

«8.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունն oրինականացնելու համար կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից:»:

Հոդված 7.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-408-Ն