Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.04.2000
  • Գլուխ I      Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման պետական կառավարումը
  • Գլուխ III  Կենդանական աշխարհի ուսումնասիրությունը
  • Գլուխ IV  Կենդանական աշխարհի պահպանությունը եւ պաշտպանությունը
  • Գլուխ V   Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը
  • Գլուխ VI  Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ VII Կենդանական աշխարհի մասին օրենսդրությունը  խախտելու համար պատասխանատվությունը
  • Գլուխ VIII Միջազգային պարտավորությունները
  • Գլուխ IX  Անցումային դրույթներ
     

     Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարեւոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության եւ ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է:

    Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման պետական քաղաքականությունը:


    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    անազատ պայմաններում ապրող կենդանի՝ կենդանական աշխարհի վայրի տեսակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմանններում, եւ որոնց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով.

    անհետացող կենդանական տեսակ ՝ հազվագյուտ կենդանական տեսակ, որի առանձնյակների քանակը ժամանակի ընթացքում շարունակաբար կրճատվում է.

    էկոհամակարգ՝ կենդանի տեսակների (բույսերի, կենդանիների եւ միկրոօրգանիզմների) եւ դրանց գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականություն.

    կենդանաբանական հավաքածու՝ հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող եւ պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների եւ պրեպարատների հավաքածուներ.

    կենդանական աշխարհ՝ կենդանիների (անողնաշարավոր եւ ողնաշարավոր) վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականություն.

    կենդանական աշխարհի գենոֆոնդ՝ կենդանական տեսակի (տեսակների) ժառանգականության եւ դրա դրսեւորումների ամբողջականություն.

    կենդանական աշխարհի կադաստր՝ կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական եւ որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային եւ տնտեսական արժեքների, աշխարհագրական եւ վարչատարածքային տարածվածության, պաշարների եւ օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.

    կենդանական աշխարհի պաշարներ՝ աշխարհագրական որոշակի տարածքում առկա կենդանական տեսակների եւ համակեցությունների օգտագործման ենթակա քանակ.

    կենդանական աշխարհի օբյեկտ՝ կենդանիների վայրի տեսակներ, դրանց արգասիքներ, համակեցություններ, բնակության միջավայրեր, միգրացիայի ուղիներ եւ բնադրավայրեր.

    կենդանիների միգրացիայի ուղի՝ ցամաքային, օդային, ջրային ուղիներ, որոնցով իրականացվում են կենդանիների կանոնավոր, պարբերական եւ ոչ պարբերական զանգվածային տեղաշարժերը՝ պայմանավորված գոյության պայմանների փոփոխությամբ կամ կապված դրանց զարգացման ցիկլերի հետ.

    կենդանիների պոպուլյացիա՝ աշխարհագրական որոշակի տարածքում նույն կենդանական տեսակի սեռահասակային խմբերի ամբողջականության գոյակցություն.

    կենդանիների տեսակային բազմազանություն՝ աշխարհագրական որոշակի տարածքում կենդանիների տարբեր տեսակների ամբողջականություն.

    կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա՝ կենդանի օրգանիզմների եւ կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնագավառներում.

    կիսաազատ պայմաններում ապրող կենդանի՝ կենդանական աշխարհի վայրի տեսակներ կամ առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմանններում, եւ որոնց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով.

    հազվագյուտ կենդանական տեսակ՝ աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող կենդանական տեսակ:

    Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը եւ օգտագործումը կարգավորող օրենսդրությունը

    Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

    Հոդված 3. Օրենքի նպատակը

    Սույն օրենքի նպատակն է՝ ա) գենոֆոնդի եւ տեսակային բազմազանության պահպանության, պաշտպանության, բնականոն վերարտադրության ապահովումը. բ) կենդանիների բնակության միջավայրի ամբողջականության խախտման կանխումը. գ) կենդանական տեսակների եւ դրանց պոպուլյացիաների ու համակեցությունների ամբողջականության պահպանությունը. դ) կենդանիների միգրացիայի ուղիների պահպանությունը. ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հարաբերությունների կարգավորումը.

    զ) կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման բնագավառներում օգտագործողների իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների կատարումը:

    Հոդված 4. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման օբյեկտները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության օբյեկտներ են բնական միջավայրում, անազատ եւ կիսաազատ պայմաններում ապրող կենդանիների վայրի տեսակները (անողնաշարավոր եւ ողնաշարավոր), դրանց համակեցությունները, բնակության միջավայրերը, միգրացիայի ուղիները եւ բնադրավայրերը: Կենդանական աշխարհի օգտագործման օբյեկտներ են կենդանիների այն տեսակները եւ դրանց արգասիքները (միսը, մորթին, ոսկորը, կենսագործունեության

    արտադրանքը եւ այլն), որոնք ունեն սննդային, գիտական, դեղագործական, կերային, արդյունաբերական եւ այլ նշանակություն:


    ԳԼՈՒԽ II

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

    Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝ ա) կենդանական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման պետական քաղաքականության իրականացման ապահովումը. բ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) ներկայացումը Ազգային ժողովի հաստատմանը. գ) կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության եւ օգտագործման կարգի սահմանումը. դ) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման վճարների գանձման կարգի սահմանումը. ե) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման եւ իրականացման կարգի սահմանումը. զ) կենդանական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանումը. է) կենդանիների Կարմիր գրքի հաստատումը. ը) միջազգային համագործակցության իրականացումը. թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 6. Լիազորված մարմնի իրավասությունը

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) իրավասությունն է՝ ա) պետական ծրագրերի մշակումը. բ) կենդանական աշխարհի պետական հաշվառման կազմակերպումը եւ իրականացումը. գ) կենդանական աշխարհի կադաստրի վարումը. դ) կենդանական աշխարհի մոնիտորինգի կազմակերպումը եւ իրականացումը. ե) կենդանիների Կարմիր գրքի վարման կարգի սահմանումը եւ դրա վարումը. զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման լիցենզիաներ տալը. է) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը. ը) կենդանական պաշարների օգտագործման նորմատիվների հաստատումը. թ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը.

    ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 7. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունն է՝ ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ իրենց իրավասության սահմաններում դրանք իրականացնելը. բ) կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանն աջակցելը. գ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ) պահպանությանը եւ օգտագործմանն աջակցելը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներն իրականացնելը.

    դ) Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

    Կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    ԳԼՈՒԽ III

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 9. Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրները

    Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են՝ ա) կենդանական աշխարհի վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազայի ստեղծումը. բ) պետական մոնիտորինգի իրականացումը. գ) պետական հաշվառման իրականացումը եւ պետական կադաստրի վարումը. դ) կենդանական աշխարհի պահպանության եւ պաշտպանության ձեւերի ու մեթոդների մշակումը. ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ձեւերի ու մեթոդների մշակումը. զ) հազվագյուտ եւ անհետացող կենդանիների վերարտադրության կազմակերպումը:

    Հոդված 10. Կենդանական աշխարհի ուսումնասիրության իրականացումը

    Կենդանական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են՝

    ա) պետական պատվերով, որը ձեւավորում եւ տեղադրում է լիազորված մարմինը.

    բ) լիազորված մարմնի համաձայնությամբ՝ կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պատվերով:

    Հոդված 11. Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները

    Կենդանական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են՝ ա) գիտահետազոտական հիմնարկները. բ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները. գ) իրավաբանական անձինք.

    դ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:

    Հոդված 12. Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը

    Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության եւ կայուն օգտագործման նորմերի սահմանմանը: Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաեւ դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների եւ էկոհամակարգերի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երեւույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման եւ վերացման նպատակով:

    Հոդված 13. Կենդանական աշխարհի պետական հաշվառումը եւ կադաստրը

    Կենդանական աշխարհի պետական հաշվառման եւ կադաստրի նպատակն է բացահայտել կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական եւ որակական փոփոխությունները: Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ: Դա կարող է իրականացվել նաեւ ըստ անհրաժեշտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

    Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը

    Կենդանիների Կարմիր գիրքըմիջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացող կենդանական տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի եւ պահպանման միջոցառումների մասին: Կենդանիների Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ եւ անհետացող կենդանական տեսակների եւ համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության, օգտագործման եւ գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման եւ իրագործման, ինչպես նաեւ դրանց մասին բնակչությանը իրազեկելու նպատակով: Կենդանիների Կարմիր գրքում գրանցման համար հիմք են ծառայում կենդանական տեսակների քանակի եւ տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման եւ անհետացման վտանգի տվյալները:

    Կենդանիների Կարմիր գիրքը կազմվում է՝ հիմք ընդունելով կենդանական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Դա պարբերաբար վերահրատարակվում է:

    Կենդանիների Կարմիր գրքում կենդանական տեսակների գրանցման եւ դուրսգրման վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը:

    Կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը եւ գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:

    Հոդված 15. Կենդանիների քանակի կարգավորումը

    Բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի եւ ընտանի կենդանիներիհամաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

    Կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումները վնաս չպետք է պատճառեն այլ տեսակներին եւ դրանց ապրելավայրին:

    Թվաքանակի կարգավորման ենթակա կենդանիների տեսակները եւ միջոցառումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ IV

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 16. Կենդանական աշխարհի պահպանության եւ պաշտպանության խնդիրները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության եւ պաշտպանության խնդիրներն են` ա) ապահովել կենդանական աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականության պահպանությունը. բ) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը. գ) կենդանական աշխարհի օբյեկտները տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը. դ) ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.

    ե) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների եւ դրանց արգասիքների ապօրինի ներմուծումը եւ արտահանումը. զ) պաշտպանել կենդանական աշխարհի օբյեկտները հիվանդություններից եւ բնական աղետներից:

    Հոդված 17. Կենդանական աշխարհի պահպանության իրավական միջոցները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության: Կենդանական աշխարհի օբյեկտների եւ դրանց ապրելավայրերի անվտանգության, ինչպես նաեւ կենդանիների կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալական եւ այլ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 18. Կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով՝ ա) կազմվում է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը, որը կազմելու եւ վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5, 6 եւ 14 հոդվածներին համապատասխան.

    բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

    Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի

    Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

    Հոդված 19. Կենդանական աշխարհի պաշտպանությունը

    Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է՝ ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը եւ սելեկցիոն նպատակներով օգտագործումը. բ) պարարտանյութերի եւ թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը. գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձեւափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը. դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումը:

    Հոդված 20. Կենդանաբանական հավաքածուները

    Գիտական, մշակութային, գեղագիտական արժեք ունեցող կենդանաբանական հավաքածուները (ուսումնական հաստատությունների, թանգարանների, գիտական ինստիտուտների ֆոնդային եւ ֆիզիկական անձանց հավաքածուները, կենդանաբանական այգիների կենդանի հավաքածուները, ինչպես նաեւ առանձին նմուշները), անկախ սեփականության ձեւից, ենթակա են պահպանության: Կենդանաբանական հավաքածուների եւ առանձին նմուշների պահպանության, հաշվառման, համալրման, առեւտրի , ներմուծման եւ արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 21. Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների եւ առանձին նմուշների ներմուծումը, արտահանումը ու կենդանիների վերաբնակեցումը

    Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումը եւ դրանց պահումը անազատ պայմաններում կամ վերաբնակեցումը ազատ պայմաններում իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը եւ ներմուծումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


    ԳԼՈՒԽ V

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

    Հոդված 22. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողները

    Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործողներն են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

    Հոդված 23. Կենդանական աշխարհի օգտագործման տեսակները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են՝ ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, հողառաջացում). բ) արդյունագործական նպատակներով (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում՝ կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք եւ մթերում). գ) սոցիալական, բնապահպանական եւ գեղագիտական նպատակներով. դ) գիտահետազոտական եւ կրթական նպատակներով:

    Հոդված 24. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը

    գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակներով վճարովի է:

    Օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի տված լիցենզիաների եւ պայմանագրերի հիման վրա:

    Լիցենզիաներ տալու եւ պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 25. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս եւ ձկնորսություն, ձկնորսության եւ որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է:

    Օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 26. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական եւ կրթական նպատակներով

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական եւ կրթական նպատակներով (բնակավայրից հանելու եւ չհանելու պայմանով) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 27. Հայաստանի ՀանրապետությանԿարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը

    Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, արհեստական եւ բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

    Հոդված 28. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի իրավունքները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողն իրավունք ունի՝

    ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.

    բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը եւ տնօրինել եկամուտները.

    գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:

    Հոդված 29. Կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի պարտականությունները

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է՝

    ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.

    բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.

    գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.

    դ) կատարել պայմանագրային պարտականությունները.

    ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության եւ պաշտպանության նպատակով.

    զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման եւ մոնիտորինգի իրականացման համար.

    է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.

    ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.

    թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետեւանքով պատճառված վնասը:

    Հոդված 30. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքի դադարումը

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքը դադարում է՝

    ա) սույն օրենքի 29 հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

    բ) կենդանական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

    գ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.

    դ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործող ձեռնարկության կամ կազմակերպության լուծարման դեպքում.

    ե) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.

    զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

    Հոդված 31. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման տնտեսական խթանումը

    Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի արդյունավետ պահպանությունը եւ շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների նկատմամբ կիրառում է տնտեսական խթանման հետեւյալ միջոցները՝

    ա) բյուջետային հատկացումներ՝ կենդանական աշխարհի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).

    բ) բյուջետային հատկացումներ՝ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.

    գ) բյուջետային հատկացումներ՝ էկոլոգիապես մաքուր կենդանական հումքի մթերման եւ կենդանական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ եւ մեթոդներ ներդնելու նպատակով:

    ԳԼՈՒԽ VI

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 32. Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի իրավունքները եւ պարտականությունները

    Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձ է համարվում լիազորված մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը:

    Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի՝

    ա) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել միջոցառումներ բնապահպանական նորմերի խախտման, տույժերի իրականացման եւ հասցված վնասի վերականգնման համար.

    բ) կրել սահմանված կարգով համազգեստ.

    գ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Կենդանական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է կենդանական աշխարհի պահպանության, օգտագործման եւ վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց:

    ԳԼՈՒԽ VII

    ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 33. Կենդանական աշխարհի մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

    Կենդանական աշխարհի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
     


    ԳԼՈՒԽ VIII

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 34. Միջազգային պայմանագրերը

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
     


    ԳԼՈՒԽ IX

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 35. Նախորդ օրենքի ուժը կորցնելը

    Սույն օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է համարվում 1981 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀԽՍՀ կենդանական աշխարհի պահպանության մասին» օրենքը:

    Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    3 մայիսի 2000թ.
    ՀՕ-52
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     


  • 23.10.2002 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
    30.04.2008 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    02.02.2010 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    06.10.2011 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    26.03.2014 «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին