Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.04.2001
Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Սահմանամերձ տարածաշրջանների մասին օրենսդրությունը  

Սահմանամերձ տարածաշրջանների հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով։ 

Հոդված 3. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության ծրագրային հիմունքները  

1. Սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրով (այսուհետ՝ Համալիր ծրագիր):

2. Համալիր ծրագրի նպատակն է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը եւ դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը:

3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում մինչեւ 2001 թվականի հոկտեմբերի 1-ը։ Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։

4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը: Դրանք արտացոլվում են սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագրերում (այսուհետ՝ Տարեկան ծրագիր)։

5. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերում: 

Հոդված 4. Համալիր եւ Տարեկան ծրագրերի բովանդակությունը եւ դրանցմշակման սկզբունքները  

1. Համալիր եւ Տարեկան ծրագրերը ներառում են՝

ա) ծրագրերի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները՝ ըստ սահմանամերձ տարածաշրջանների եւ դրանցում գտնվող բնակավայրերի.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրերի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնայնությունները.

ե) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար։

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաեւ՝

ա) սահմանամերձ տարածաշրջանների ցանկը` ըստ բնակավայրերի.

բ) տեղեկանք սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական իրավիճակի մասին.

գ) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.

դ) անհրաժեշտության դեպքում սահմանամերձ տարածաշրջանների բնակչությանը եւ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող արտոնությունները:

3. Տարեկան ծրագիրը ներառում է նաեւ նախատեսված աշխատանքների ընթացքի եւ սպասվելիք կատարողականի վերլուծությունը։

4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ դրա կատարումն ապահովող օրինագծերը:

5. Համալիր եւ Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների եւ դրանց ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, Համալիր եւ Տարեկան ծրագրերի համադրելիության եւ հաշվետվության սկզբունքների պահպանմամբ։ 

Հոդված 5. Տարեկան ծրագրի եւ դրա կատարման մասին հաշվետվության քննարկման եւ հաստատման կարգը  

1. Տարեկան ծրագիրն Ազգային ժողովը քննարկում է պետական բյուջեի նախագծի հետ։

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն։

3. Տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը քննարկվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ։

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթների շուրջ վերլուծականներ եւ Տարեկան ծրագրի կատարման գնահատականը։

5. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, որի կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը։

6. Տարեկան ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության նպատակով Ազգային ժողովում կազմակերպվում են խորհրդարանական լսումներ՝ ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ։

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը  

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 ապրիլի 2001թ,
ՀՕ-170
 


26.06.2002 «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին