Գրադարանի մասին
ՀՀ Ազգային ժողովի գրադարանը հիմնադրվել է 1991 թվականին: Գրադարանի խնդիրը պատգամավորների եւ աշխատակազմի անդամների տեղեկատվական պահանջների բավարարումն է` անկախ կրիչների ձեւերից: Անհրաժեշտության դեպքում սպասարկվում են նաեւ քաղաքացիները, հետազոտողները եւ գիտական ատենախոսություններ պաշտպանողները, եթե փնտրվող նյութն այլ գրադարաններում չկա: Օգտվողների սպասարկումը իրականացվում է աբոնեմենտի եւ ընթերցասրահի միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը: Գրադարանային հավաքածուն ներառում է շուրջ 9424 միավոր բազմալեզու գրականություն` տեղեկատուներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Հավաքածուի մաս են կազմում բազմաբնույթ պարբերականները, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ մեր տվյալների էլեկտրոնային բանկում, տեղեկատվական զանազան նյութերը՝ բուկլետներ, վերլուծական ամփոփաթերթեր, եւ էլեկտրոնային նյութերը: Գրադարանը ստեղծում է հավաքածուի էլեկտրոնային քարտարան, որտեղ ներառվում են հավաքածուի մաս կազմող գրքերը, ամենօրյա թերթերից եւ ամսագրերից վերցված եւ մեր հիմնախնդիրներին առնչվող հոդվածների մատենագիտական նկարագրությունները: Բազան շահագործվում է համացանցում: Իրականացնում է օրենսդրական նյութերի ազգային ավանդապահ գրադարանի գործառույթը: Գրադարանը օգտվողներին տրամադրում է համացանցային կապ, լազերային տպիչ, պատճենահանող սարք, իրականացնում է խորհրդատվություն` համացանցում նյութերի փնտրման վերաբերյալ, օգնում է փնտրումներ իրականացնել ստեղծված տվյալների բանկում: |