Խորհրդարանի
մասին |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ Կ-28-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայր (այսուհետ` Ազգային ժողով) ճանաչողական այցերի (այսուհետ` այցեր) կազմակերպման, անցկացման եւ այցերի ծրագրի կազմման կարգն ու պայմանները: 1.2. Այցեր կազմակերպվում են Ազգային ժողովի գործունեության հրապարակայնության եւ Ազգային ժողովի նստավայրի (վարչական շենքի)` որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրությանը հասանելիությունն ապահովելու համար: 2. ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 2.1. Այցեր կարող են կազմակերպվել, որպես կանոն, ուսումնական հաստատությունների սովորողների (ուսանողների) եւ այլ կազմակերպությունների կոլեկտիվների համար` համապատասխան կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած գրավոր հայտերի հիման վրա: 2.2. Հայտերը ներկայացվում են Ազգային ժողովի նախագահի անունով այցի` հայտատուի կողմից նախատեսվող օրվանից առնվազն մեկ ամիս առաջ եւ ներառում են տեղեկություններ այցի նպատակի եւ մոտավոր ժամկետի վերաբերյալ: 2.3. Հայտին պարտադիր կցվում է այցելուների ընդհանուր ցուցակը` նրանց անհատական տվյալների (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարի) եւ այցելուների խմբի ղեկավարի, ինչպես նաեւ հետադարձ կապի հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի նշումով: 2.4.Հայտի հիման վրա այցի կազմակերպման համաձայնությունը տալիս է Ազգային ժողովի նախագահը` ելնելով Ազգային ժողովի եւ աշխատակազմի ընթացիկ աշխատանքային ծանրաբեռնվածությունից: 2.5.Այցերը կարող են տեւել ոչ ավել, քան երկու ժամ: 2.6.Այցելուներն Ազգային ժողովի տարածք մուտք են գործում Բաղրամյան պողոտայի անցագրային կետով` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի վավերացրած ընդհանուր ցուցակի ներկայացմամբ: 2.7. Այցերի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշած Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: 2.8. Այցի համաձայնեցված օրը եւ ժամին այցելուի չներկայանալու դեպքում այցի հայտը նրա մասով համարվում է մերժված: 3. ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ 3.1. Յուրաքանչյուր այց կազմակերպվում եւ անցկացվում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից մշակված եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցված այցի ծրագրին համապատասխան` հայտում նշված նպատակի հաշվառմամբ: 3.2. Այցի ծրագիրը ներառում է նաեւ այցի օրը եւ ժամը, այցելուներին տրամադրվող հիմնական ճանաչողական տեղեկությունների համառոտ նկարագրությունը եւ հրահանգավորումը Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների վերաբերյալ: 3.3. Համաձայնեցված այցի օրվա, ժամի եւ ծրագրի բովանդակության մասին Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը այցելուների խմբի ղեկավարին տեղեկացնում է այցի օրվանից առնվազն յոթ օր առաջ: |