Խորհրդարանի
մասին |
ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԸ
Ազգային ժողովի շենքի կառուցումը սկսվել է 1948թ. եւ ավարտվել 1950թ.: Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը: ՀՀ Նախարարների խորհուրդը 1991թ. մայիսի 1-ին ընդունեց «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասինե հ. 314 որոշումը, որով ՀՀ Գերագույն խորհրդին հանձնվեց նախկինում ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը: Տեղափոխությունը այս շենք կատարվել է 1991թ. մայիսին: Շենքի գլխավոր ճարտարապետն է Մարկ Գրիգորյանը: Նա եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրենը: Երեւանի կենտրոնը հանդիսացող գոգահովտի հյուսիսարեւմտյան վերին բարձր մասը` 50 մետրից ավելի, զբաղեցրել է հին Երեւանի երեք մեծ թաղամասերից մեկը` Կոնդը, որ նշանակում է բոլորաձեւ բլուր: Կոնդի հյուսիսային մասում` այժմյան Մարշալ Բաղրամյան պողոտայի միջնամասի ձախ կողմում, գտնվում էր քաղաքի ամենահին գերեզմանատունը` Կոզեռնը: Գերեզմանատունն իր անունը ստացել է ի պատիվ XI դարի առաջին կեսի հայ գիտնական եւ տոմարագետ Հովհաննես Կոզեռնի (Տարոնացու), որը կրում էր «Հայոց վարդապետե պատվանունը: Կոզեռն նշանակում է տղա: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել Է Երեւանում, ուր վախճանվել եւ առաջինն է թաղվել Կոնդի հյուսիսարեւմտյան հատվածի` իր անունով (Կոզեռն) կոչվող գերեզմանատանը: Կոզեռնի գերեզմանի մոտ հետագայում թաղվել է նաեւ վարդապետ Մելիքսեթ Վժանեցին, իսկ նրանց միջեւ` հայտնի կաթողիկոս Մովսես Գ Սյունեցին: Նրանց գերեզմանների վրա հետագայում կառուցվել է մի վայելուչ մատուռ, որը կոչվել է «Կոզեռնի մատուռե: Այդ հին գերեզմանոցն արդեն նախորդ դարի 30-ական թվականներին կիսաքանդ էր, անխնամ ու թաղված աղբի ու ապականության մեջ: Այդ ժամանակ էլ գերեզմանոցն ավերվեց քաղաքի հիմնական վերակառուցման ու վերափոխման հետեւանքով: Որոշ հեղինակներ պնդում են, որ ընդհուպ այդ ժամանակները գերեզմանոցում շարունակվում էին կազմակերպվել թաղումներ: Տարածված է այն կարծիքը, որ Ազգային ժողովի շենքը կառուցվել է վերոհիշյալ գերեզմանոցի տարածքի վրա: Դա չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի ներկայիս տարածքը նախկինում եղել է պտղատու այգի, իսկ գերեզմանոցը ընկած է եղել Դեմիրճյան փողոցից դեպի արեւմուտք եւ հյուսիս-արեւմուտք: Այսինքն` գերեզմանոցը հիմնականում մնացել է Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկից վերեւ, Պռոշյան փողոցի եւ դրան հարակից շինությունների տակ, այդ տարածքի մեջ է մտնում նաեւ Սիրահարների այգին: Այն, որ Ազգային ժողովի շենքը կառուցված չէ գերեզմանոցի վրա, մեկ անգամ եւս պարզ դարձավ վերջերս նրան հարակից կառուցված մասնաշենքի շինարարությունից: Շենքի կառուցման համար կատարվեց 5-6 մետր խորությամբ փորվածք, եւ նման կարծիքը հիմնավորող ոչ մի փաստ չարձանագրվեց: ՀԿԿ ԿԿ շենքը կառուցվել է Բաղրամյան պողոտային հարող բարձունքներից մեկի վրա, որի տեղանքն առանց այդ կառույցի այժմ դժվար է պատկերացնել: Բաղրամյան պողոտայի կարմիր գծից մոտ 100-120 մետր ներս` բարձունքի վրա, վեր է խոյանում Ազգային ժողովի մոնումենտալ շենքը: Մ. Գրիգորյանն ընդհանրապես կարողանում էր շենքի ճարտարապետությունը լավագույնս շաղկապել-համաձայնեցնել քաղաքային միջավայրի ու բնության հետ, հնարամտորեն օգտագործել բնապատկերի առանձնահատկությունները` հասնելով շրջակայքի հետ մասշտաբային համապատասխանության: Շենքը նաեւ կոմպոզիցիոն խնդիրների վարպետորեն լուծման օրինակ է, խնդիրներ, որ կապված են քաղաքային մայրուղու վրա եզակի կառույցի տեղադրման հետ: Շենքի հատակագծման հստակության ու նպատակահարմարության ձգտումը, որ ապահովում է հարմարավետ շահագործումը, թելադրել է շենքը մասնատել երեք ծավալի` կենտրոնական, որը ներառում է ընդարձակ նախասրահը, գլխավոր սանդուղքը եւ նիստերի դահլիճը, ճակատին ուղղահայաց կողային երկու ծավալները, որտեղ լայն միջանցքի երկու կողմերում դասավորված են աշխատասենյակները: Հատակագծի ֆունկցիոնալ տեսակետից նպատակահարմար այսպիսի հիմքը միաժամանակ նախադրյալներ է ստեղծել ծավալատարածական արտահայտիչ հորինվածքի համար: Այսպես, մայրուղուց բավականաչափ հեռու գտնվելը (հեռվից դիտելու նկատառումով), ինչպես նաեւ օրվա մեծ մասը արեւի լույսից զրկված ճակատի հյուսիսային կողմնորոշումը որոշարկեցին խոշոր ծավալային մասնատումների գեղարվեստական արդարացվածությունը: Մյուս կողմից` համեմատաբար ոչ մեծ բլրի վրա կանգնեցված խոշոր շենքը այդ մասնատման շնորհիվ ցրում է նրա հետ մասշտաբային անհամապատասխանության տպավորությունը, չի ճնշում նրան: Շենքի աշխատանքային սենյակներ պարունակող թեւերը տեղամասի խորքը տանելով` հեղինակը հասել է ոչ միայն սենյակների հարմարավետ փոխադարձ կապի ու աշխատանքային լավագույն պայմանների ստեղծմանը, այլեւ կարողացել է ապահովել կենտրոնական ծավալի գերիշխող դիրքը, մի ծավալ, որը մեծ չէ չափով, սակայն կարեւոր է իր բովանդակությամբ (ըստ ֆունկցիոնալ եւ քաղաքաշինական բեռնվածության): Կենտրոնական ծավալի եւ կողային ռիզալիտների օրդերային լուծումը շենքին տալիս է բարեձեւություն եւ պլաստիկ արտահայտչականություն: Շենքի ընդարձակ կանաչապատ տեղամասը դեպի շքամուտք տանող լայն սանդուղքով, ինչպես նաեւ մոնումենտալ չուգունաձույլ ցանկապատը լրացնում են այս շենքի ճարտարապետական արժանիքները: Շենքի ճարտարապետը 1951թ. արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: Կանաչ դարատափերը եւ կապույտ բազալտից կառուցված լայնադիր աստիճանները, որոնք հատվում են մի քանի հարթակներով, շենքին ծառայում են որպես բնական գետնախարիսխ: Կանաչ պուրակում տեղադրված շենքի արտահայտիչ ուրվապատկերը, մեծ սյունակարգերը եւ բաց նարնջագույն քարը նրան տալիս են վեհաշուք եւ բավական զվարթագին տեսք: Բլրի, շենքի եւ ընկալման գոտու համաչափությունների ճշգրիտ համակցությամբ ճարտարապետը հասել է համալիրի ծավալատարածական զգալի արտահայտչականության: Համալիր ասելով նկատի է առնվում ոչ միայն շենքը հետագայում` 1985թ. ավելացված իր կից կառույցներով (նիստերի դահլիճը, ճաշարանը, նրա վերին հարկի աշխատասենյակները), այլեւ նրան հարող այգին եւ չուգունե ցանկապատը: Այսօր կարծիքներ են հնչում, թե Ազգային ժողովի դիմացի այգին կարելի է դարձնել հասարակական այգի` հանելով կամ դեպի խորքը տանելով չուգունե ցանկապատը: Սակայն հարցն այն է, որ այդ կանաչազարդ տարածական միջավայրը ճարտարապետական համալիրի բաղկացուցիչ մասն է, առանց որի այդ ինքնատիպ կառույցն անկասկած կկրի գեղագիտական մեծ կորուստ: Ազգային ժողովի համալիրն իր պարամետրերով իրավամբ կարելի է դասել խորհրդային շրջանի բարձրարժեք ճարտարապետական հուշարձանների թվին: Իսկ անցյալի ճարտարապետական հուշարձանները հարկավոր է պահել ու պահպանել: Չուգունե ցանկապատն անցյալում էական դեր է խաղացել որպես դեկորատիվ արվեստի տարր, դիտվել է որպես փոքր ճարտարապետության արտահայտչամիջոցներից մեկը: Ինչ վերաբերում է հասարակական այգու գաղափարին, ապա այդ հարցը կարելի է մասնակիորեն լուծված համարել, քանզի Ազգային ժողովի ղեկավարության նախաձեռնությամբ այդ տարածքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, եւ մուտքը բոլոր ցանկացողների համար դառնում է ազատ: Շենքը կառուցված է Ալավերդու ֆելզիտյան նուրբ կաթնագույն (երբեմն ընկալվում է նաեւ բաց դեղնավուն), բաց նարնջագույն սրբատաշ տուֆով, որի շնորհիվ այն շահեկանորեն առանձնանում է շրջակա կանաչ միջավայրի եւ կապույտ երկնքի ֆոնի վրա` տալով նրան յուրահատուկ գեղեցկություն ու արտահայտչականություն: Բարեկարգված ու խնամված տարածքը, ծաղկանոցները` կենտրոնում մեծ ջրավազանով, եւ Բաղրամյան պողոտայի կողմից այդ տարածքը շրջապատող բարձր, գեղարվեստական մեծ վարպետությամբ կառուցված մետաղական ցանկապատը կառույցի կարեւորագույն բաղադրամասերն են եւ շենքին տալիս են որոշակի հանդիսավորություն: Դասական ճարտարապետության միջոցներով լուծված ճակատի կոմպոզիցիան ընդհանուր առմամբ շենքին տալիս է հասարակական կառույցի տեսք: Շենքի ծավալը մասնատված է միջին եւ կողային ռիզալիտների, որոնց մակերեսը պլաստիկորեն հարստացված է մեծ օրդերների կիրառմամբ. միջին ռիզալիտում` բաղադրյալ կամ կոմպոզիտ, իսկ կողայիններում` հոնիական ոճով: Կենտրոնական ռիզալիտում ճարտարապետական արտահայտչամիջոցներն ավելի շատ են կիրառված, որի շնորհիվ հեղինակը հասել է կենտրոնի ուժգին հնչեղության: Կոմպոզիտ օրդերն այստեղ կիրառված է հսկա կիսասյուների ձեւով, որոնք իրենց հարուստ լուսաստվերով շահեկանորեն տարբերվում են շենքի կողային թեւերի հոնիական որմնասյուներից: Կենտրոնական ռիզալիտում տեղադրված են շենքի կենտրոնական մուտքի երեք տոնական դռները, որոնցից կենտրոնականն ընդգծված է կիսաշրջանակաձեւ տեսքով եւ երիզապատված է հայկական զարդանկարներով: Դռները, ինչպես նաեւ վերին մեծ պատուհանները, ունեն մետաղական նրբագեղ նկարներով ապակենախշ վիտրաժներ: Դրա հետ միասին կենտրոնական ռիզալիտի ընդհանուր ընդգծվածությանը նպաստում է նաեւ քանդակագործությունը: Բոլոր երեք ռիզալիտները վերեւի մասում ավարտվում են ճակտոնով: Կենտրոնական ճակտոնի տակ կլոր որմնախորշը ծանրաբեռնված է հարուստ պարակալներով: Ժամանակին այնտեղ տեղադրված են եղել հեղափոխության առաջնորդների պղնձաձույլ բյուստերը, իսկ այժմ` ՀՀ պետական զինանշանը: Եռանկյունաձեւ ճակտոնի ներսում տեղադրված է եղել հեղափոխության կարմիր դրոշը, որն այժմ էլ պահպանվում է, սակայն ներկված է սեւ գույնով: Այդ եւ ընդհանրապես կենտրոնական ծավալի մետաղական մասերի` դռների եւ պատուհանների սեւ գույնը բաց ֆոնի վրա շենքին տալիս է դասական տեսք: Վարպետորեն ու նրբագեղ են իրագործված սյունագլուխը, խոյակը, քիվը, պարակալը եւ ճարտարապետական ու քանդակագործական մյուս դետալները: Ինչ վերաբերում է շենքի ներսին, ապա այն շահեկանորեն առանձնանում է իր հստակ ու մտածված նախագծմամբ: Շենքի մուտքը մարմարյա է, գեղեցիկ սյուներով: Լայն ու բարձր, լավ լուսավորված միջանցքները, կենտրոնական ու կողային աստիճանները, երկու վերելակները ստեղծում են հարմարավետ կապ շենքի տարբեր մասերի եւ հարկերի միջեւ: Ինտերիերներից հարկ է նշել գլխավոր եւ կողային նախասրահները` կարմիր եւ կանաչ, նիստերի դահլիճը, ոսկեզօծ դահլիճը, կարմիր եւ փափուկ սրահները եւ մի շարք աշխատասենյակներ: Ներքին հարդարանքի համար օգտագործվել են բարձր որակի փայտ, բնական ու արհեստական մարմար: Նույնը արվել է նաեւ երկրորդ մասնաշենքի համար: 2009թ. ավարտվեց Ազգային ժողովի հիմնական շենքին կից երկրորդ մասնաշենքը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին 2006թ. առաջին եռամսյակում: Այն նախագծվել է «Հայնախագիծե գիտահետազոտական ինստիտուտում, ճարտարապետն է Մ. Ռուստամյանը: Փորձ է արվել այդ մասնաշենքի ճարտարապետությունը հարմարեցնել հիմնականի հետ եւ դրանց միասնությունը դարձնել համահունչ: Որոշ առումով դա հաջողվել է: Շենքն ամբողջությամբ բետոնակառույց է, երեսապատված հիմնական մասնաշենքի ֆելզիտյան տուֆի գույնի, տեղի եւ որակի սալիկներով: Եթե շենքի արտաքին տեսքը հեռավոր նմանության պատրանք է ստեղծում հիմնականի հետ, ապա նրա ներքին ծավալատարածական չափսերը լիովին համապատասխանում են հիմնականին: Այն դեմքով ուղղված է դեպի հիմնական մասնաշենքը, նրա հետ երրորդ հարկով անմիջականորեն կապվում է թռիչքաձեւ կամուրջ-միջանցքով, որը դուրս է գալիս կանաչ նախասրահ եւ նիստերի դահլիճ: Շենքն առջեւից չորս, իսկ հետեւի մասից հինգհարկանի է, այսինքն` ունի մեծ ու հարմարավետ նկուղային հարկ: Շենքն ունի արդիական օդափոխիչ համակարգ, լայն ու բարձր միջանցքներ, լուսավոր ու հարմարավետ աշխատասենյակներ, կապը հարկերի միջեւ ապահովված է լավագույն ձեւով: Արվել է ամեն ինչ աշխատանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: 2010թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ եւ բարձրաստիճան այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նոր կառույցին իր հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը` նշելով, որ արդիական հնարավորություններով նոր դահլիճը նպաստելու է պատգամավորների առաքելության առավել արդյունավետ իրականացմանը` ի նպաստ մեր ժողովրդի ու հայրենիքի: Դահլիճի օվալաձեւ կառուցվածքը խորհուրդ ունի. այն կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով: Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեեւ այն շատ ավելի հին է եւ հատուկ է եղել նաեւ հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձեւով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջ նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումների համար: |