ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ այլ երկրների խորհրդարանների նախագահների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում հաստատված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները եւ մտադիր է այս տարի ավարտել նախատեսված օրենսդրական բարեփոխումները: Այժմ Հայաստանում իրականացվում են ընտրական եւ սահմանադրական բարեփոխումներ, որոնք վերաբերվելու են մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարմանը,օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լիազորությունների հավասարակշռության հաստատմանը: Նշվեց, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը բոլորհարեւանների հետ:Հայաստանի խորհրդարանը հանդես է գալիս հօգուտ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության վերաճմանը Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի: Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին` Արթուր Բաղդասարյանը կարեւորեց տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը եւ տարածաշրջանի ինտեգրումը ԵՄ-ում, հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի տնտեսական ապաշրջափակումը եւ կրկնակի ստանդարտներ չկիրառելը: Խոսվեց նաեւ ԼՂ հարցի լուծման մասին, որը Հայաստանը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով: ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան Դեր Լինդենը կարեւորեց պարտավորությունների կատարումը եւ իր աջակցությունը խոստացավ Հարավկովկասյան երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը: Կարեւորելով օրենսդրական բարեփոխումների ընթացքը, պարոն Վան Դեր Լինդենը կոչ արեց շարունակել բարեփոխումները ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ եւ ԵԽԽՎ չափանիշներին համապատասխան: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Վան Դեր Լինդենը կարեւորեց երեք երկրների միջեւ համագործակցության խորացումը, Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը Ստրասբուրգում եւ կոչ արեց շարունակել քննարկումները առկա հիմնախնդիրների շուրջ` լուծումներ գտնելու համար:
Կողմերը կարեւորեցին Կովկասում խաղաղության եւ կայունության պակտի կայացումը, որը կնպաստի տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ խորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահին հրավիրեց Հայաստան եւ հրավերը սիրով ընդունվեց:
Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի` Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմուի հետ քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների հաստատման խնդիրները:ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Կոսմուին փախստականների նորվեգական խորհրդի ցուցաբերած մեծ աջակցության եւիրականացրածծրագրերի համար: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Նորվեգիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` իբրեւ միջպետական հարաբերությունների կարեւոր մաս: Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին առնչվող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահի հրավերով պարոն Կոսմուն աշնանը կայցելի Հայաստան:
Հյուսիսային խորհրդի նախագահ Ռանվեյգ Գուդմունդսդոտիրի հետ քննարկվեցին միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեցՀայաստանի եւ Իսլանդիայի խորհրդարանների միջեւ կապերի հաստատումը եւ տիկին Ռանվեյգ Գուդմունդսդոտիրը, կարեւորելով հանդիպումը, նշեց, որ այն կդառնա հարաբերությունների հաստատման լավ սկիզբ:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Լյուբչո Ջորդանովսկու հետ, քննարկվեցին երկկողմանի հետաքրքություն ունեցող հարցեր: