Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.2023
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերը, 73-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան օտարվող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի եւ այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջեւ առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): Սույն մասով սահմանված՝ չհաշվանցվող (չպակասեցվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձեւակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

Այն դեպքում, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որի գործողության ժամկետի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն անցել է լիզինգառուին, ապա տվյալ տրանսպորտային միջոցն օտարելիս, սույն մասի առաջին պարբերության համաձայն, լիզինգառուի մոտ ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվարկման համար լիզինգի առարկա հանդիսացող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է լիզինգի (տարատեսակների) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգատուի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հանրագումարով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով.

«1.2. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից՝

1) իրացման նպատակով ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի՝ ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազայի եւ տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար Օրենսգրքով սահմանված կարգով վճարված բնապահպանական հարկի հանրագումարի եւ 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով.

2) ոչ իրացման նպատակով ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի՝ ներմուծողի կողմից օտարումից եկամուտը հաշվարկվում է տվյալ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ հաշվեկշռային արժեքի եւ 1.2 գործակցի արտադրյալից ոչ պակաս չափով:

1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասի կիրառության իմաստով համարվում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ներմուծվել է՝

1) իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով չի ստացել պետական գրանցում.

2) ոչ իրացման նպատակով, եթե այդ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով ստացել է պետական գրանցում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասին համապատասխան՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման ենթակա ԱԱՀ-ի գումարները:»:

Հոդված 5. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝

«8702, 8703, 8704, 8705 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 2.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 10.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 809 0 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 20.0

տողերը փոխարինել հետեւյալ տողերով.

«8702, 8703, 8704, 8705 մինչեւ 3 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 2.0 x
8702, 8703, 8704, 8705 3 տարուց ավելի մինչեւ 5 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 4.0 x
8702, 8703, 8704, 8705 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 6.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 12.0 x
8702, 8703, 8704, 8705 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցներ 24.0 x»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ թեթեւ մարդատար ավտոմեքենաների օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են ավելացման տվյալ ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարման գործարքների նկատմամբ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասի դրույթները չեն կիրառվում:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.11.2023
Երեւան
ՀՕ-358-Ն