Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների (այսուհետ` տեսչական մարմին) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման եւ գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային եւ մաքսային մարմինների վրա, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի:

Հոդված 2. Տեսչական մարմիննների մասին օրենսդրությունը

1. Տեսչական մարմինների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) տեսչական մարմին՝ վերահսկողություն կամ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով սույն օրենքի հիման վրա ստեղծվող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) առանձնացված ստորաբաժանում, բացառությամբ պետական եւ համայնքային մարմինների (ծառայողների), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անունից հանրային ծառայություններ իրականացնող ոլորտների.

2) շահերի բախում՝ սույն օրենքով սահմանված դեպքեր, երբ տեսչական մարմնում ծառայողի շահերը կարող են հիմք դառնալ իր ծառայողական գործառույթներն իրականացնելիս անկողմնակալության սկզբունքը խախտելու համար.

3) տեսչական մարմնի կառավարման խորհուրդ` տեսչական մարմնի կառավարման համակարգում գործող կոլեգիալ մարմին.

4) տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով.

5) տնտեսավարող սուբյեկտներ` սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տնտեսավարող սուբյեկտները.

6) գործունեության արդյունավետության բնորոշում եւ կատարողականի գնահատում` գործառույթ, որի արդյունքում հավաստվում է, որ տեսչական մարմնի խնդիրներն իրագործվել են, եւ նպատակներն իրականացվել են արդյունավետ եւ պատշաճ, կամ վերհանվում են տեսչական մարմնի գործունեության ընթացքում թույլ տրված բացթողումներն ու դրանց պատճառները.

7) ռիսկ՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական եւ էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունը` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը.

8) ռիսկի գնահատում՝ տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը որոշելու, վերլուծելու եւ գնահատելու ամբողջական գործընթաց՝ հիմնված ռիսկի աստիճանը որոշող չափանիշների եւ չափորոշիչների վրա:

Հոդված 4. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքները

1. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքներն են՝

1) հրապարակայնության սկզբունք` տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված էական վտանգների եւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` անձանց, հասարակության եւ շրջակա միջավայրի անվտանգությունը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ պետության շահերը պաշտպանելու նպատակով.

2) թափանցիկության սկզբունք` տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է կանխատեսելի միջավայր` միասնական սկզբունքներով իրականացնելով վերահսկողության գործառույթները եւ հասանելի դարձնելով դրանք հանրությանը՝ պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած եւ ուժի մեջ մտած ակտերը: Տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրում է անվճար խորհրդատվություն եւ այլ մեթոդական աջակցություն իր իրավասության բնագավառի հարցերի վերաբերյալ՝ օգնելով վերջինիս հասկանալ, թե օրենսդրությամբ նախատեսված ինչ պահանջների պետք է համապատասխանի եւ ինչ միջոցներ պետք է ձեռնարկի իր գործունեությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու համար.

3) hաշվետվողականության սկզբունք` տեսչական մարմինն իր գործունեության համար հաշվետու եւ պատասխանատու է պետության եւ հանրության առաջ.

4) անկողմնակալության սկզբունք` տեսչական մարմնի ծառայողներն իրենց գործառույթներն իրականացնում են օբյեկտիվ եւ անկողմնակալ: Արգելվում է տեսչական մարմնի ծառայողի գործառույթների իրականացումը սույն օրենքով նախատեսված շահերի բախման առկայության դեպքում.

5) ամբողջականության սկզբունք` տեսչական մարմնի գործառույթներն իրականացվում են կանխարգելիչ գործունեության, վերահսկողության եւ հետադարձ կապի միջոցով, որոնք փոխլրացնում են միմյանց` ապահովելով տեսչական մարմնի գործունեության անընդհատությունն ու ամբողջականությունը: Կանխարգելիչ գործունեությունը համարվում է տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց.

6) ըստ ռիսկայնության առաջնորդվելու սկզբունք՝ տեսչական մարմինը ռեսուրսները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները եւ տնտեսավարող սուբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

Հոդված 5. Տեսչական մարմինը

1. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում եւ նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներ:

3. Տեսչական մարմինը ստեղծվում է լիազոր մարմնի կազմում՝ որպես առանձնացված ստորաբաժանում:

4. Տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան պլանով չնախատեսված ստուգումների անցկացման, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված եւ լիազոր մարմնի աշխատակազմի կողմից իրականացվող վարչական գործառույթներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

Հոդված 6. Տեսչական մարմնի լիազորությունները

1. Տեսչական մարմնի լիազորություններն են`

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) համապատասխան ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին սույն օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման եւ վերլուծությունների, ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը եւ վերահսկողական եւ հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

Հոդված 7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը

1. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմված է առնվազն ինն անդամից: Հաշվի առնելով տեսչական մարմնի գործունեության ոլորտի առանձնահատկությունները` տեսչական մարմնի կանոնադրությամբ կարող է սահմանվել Խորհրդի անդամների ավելի մեծ քանակ:

2. Խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, համապատասխան բնագավառի (լիազոր մարմնի բնագավառից տարբերվող) քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա որոշմամբ՝ համապատասխան տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, տեսչական մարմնի իրավասության բնագավառում համապատասխան գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը եւ համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից: Խորհրդում տեսչական մարմինը ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան տեղակալը, որը Խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Խորհրդի կազմում համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ գիտական կազմակերպության ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն: Հայտարարության հիման վրա դիմած թեկնածուներին ներկայացվող ընդհանուր պահանջները եւ թեկնածուներից Խորհրդի անդամներ ընտրելու օրինակելի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմում չներկայացնելու դեպքում տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ է հրավիրում անդամների: Համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպությունները եւ գիտական կազմակերպության ներկայացուցիչները Խորհրդի կազմում ներգրավվում են մինչեւ երեք տարի ժամկետով` նույն ժամկետով մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ:

4. Խորհուրդը նախագահում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա Խորհուրդը ռոտացիոն կարգով նախագահում են այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ:

5. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն երեք ամիսը մեկ: Հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Նիստերի հրավիրման եւ անցկացման կարգը սահմանվում է Խորհրդի աշխատակարգով: Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է Խորհրդի անդամների 2/3-ից ավելին: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հարցերին հավանություն չտալու կամ չհաստատելու դեպքում Խորհուրդը կարող է ընդունել հարցը՝ իր համար ընդունելի տարբերակով, կամ տեսչական մարմնի ղեկավարին տալ հանձնարարականներ` հարցը լրամշակելու եւ կրկին քննարկման ներկայացնելու վերաբերյալ:

6. Խորհրդի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաեւ տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

7. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության եւ իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները եւ վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը եւ հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

8. Խորհրդի նիստերի արձանագրություններն ու Խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

Հոդված 8. Տեսչական մարմնի ղեկավարությունը

1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում եւ նրա նկատմամբ խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ:

2. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ Խորհրդին:

3. Տեսչական մարմնի ղեկավարության ընտրության չափանիշները սահմանվում են տեսչական մարմնի կանոնադրությամբ:

4. Տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված ղեկավար պաշտոններում սահմանված կարգով նշանակումները կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ քաղաքացիական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

5. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում եւ վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջեւ դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները.

3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների եւ խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին եւ լիազոր մարմնի ղեկավարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) լիազոր մարմնի ղեկավարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.

5) լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի հաստիքացուցակը.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր եւ տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության այն պաշտոններում, որոնցում չեն կատարվում նշանակումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, ինչպես նաեւ աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները եւ ցուցումները.

10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաեւ ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

11) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 9. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը

1. Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով) ստեղծվում է տեսչական մարմինների եւ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքների քննության եւ լուծման նպատակով: Բողոքարկման հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է` ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հարկային եւ մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ իր նշանակած անձը, եւ ինն անդամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, ռոտացիոն կարգով՝ բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների երեք ներակայացուցիչ (մեկը՝ սպառողների շահերը ներկայացնող, երկուսը՝ համապատասխան բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների (ընդ որում՝ ռոտացիոն կարգով) համապատասխան ոլորտի ներկայացուցիչ, որը մասնակցում է, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ) եւ համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ, որոնք չեն կարող լինել լիազոր մարմնի կամ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ենթակայությամբ գործող մարմնի կամ կազմակերպության աշխատակից (ընդ որում՝ ռոտացիոն կարգով, համապատասխան գիտական ոլորտի ներկայացուցիչ, որը մասնակցում է, եթե քննվում է այդ ոլորտին առնչվող գործ): Այն դեպքում, երբ բողոք է ներկայացվել տեսչական մարմնի դեմ, որի լիազոր մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի մշտական անդամ է, հանձնաժողովի նախագահը փոխարինում է վերջինիս պետական կառավարման այլ մարմնի ներկայացուցչով: Հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, ինչպես նաեւ հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վարչարարության միասնականությունն ապահովելու նպատակով հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է արդարադատության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր պետական մարմինը: Բողոքարկման հանձնաժողովն իր նիստին անհրաժեշտության դեպքում հրավիրում է քննարկվող հարցին առնչվող մասնագետի: Բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է բողոքարկման հանձնաժողովի առնվազն կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

4. Բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ծանուցվում է նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը եւ (կամ) նրա լիազորած անձը: Դիմում-բողոքները բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում եւ դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 10 օրով, որի մասին դիմումատուն իրազեկվում է երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օրը: Բողոքարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքը ներկայացնողին ուղարկում է դիմում-բողոքի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

5. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձեւը եւ դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 10. Մասնագիտական կարողությունների կառավարումը եւ վերապատրաստումը տեսչական մարմնում

1. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ հաստատում է տեսչական մարմնի ծառայողների վերապատրաստման բազմակողմանի, մանրամասն եւ նպատակաուղղված ռազմավարական տարեկան ծրագիրը՝ համագործակցելով նաեւ համապատասխան ոլորտների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

2. Մասնագիտական կարողությունները եւ դրանց շարունակական կատարելագործումը տեսչական մարմինների աշխատանքի հիմքն են: Մասնագիտական կարողությունները ներառում են՝

1) տեսչական մարմնի ծառայողների հիմնական ունակությունները, մասնավորապես ռիսկերի կառավարումը, փոխհարաբերությունները ոլորտի տնտեսավարող սուբյեկտների եւ հանրության հետ, համապատասխանությունը նշանակված պաշտոններին եւ շփումները.

2) իր իրավասության ոլորտի հետ կապված հատուկ մասնագիտական կարողությունները:

3. Տեսչական մարմնի նոր նշանակված ծառայողների համար անցկացվում են նախնական դասընթացներ, ինչպես նաեւ շարունակական վերապատրաստումներ պաշտոնավարման ամբողջ ընթացքում՝ ապահովելու համար նրանց համապատասխանության եւ մասնագիտական որակավորումների բարձր մակարդակը:

Հոդված 11. Գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները եւ կարգը՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան: Նշված սկզբունքների հիման վրա, հանրային շահերի եւ հանրային անվտանգության պահպանման նպատակով տեսչական մարմնի կանոնադրությամբ հստակ սահմանվում են յուրաքանչյուր տեսչական մարմնի խնդիրներն ու նպատակները:

2. Տեսչական մարմինը պետք է ունենա գործունեության կատարողականի գնահատման մեթոդոլոգիա՝ որպես կատարողականի գնահատման անբաժանելի մաս:

3. Տեսչական մարմինը առնվազն յուրաքանչյուր եռամսյակ պետք է իրականացնի իր գործունեության կատարողականի գնահատում եւ ներկայացնի Խորհրդի հաստատմանը:

4. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում եւ հանրության համար հասանելի այլ միջոցներով հրապարակում է իր եւ իր ծառայողների գործունեության կատարողականի գնահատման չափորոշիչները, դրանց կիրառման հիմնավորումները, դրանց նկատմամբ վերահսկողության ձեւերը, ինչպես նաեւ բարելավման ուղիները:

5. Տեսչական մարմնի կողմից իր գործունեության կատարողականի գնահատման առնվազն հետեւյալ չափորոշիչները հաշվարկվում եւ հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում եւ հանրության համար հասանելի այլ միջոցներով.

1) վերահսկողություն իրականացնող մարմնի գործունեության հիմնական նպատակին հասնելու մակարդակը.

2) ոլորտի առավել ռիսկային բնագավառներում փոփոխությունների առկայությունը.

3) տեսչական մարմնի վերահսկման երեքից հինգ բարձր ռիսկային ոլորտներում իրավիճակի փոփոխությունը.

4) բարձր ռիսկային տնտեսավարող սուբյեկտներում եւ ստուգման օբյեկտներում ստուգումների քանակը՝ ստուգումների ընդհանուր քանակի համեմատությամբ.

5) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված եւ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների քանակական հարաբերակցությունը.

6) ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված ստուգումների միջին տեւողությունը.

7) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների միջին տեւողությունը.

8) ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակի (որոնց շնորհիվ կանխվել է հանրության, շրջակա միջավայրի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային շահերին, պետությանը սպառնացող էական վնաս կամ ռիսկ) հարաբերությունը ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների ընդհանուր քանակին.

9) ռիսկերի գնահատման, պլանավորման եւ վերլուծման համար հատկացված ֆինանսական միջոցները եւ մարդկային ռեսուրսները.

10) խորհրդատվության, մեթոդական աջակցության եւ կանխարգելման միջոցների համար հատկացված ֆինանսական միջոցները եւ մարդկային ռեսուրսները.

11) ըստ առանձին ստուգման հատկացված ֆինանսական միջոցները եւ մարդկային ռեսուրսները.

12) Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացված առաջարկությունների քանակը.

13) տեսչական մարմնի, տեսչական մարմնի աշխատակիցների դեմ բերված դիմում-բողոքների քանակը.

14) ստուգման ենթարկված օբյեկտների բավարարվածության աստիճանը տեսչական մարմնի աշխատանքների անաչառության, ընթացակարգերի թափանցիկության, տրամադրված տեղեկատվության որակի եւ տեսչական մարմնի ծառայողների արհեստավարժության վերաբերյալ:

6. Տեսչական մարմնի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցների քանակը, դրանց չափը կամ պատասխանատվության առաջադրման միջոցները չեն կարող դիտարկվել որպես տեսչական մարմնի կամ դրա ծառայողի գործունեության արդյունավետության բնորոշման եւ կատարողականի գնահատման դրական չափորոշիչ եւ հիմք դառնալ խրախուսանքի, այդ թվում՝ պարգեւատրման համար:

7. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է հետեւյալ տեղեկատվությունը.

1) տեսչական մարմնի ծառայողների տրամադրած խորհրդատվության օգտակարության արձագանքների վերլուծություն.

2) ստուգաթերթերի՝ որպես պահանջներին համապատասխանությանը նպաստող գործիքի արդյունավետության վերաբերյալ արձագանքների վերլուծություն:

8. Տեսչական մարմինը կամ դրա ծառայողը չպետք է որեւէ առավելություն, խրախուսանք (այդ թվում՝ պարգեւատրում) ստանա տնտեսավարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների հաշվին: Պատասխանատվության միջոցների կիրառումից ստացված գումարները չեն կարող որեւէ կերպ տրամադրվել տեսչական մարմնին կամ լիազոր մարմնին:

9. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ Խորհրդի կողմից կարող են սահմանվել տեսչական մարմնի կամ անձի գործունեության արդյունավետության բնորոշման կամ կատարողականի գնահատման հավելյալ չափորոշիչներ:

Հոդված 12. Որակի ապահովումը

1. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեությունն ուղղված է ապահովելու տեսչական մարմնի գործունեության շարունակական կատարելագործումը՝ տեսչական մարմնի կողմից իր նպատակների ու խնդիրների իրականացման եւ սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործման նպատակով:

2. Խորհուրդը հաստատում է տեսչական մարմնի որակի ապահովման ծրագիրը եւ պարբերաբար հետեւում է դրա իրականացմանը:

3. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է Խորհրդին:

4. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում Խորհրդին: Հաշվետվությունների ձեւը, բովանդակությունը եւ ներկայացման հաճախականությունը սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման եւ գործունեության կարգը:

Հոդված 13. Տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը

1. Տեսչական մարմինն իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու եւ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացնում է կանխարգելիչ գործունեություն, որը ներառում է՝

1) տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների, քննարկումների կազմակերպում, ձեռնարկների թողարկում, բուկլետների, տեղեկանքների հրատարակում, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության փոխանցում.

2) տնտեսավարող սուբյեկտների հետ իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցում:

2. Տեսչական մարմինը պարտավոր է իր վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին իր պաշտոնական կայքէջի եւ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ հանդիպումների կազմակերպման միջոցով իրազեկել իրենց գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր ընդունված իրավական ակտերի կամ հրապարակված ուղեցույցների, ինչպես նաեւ դրանցում կատարված փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ:

3. Պաշտոնական կայքէջի կամ զանգվածային լրատվության միջոցով հրապարակվող հայտարարության մեջ նշվում են համապատասխան իրավական ակտի լրիվ անվանումը եւ դրա պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, տեղեկագրի անվանումն ու համարը, ինչպես նաեւ ակտի բովանդակությունն ու կիրառման վերաբերյալ մեկնաբանություններ: Նշված իրազեկումը տեսչական մարմինը պարտավոր է իրականացնել ոչ ուշ, քան այդ ակտերի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

4. Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն առնչվող ուղեցույցների վերաբերյալ իրազեկումն իրականացվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում դրանք հրապարակելու եւ (կամ) ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու եւ անվճար ձեռնարկներ կամ թերթիկներ տրամադրելու միջոցով:

5. Տեսչական մարմինը մշակում է կանխարգելիչ եւ իրազեկման միջոցառումների տարեկան ծրագիր, որը հաստատում է Խորհուրդը:

Հոդված 14. Վերահսկողության, տեղեկատվության փոխանակման եւ կառավարման էլեկտրոնային համակարգը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո ստեղծվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (վերահսկողության միասնական էլեկտրոնային շտեմարան եւ տեղեկատվության փոխանակման համակարգ)՝ վերահսկողություն իրականացնող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման եւ վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը տնտեսավարող սուբյեկտներին եւ հանրությանը մեկ տեղում հասանելի դարձնելու նպատակով:

2. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգը յուրաքանչյուր տեսչական մարմնից ներառում է յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի եւ վերահսկողության օբյեկտի ընդհանուր տվյալները, ինչպես նաեւ տեղեկատվություն համապատասխան ռիսկի խմբում ընդգրկված լինելու, պլանավորված եւ անցկացված ստուգումների վերաբերյալ եւ վերահսկողության հետ կապված (այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների եւ սպառողների համար նախատեսված) այլ տեղեկատվություն: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ընդգրկվող տեղեկատվության տեսակները թվարկված են սույն հոդվածի 3-5-րդ մասերում:

3. Հանրության համար բաց է եւ անվճար հասանելի հետեւյալ էլեկտրոնային տեղեկատվությունը.

1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվածները.

2) խորհրդատվական նյութեր եւ մեթոդական ուղեցույցներ տնտեսավարող սուբյեկտների համար.

3) ստուգաթերթերը.

4) ռիսկի չափանիշները.

5) ստուգումների տարեկան ծրագրերը.

6) վերահսկողություն իրականացնող մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կատարողականի եւ գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները եւ այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները.

7) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերն ու հաշվետվությունները.

8) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր:

4. Վերահսկվող տնտեսավարող սուբյեկտին հասանելի է դարձվում իր ռիսկի մակարդակի, իր մոտ անցկացված ստուգումների պատմության ու ծրագրերի եւ առնչվող այլ տեղեկատվություն, որը պահպանվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում:

5. Վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը, որն ընդգրկվել է վերահսկողության տեխնիկական կամ կազմակերպական եւ վերահսկողություն իրականացնող մարմինների միջեւ համագործակցության իրականացման նպատակներով եւ չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին եւ պարտականություններին, չի կարող բաց լինել հանրության համար: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման եւ վերահսկողություն իրականացնող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործարկումից առաջ վերահսկողություն իրականացնող մարմինները կառավարում են իրենց անձնական տեղեկատվական համակարգերում առկա՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը եւ հրապարակում են իրենց պաշտոնական կայքէջում:

Հոդված 15. Հաշվետվողականությունը

1. Տեսչական մարմինները տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, որոնք քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաշվետվությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

2. Տեսչական մարմինների տարեկան հաշվետվությունները ներառում են հետեւյալ տեղեկատվությունը.

1) սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված կատարողականի արդյունքների ապահովումը.

2) վերահսկողության ոլորտում ռիսկերի առկա իրավիճակի վերլուծությունը.

3) խորհրդատվական գործունեությունը, տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ տրվող հարցերի վերհանումը եւ այն իրավական ակտերը, որոնք տալիս են դրանց հստակ պատասխանները.

4) կանխարգելիչ գործողությունները եւ այն ռիսկերը, որոնց վերհանմանն են ուղղված, եւ որոնք կանխել են դրանք.

5) ստուգումներ, դրանց քանակը, բնութագրերը, տեւողությունը եւ անցկացված ստուգումների արդյունքները.

6) տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել հաճախ կատարվող օրենսդրության խախտումները կամ շեղումները, որոնք վերհանել են տեսչական մարմինները, ինչպես նաեւ դրանց պատճառները եւ տարածվածությունը: Տնտեսավարող սուբյեկտների եւ դրանց ծառայողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները.

7) օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման առաջարկները՝ օրենսդրական բացերը լրացնելու, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու եւ տնտեսավարող սուբյեկտների համար վարչական եւ վերահսկողական բեռը նվազեցնելու նպատակով:

3. Տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունները պետք է արտացոլեն իրավիճակի զարգացումները: Տարեկան հաշվետվության փաստացի տվյալները պետք է համեմատվեն նախորդ երկու տարիների իրավիճակներն արտացոլող տվյալների հետ:

Հոդված 16. Տնտեսավարող սուբյեկտներից եւ հանրությունից բողոքների ընդունումը եւ դրանց հետագա ընթացք տալը

1. Հանրության ներկայացրած բողոքները ռիսկերի գնահատման եւ կառավարման կարեւոր աղբյուր են: Տնտեսավարող սուբյեկտների բողոքները տեսչական մարմնի աշխատանքի կարեւոր ցուցանիշներ են: Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի հիման վրա Խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման եւ դրանց հետագա ընթացք տալու կարգը:

2. Հանրության կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ բողոքների ներկայացումը հիմք չէ ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնելու համար՝ առանց հետագա դիտարկման: Բողոքները վերլուծվում, դիտարկվում եւ օգտագործվում են ռիսկերի կառավարման համար: Հիմնականում դրանք պետք է ծառայեն համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության գնահատականի փոփոխության համար: Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են միայն այն դեպքում, երբ սպառնացող վտանգի աստիճանը բարձր է, կամ երբ նույն տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ բողոքներ: Տնտեսավարող սուբյեկտներից ստացված բողոքները օգտագործվում են տեսչական մարմնի որակի ապահովման եւ հաշվետվողականության նպատակներով: Բողոք ներկայացրած տնտեսավարող սուբյեկտների անվանումը չի հրապարակվում՝ հետագա բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքի եւ դրան հետեւելու կարգը:

Հոդված 17. Շահերի բախումը

1. Տեսչական մարմինը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել այնպես, որ բացառվի շահերի բախումը:

2. Տեսչական մարմնի ծառայողին արգելվում է իրականացնել իր լիազորությունները, բողոքարկման հանձնաժողովի անդամին արգելվում է մասնակցել դիմումի քննարկմանը, երբ՝

1) տեսչական մարմնի ծառայողի կամ բողոքարկման հանձնաժողովի անդամի շահերը հակասում կամ համընկնում են վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի շահերին.

2) տեսչական մարմնի եւ (կամ) ստուգման խմբի անդամը եւ վերահսկվող կամ դիմում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխկապացված անձինք են.

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության վերաբերյալ.

4) առկա են շահերի բախման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը

1. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում՝ առանձին տողով:

2. Տեսչական մարմնի (առանձնացված ստորաբաժանման) բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

3. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային եւ բյուջետային հայտում ներառելու համար:

4. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ լիազոր մարմինը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային եւ բյուջետային հայտում:

5. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է պարունակի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

6. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն Խորհրդի համաձայնությամբ:

Հոդված 19. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 14-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից հետո՝ երկու տարի անց (14-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից):

2. Տեսչական մարմինները ստեղծվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը:

4. Սույն օրենքի հիման վրա համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարեցվում է տվյալ բնագավառի քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմում գործող տվյալ բնագավառը վերահսկող տեսչության գործունեությունը: Տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող:

5. Տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող Խորհուրդների առաջին կազմում հասարակական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով՝ սույն օրենքի կիրարկումն ապահովելու ընթացքին հետեւելու, այդ թվում՝ սույն հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը եւ գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Միջգերատեսչական հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ միջգերատեսչական հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը՝ սույն օրենքին համապատասխան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-254
07.04.2016 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
31.05.2017 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին