Armenian      
Պետական գույքի կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

«Հոդված 25.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինումը

1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքը կարող է տնօրինվել հետեւյալ եղանակներով.

1) գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը թողնելով՝ որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը, կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը հանձնելով.

2) մշակութային արժեք համարվող գույքը՝ մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաները եւ ստեղծագործությունները, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարեւոր նշանակություն, ինչպես նաեւ գրավոր հուշարձանները, պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելով կամ ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկելով.

3) շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ ոչնչացնելով (շուտ փչացող գույքի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ եղանակով տնօրինելով.

4) գույքը սույն օրենքով սահմանված կարգով հրապարակային սակարկություններով իրացնելով.

5) գույքը սույն օրենքով սահմանված կարգով նվիրաբերելով:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա Հայաստանի Հանրապետությանը հանձնված գույքն ամրացվում է կոմիտեին եւ տնօրինվում նրա կողմից՝ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում հիմք ընդունելով Պետական արարողակարգի ծառայության եզրակացությունը:

3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձած գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով կամ այն սույն օրենքով սահմանված կարգով նվիրաբերելով: Պահպանման էական ծախսեր պահանջող գույքը եւ կենդանիներն իրացվում են անհապաղ, իսկ շուտ փչացող գույքն իրացվում է անհապաղ կամ ոչնչացվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող եւ պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը եւ տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված եղանակների ընտրության մեթոդաբանությունը եւ տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղները եւ թանկարժեք քարերը կարող են հաշվեգրվել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստում՝ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը

1. Պետական  գույքի  օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը (պահպանություն եւ այլն), որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ համապատասխան համայնքների բյուջեներ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով, եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, այդ թվում՝ պետական գույքի օտարման եւ նվիրաբերության կարգերում համապատասխան փոփոխությունները կատարվում են մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.05.2024
Երեւան
ՀՕ-148-Ն