Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.1998


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային վճարի հասկացությունը, վճարողների շրջանակը, վճարի տեսակները, դրույքաչափերը, հաշվարկման եւ գանձման կարգը, կարգավորում է ճանապարհային վճարի հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Ճանապարհային վճարի հասկացությունը

Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Հոդված 3. Ճանապարհային վճար վճարողները

Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հոդված 4. Ճանապարհային վճարի տեսակները

Ճանապարհային վճարի տեսակներն են՝

ա) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը.

բ) ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճարը.

գ) մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճարը.

դ) ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը:

ԳԼՈՒԽ II

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 5. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի դրույքաչափերը

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետեւյալ ամսական դրույքաչափերով`
 
 
1. Թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղով) ավտոմեքենաների համար
10,000 դրամ
2. Ավտոբուսների համար   
ա) մինչեւ 13 նստատեղով
20,000 դրամ 
բ) 13-ից մինչեւ 30 նստատեղով
40,000 դրամ 
գ) 30 եւ ավելի նստատեղով
60,000 դրամ 
3. Բեռնատար ավտոմեքենաների եւ ավտոգնացքների համար   
ա) մինչեւ 1.5 տոննա բեռնատարողությամբ
15,000 դրամ 
բ) 1.5-ից մինչեւ 3 տոննա բեռնատարողությամբ
25,000 դրամ 
գ) 3-ից մինչեւ 5 տոննա բեռնատարողությամբ
40,000 դրամ
դ) 5-ից մինչեւ 10 տոննա բեռնատարողությամբ
65,000 դրամ 
ե) 10-ից մինչեւ 20 տոննա բեռնատարողությամբ
80,000 դրամ
զ) 20-ից մինչեւ 36 տոննա բեռնատարողությամբ
110,000 դրամ 
է) 36 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ
150,000 դրամ 

 Հոդված 6. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարի դրույքաչափերը

1. Սույն օրենքի իմաստով՝ ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետեւյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`

- ընդհանուր զանգվածը` 36 տոննա

- մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննա

- երկու սռնիով կամրջակի բեռնվածքը՝ 18 տոննա

- երեք սռնիով կամրջակի բեռնվածքը՝ 22 տոննա:

Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարեւան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:

2. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի եւ սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սույն հոդվածում սահմանված դրույքաչափերի գումարի եւ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով:

3. 36 եւ ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝
 
 
տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը
դրույքաչափը 
36-ից մինչեւ 40 տոննա
110 դրամ
40-ից մինչեւ 45 տոննա
130 դրամ 
45-ից մինչեւ 50 տոննա
155 դրամ 
50-ից մինչեւ 55 տոննա
175 դրամ 
55-ից մինչեւ 60 տոննա
220 դրամ 
60-ից մինչեւ 65 տոննա
265 դրամ 
65-ից մինչեւ 70 տոննա
310 դրամ 
70-ից մինչեւ 75 տոննա
375 դրամ 
75-ից մինչեւ 80 տոննա
440 դրամ
80-ից մինչեւ 85 տոննա
550 դրամ 
85-ից մինչեւ 90 տոննա
770 դրամ
90-ից մինչեւ 95 տոննա
1,100 դրամ 
95-ից մինչեւ 100 տոննա
1,540 դրամ
100 եւ ավելի տոննա
1540 դրամ գումարած՝ 100 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար 88 դրամ 

4. Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝
 
 
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը
դրույքաչափը 
10-ից մինչեւ 10.5 տոննա
45 դրամ 
10.5-ից մինչեւ 11.0 տոննա
 110 դրամ 
11.0-ից մինչեւ 11.5 տոննա
175 դրամ 
11.5-ից մինչեւ 12.0 տոննա
265 դրամ
12.0-ից մինչեւ 12.5 տոննա
375 դրամ 
12.5-ից մինչեւ 13.0 տոննա
530 դրամ 
13.0-ից մինչեւ 13.5 տոննա
 770 դրամ 
13.5-ից մինչեւ 14.0 տոննա
 1,100 դրամ 
14.0-ից մինչեւ 14.5 տոննա
1,430 դրամ
14.5-ից մինչեւ 15.0 տոննա
1,760 դրամ
15.0-ից մինչեւ 15.5 տոննա
2,100 դրամ 
15.5-ից մինչեւ 16.0 տոննա
2,400 դրամ 
16.0 եւ ավելի տոննա
2,400 դրամ գումարած՝ 16 տոննան գերազանցող յուրաքանչյուր կես տոննայի համար 45 դրամ 

5. Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝
 
 
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը
դրույքաչափը 
18-ից մինչեւ 19 տոննա
265 դրամ
19-ից մինչեւ 20 տոննա
380 դրամ
20-ից մինչեւ 21 տոննա
430 դրամ
21-ից մինչեւ 22 տոննա
 700 դրամ
22-ից մինչեւ 23 տոննա
925 դրամ 
23-ից մինչեւ 24 տոննա
1,190 դրամ
24-ից մինչեւ 25 տոննա
1,540 դրամ 
25-ից մինչեւ 26 տոննա
1,950 դրամ 
26 եւ ավելի տոննա
1,950 դրամ գումարած՝ 26 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար 55 դրամ 

 6. Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետեւյալ դրույքաչափերով՝
 
 
 երեք սռնիով կամրջակի բեռնվածքը
դրույքաչափը
22.0-ից մինչեւ 22.5 տոննա
90 դրամ 
22.5-ից մինչեւ 23.0 տոննա
110 դրամ 
23.0-ից մինչեւ 24.0 տոննա
 175 դրամ
24.0-ից մինչեւ 25.0 տոննա
265 դրամ 
25.0-ից մինչեւ 26.0 տոննա
395 դրամ 
26.0-ից մինչեւ 27.0 տոննա
550 դրամ
27.0-ից մինչեւ 28.0 տոննա
 705 դրամ 
28.0-ից մինչեւ 29.0 տոննա
880 դրամ 
29.0-ից մինչեւ 30.0 տոննա
1080 դրամ 
30.0-ից մինչեւ 31.0 տոննա
 1300 դրամ 
31.0-ից մինչեւ 32.0 տոննա
1540 դրամ 
32.0-ից մինչեւ 33.0 տոննա
1805 դրամ 
33.0-ից մինչեւ 34.0 տոննա
2135 դրամ
34.0-ից մինչեւ 35.0 տոննա
2650 դրամ
35.0 եւ ավելի տոննա
2650 դրամ գումարած՝ 35 տոննան գերազանցող յուրաքանչյուր տոննայի համար 55 դրամ 

Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարի դրույքաչափերը

1. Սույն օրենքի իմաստով՝ մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց եզրաչափերից առնվազն մեկը (ներառյալ՝ բեռի չափերը) գերազանցում է`

- բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4 մետրը.

- լայնությունը` 2,5 մետրը.

- երկարությունը` մեկ կցորդի (կիսակցորդի) դեպքում՝ 20 մետրը, երկու եւ ավելի կցորդների դեպքում` 24 մետրը։

Մեծ եզրաչափերով են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց բեռը դուրս է գալիս տրանսպորտային միջոցի հետին եզրագծից 2,5 մետրից ավելի:

2. Մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկության համար վճարն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով յուրաքանչյուր տասը կիլոմետր տեղափոխելու համար սահմանվում է 110 դրամ:

Հոդված 8. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի դրույքաչափերը

Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով՝

ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 դրամ.

բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 7500 դրամ:

ԳԼՈՒԽ III

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան եւ պետական բյուջե է մուծվում այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:

2. Մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար՝ սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում երեսունից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր՝ հաջորդ երեսուն օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում եւ պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո հինգ օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ստուգում են սույն հոդվածին համապատասխան հաշվարկված՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծումը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի եւ դրա վճարումն ուշացնելու համար սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը գանձվում է յուրաքանչյուր երթի համար:

2. Ներհանրապետական փոխադրումների դեպքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար վճարը գանձվում է մինչեւ փոխադրումների իրականացումը:

3. Վճար վճարողը վճարի հաշվարկն իրականացնում է` ելնելով ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռնվածքից, եզրաչափերից եւ ճանապարհներով տեղափոխելու հեռավորությունից:

4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար վճարը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները՝ տալով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար կատարված հաշվարկը ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` մաքսային ձեւակերպումների ժամանակ: Հաշվարկների անճշտության դեպքում առաջացած տարբերությունը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան եւ յուրաքանչյուր եռամսյակ պետական բյուջե է մուծվում տարեկան գումարի մեկ քառորդի չափով:

2. Տարվա ընթացքում նոր գովազդ տեղադրելու դեպքում վճարի գումարը նվազեցվում է տարվա անցած օրերին համամասնական գումարի չափով, իսկ վճարման ենթակա գումարը պետական բյուջե է մուծվում տարվա մնացած եռամսյակներում՝ հավասար չափերով:

Հոդված 12. Ճանապարհային վճարի վճարման ժամկետները

1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են մեկ ամսից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար յուրաքանչյուր լրացուցիչ 30 օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում՝ սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

2. Ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճարը վճարվում է մինչեւ երթուղի դուրս գալը:

3. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչեւ այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:

Հոդված 13. Ճանապարհային վճարի վճարման արժույթը

Ճանապարհային վճարը վճարվում է հայկական դրամով եւ (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

Հոդված 14. Ճանապարհային վճարի ավել վճարված գումարի վերադարձը

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վճարողի դիմումի համաձայն վերադարձվում են նրան՝ դիմումը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում:

ԳԼՈՒԽ IV

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Ճանապարհային վճար վճարողների իրավունքները

Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի՝

ա) պահանջել ճանապարհային վճարը գանձող մարմնից կատարելու հաշվարկ, ինչպես նաեւ վերահաշվարկ.

բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ճանապարհային վճարը գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել եւ ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.

դ) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին.

ե) դիմել պետական մարմիններին՝ ճանապարհային վճարի արտոնություն ստանալու համար:

Հոդված 16. Ճանապարհային վճար վճարողների պարտականությունները

Ճանապարհային վճար վճարողը պարտավոր է՝

ա) սույն օրենքով սահմանված դրույքաչափերից ելնելով՝ ինքնուրույն հաշվարկել ճանապարհային վճարի գումարը.

բ) ժամանակին վճարել ճանապարհային վճարը.

գ) անհրաժեշտության դեպքում ճանապարհային վճարը գանձող մարմիններ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկություններ.

դ) ներկայացնել ճանապարհային վճարի գծով արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

ե) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետեւանքով բացահայտված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված ճանապարհային վճարի գումարի չափով ուղղումներ մտցնել հաշվապահական հաշվառման մեջ:

ԳԼՈՒԽ V

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Ճանապարհային վճարի արտոնությունները

Ճանապարհային վճարից ազատվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

գ) վճար վճարողները՝ հեծանիվների, մոպեդների, գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների համար:

Հոդված 18. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի արտոնությունները

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից ազատվում են՝

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմերը՝ իրենց անձնական եւ պաշտոնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական եւ տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողները՝ այդ փոխադրումների համար.

գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ եւ զինվորներ փոխադրող վճար վճարողները՝ այդ փոխադրումների համար.

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերը.

ե) Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող վճար վճարողները` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա:

Հոդված 19. Ճանապարհային վճարի արտոնությունների սահմանումը

Ճանապարհային վճարից ազատման, ինչպես նաեւ վճարի գումարի նվազեցման կամ վճարման ժամկետի հետաձգման այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

ԳԼՈՒԽ VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

2. Վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված վճարի գումարի 0.25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան պակաս մուծված վճարի գումարը:

Հոդված 21. Ճանապարհային վճարի հաշվարկման եւ վճարման նկատմամբ վերահսկողությունը

Ճանապարհային վճարի հաշվարկման եւ վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 22. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության հետ:

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:


Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտանակատար
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Ռ. Քոչարյան

25 մարտի 1998թ.
ՀՕ-203


02.12.2003 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.05.2005 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
23.05.2006 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.04.2007 «Ճանապարհային վճարի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2010 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
22.12.2010 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.11.2014 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.06.2016 «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին