«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Մամուլում լուրեր տարածվեցին, թե ձեր պաշտոնական հրավերը Ավստրիա ստացել եք ուղիղ` Ավստրիայի խորհրդարանի նախագահից` շրջանցելով ԱԳ-ն, քանի որ վերջինիս կողմից փորձ է կատարվել ձախողել այդ այցը: Որքանո՞վ են իրական այդ խոսակցությունները:
-Այո, ես Ավստրիա մեկնելու պաշտոնական հրավերը ստացել եմ ուղիղ` Ավստրիայի խորհրդարանի նախագահից` առանց ԱԳՆ-ի, բայց չեմ կարծում, թե ԱԳ-ն փորձել է ձախողել այցը, որովհետեւ պաշտոնական հրավեր ստանալուց հետո ԱԺ-ն սահմանված կարգով դիմել է ԱԳ-ն, որպեսզի Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հրավերի հիման վրա զբաղվի այցի կազմակերպական խնդիրներով, ինչը եւ արվել է:
-Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելեց Հայաստան, Ձեզ հետ հանդիպում չունեցավ, ինչը, համաձայնեք, որ հազվադեպ է պատահում: Ի՞նչն էր պատճառը:
-Ընդհանրապես` այլ երկրների արտաքին գործերի նախարարները Հայաստան այցի շրջանակներում լինում են Ազգային ժողովում: Ես տեղյակ չեմ, թե ինչու պարոն Լավրովը խորհրդարան չեկավ, թերեւս նրա այցի ծրագրում խորհրդարանական հանդիպումներ նախատեսված չէին:
-Ի՞նչ ծագում ունեն իշխանության ներսում առհասարակ առկա հակասությունները, որոնց մասին հաճախ է գրվում:
-Իշխանության ներսում ծագող հակասությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ շատ հարցերում կոալիցիա կազմող քաղաքական ուժերն ունեն տարբեր դիրքորոշումներ եւ դա բնական է, որովհետեւ որոշակի տարբերություններ կան տարբեր ուղղություններով առաջարկվող լուծումների, իրականացվող բարեփոխումների մեխանիզմների մեջ: Բնականաբար, տարբեր հարցերի շուրջ տեսակետների տարբերությունն առաջացնում է տարատեսակ խոսակցություններ: «Օրինաց երկիրը» իբրեւ քաղաքական ուժ երբեք չի առաջնորդվել ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով` ուրիշներին վատաբանելու միջոցով միավորներ վաստակելու արատավոր քաղաքականությամբ: Հասարակությունը ճանաչում է մեզնից յուրաքանչյուրին, մենք ժողովրդին առաջարկում ենք մեր քաղաքական պլատֆորմը, ժողովուրդն էլ ընտրում է: Ես գտնում եմ, որ հակասությունները չպետք է խանգարեն մեզ միասին աշխատել եւ լուծել պետության առջեւ ծառացած խնդիրները: Ի վերջո մենք աշխատում ենք հանուն, ոչ թե ընդդեմ սկզբունքով, հանուն երկրում ինչ-որ բան բարեփոխելու եւ լավացնելու, այլ ոչ թե ընդդեմ դրական զարգացումների կամ ինչ-որ մեկի դեմ սադրանքներ կազմակերպելու համար: Կոալիցիայում եւս ՕԵԿը գործում է հենց այս սկզբունքով: Բացի դրանից` երբեմն շատ հակասություններ նախանձի, չարության դրսեւորումներ են որոշ գործիչների կողմից, որը նույնպես խնդիրների լուծման ճիշտ ու լավագույն տարբերակը չէ: 2005 թվականին լրանում է խորհրդարանի գործունեության 15 տարին, եւ ես 2005-ը հայտարարել եմ քաղաքական համերաշխության ու հանդուրժողականության տարի: Լավ կլինի, որ քաղաքական գործիչները, այդ թվում իշխանության ներսում գտնվող, լինեն հանդուրժող, շատ հաճախ կուլ չտան այն խայծը, որ տրվում է նաեւ որոշակի քաղաքական շահերի սպասարկող ուժերի կողմից` նպատակ ունենալով արհեստական լարում մտցնել քաղաքական կյանքում: Մենք պետք է ոչ թերագնահատենք, ոչ գերագնահատենք իշխանության ներսում առկա որոշակի հակասությունները: Քաղաքականությունը պայքար է: Ես հասկանում եմ, որ Ազգային Ժողովի կամ Արթուր Բաղդասարյանի կատարած բարի գործերը ոմանց հանգիստ չեն տալիս: Մենք աշխատում ենք մեր ծրագրերով: Ասում են` «Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում», բայց ես չեմ ուզում, որ այս սկզբունքը մեր իրականության մեջ տարածում գտնի ու հաստատվի: Շատ հաճախ ես տեսնում եմ, որ թե ընդդիմության, թե իշխանության մեջ գտնվող որոշ գործիչների կողմից կազմակերպված արշավ է իրականացվում ՕԵԿ-ի կամ իմ դեմ, որովհետեւ կան մարդիկ, ում չեն բավարարում իրենց հաջողությունները, նրանք գոհանում են սոսկ այն դեպքում, երբ ոչ միայն իրենք են հաջողակ, այլ դիմացիներն են անհաջող: Արդեն ասել եմ ու կրկնում եմ` ես իմունիտետ եմ ձեռք բերել, եւ դա չեմ համարում խնդիրների լուծման լավագույն ձեւ: Ժողովուրդը բոլորիս էլ լավ ճանաչում է, գիտի` ով ով է: Ի վերջո` փոս փորողն ինքն է փոսում հայտնվում: Դանտե Ալիգիերին ասում էր` «Դու գնա քո ճանապարհը, եւ մարդիկ թող ասեն` ինչ ուզում են»:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ