21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի
արդյունքների հիման վրա (99 տոկոս կողմ) հանրապետության խորհրդարանը (Հայկական
ԽՍՀ Գերագույն խորհուրդ) ընդունել է «Հայաստանի
անկախության մասին» հռչակագիրը եւ հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական
հանրաքվեով, իսկ սահմանադրական փոփոխությունները` 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական
հանրաքվեով:
Կառավարման համակարգը
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում
է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Նախագահը հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության
երաշխավորն է:
Հանրապետության Նախագահին ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները`
հինգ տարի ժամկետով:
Օրենսդիր իշխանությունը
Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է:
Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (41-ն ընտրվել
են մեծամասնական, իսկ 90-ը` համամասնական կարգով): Ազգային ժողովն ընտրվում
է համաժողովրդական ընտրությունների միջոցով` հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական
վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ. մայիսին:
Գործադիր իշխանությունը
Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը
կազմված է վարչապետից եւ նախարարներից: Ազգային ժողովում պատգամավորական տեղերի
բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման
վրա ՀՀ Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը
վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը
վայելող անձին: Վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակում եւ ազատում
է կառավարության անդամներին:
Դատական իշխանությունը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն
դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:
Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի, վերաքննիչ
դատարանները եւ վճռաբեկ դատարանը:
Վարչատարածքային բաժանումը
10 մարզ




