-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք գնահատում արված վերջին շտկումները եւ արդյոք դրանք համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի պահանջներին:
-Ես նորմալ եմ համարում, որ հնչում են հակասական կարծիքներ, մեր երկրում ժողովրդավարություն է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր տեսակետներն արտահայտելու մեջ` ելնելով իր գործունեության փիլիսոփայությունից: Ես գտնում եմ, որ սահմանադրության բարեփոխումների երկրորդ ընթերցման ներկայացվելիք տարբերակում արված շտկումնեը նախեւառաջ դրական փոփոխությունների նախադրյալներ են ստեղծելու մեր երկրում: Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագիծը լուրջ լրամշակված փաստաթուղթ է: Առաջին առանցքային խնդիրը վերաբերում է իշխանության թեւերի տարանջատմանը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգ ձեւակերպելուն: Ըստ նախագծի` ՀՀ նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն խորհրդարանական մեծամասնության վստահությունը վայելող անձին, նախագահը այլեւս չի կարող ազատել վարչապետին կամ կառավարությանը` առանց Ազգային ժողովի համաձայնության: Սա բավականին կարեւոր բարեփոխում է, որով մեծանում է Ազգային ժողովի դերը եւ օրենսդիր իշխանությունը դառնում է էական հակակշիռ: Կարեւոր եմ համարում նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված բարեփոխումը, համաձայն որի դատական իշխանությունը դառնում է անկախ գործադիր իշխանությունից. արդարադատության խորհուրդը ձեւավորվում է 13 անդամից, իննը ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում, երկուսին նշանակում է Ազգային ժողովը, երկուսին նշանակում է հանրապետության նախագահը: Արդարադատության խորհրդի նիստերը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի: Սրանք նույնպես կարեւոր բարեփոխումներ են: Երրորդ խումբը վերաբերվում է տեղական ինքնակառավարմանը. սահմանադրության նախագծում հստակ գրված է, որ Երեւանը համայնք է: Իսկ համայնքների ղեկավարները ընտրվում են: Այսինքն սպառիչ լուծում է տրված քաղաքապետի ընտրովիության խնդրին: Այս հարցում կա երկու մոտեցում` ուղղակի ընտրություն եւ անուղղակի ընտրություն: Երկուսն էլ միջազգային փորձում ընդունված եւ տարածված ձեւեր են: Ես անուղղակի ընտրության կողմն եմ, որովհետեւ դա հնարավորություն կտա քաղաքական համակարգը զարգացնել եւ ներկայացուցչական մարմնի միջոցով ընտրել համայնքի ղեկավարին: Այս խնդիրը կլուծվի օրենքով: Կարեւորն այն է, որ հստակ ամրագրվում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ընտրովի` դա եւ ընդդիմության առաջարկն էր, եւ Վենետիկի հանձնաժողովի:
-Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը եւ կոալիցիոն որոշ պատգամավորներ Տիգրան Թորոսյանին մեղադրեցին ինքնագործունեության եւ Սահմանադրությունը սեփականցնելու փորձի մեջ: Ինչպես եք վերաբերում սահմանադրության նախագծի շուրջ ԱԺ-ում տիրող նման իրավիճակին:
-Ես անընդունելի եմ համարում նման գնահատականները ընդհանրապես: Եվ ոչ միայն այն պատճառով, որ երկուսն էլ Ազգային ժողովում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, նաեւ նույն կուսակցության անդամ են, այլ նաեւ այն պատճառով, որ սահմանադրության քննարկումները ես համարում եմ լրջագույն խնդիր երկրում` պետության ու ժողովրդի հետագա ճակատագրի, ճանապարհի ընտրության առումով եւ սահմանադրության քննարկումների շուրջ նման մթնոլորտ ստեղծելը ճիշտ չեմ համարում: Ինչ վերաբերում է Տիգրան Թորոսյանին, նա ոչինչ չի սեփականաշնորհել, նախագծի հեղինակները աշխատում են Վենետիկի հանձնաժողովի հետ` համաձայն ստորագրված հուշագրի:
-Դուք անձամբ մասնակցե՞լ եք Սահմանադրության տարբերակի բարեփոխմանը:
-Բնականաբար` այո: Եվ` իբրեւ Ազգային ժողովի նախագահ, եւ իբրեւ կոալիցիայի քաղաքական ուժերից մեկի ղեկավար: Ես համոզված եմ, որ ժողովրդավարական բարեփոխումների խորացման խնդիրներով մտահոգ յուրաքանչյուր ուժ պետք է հնարավորն անի, որպեսզի իր երկրի սահմանադրությունը առավելագույնս համապատասխանի երկրի քաղաքական ու տնտեսական, պատմամշակութային զարգացման տրամաբանությանը, արտահայտի այդ զարգացումները ու դրանք առաջ տանի: Բնականաբար` նախանձախնդիր լինելով Հայաստանը օրենքների երկիր դարձնելուն, ես պիտի իմ ուժերի ներածն անեմ, որ երկրի Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները, համապատասխանի երկրի իրական պահանջներին ու եվրոպական չափանիշներին: Հայաստանի ժողովրդավարական զարգացումն այլընտրանք չունի:
-Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այն հայտարարությունը, որ Սահմանադրական վերջին փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ իրենց առաջ քաշած երեք սկզբունքներին: Ինչպես նաեւ այն հայտարարությանը, որ եթե մինչեւ երկրորդ ընթերցում տարբերակը չբարեփոխվի, իրենք չեն մասնակցելու քննարկումներին եւ հնարավոր է, որ կոչ անեն հասարակությանը՝ ոչ ասել նաեւ այս տարբերակին:
- Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, նաեւ շնորհիվ լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի, համակողմանի լուսաբանվել է, ներկայացվել են թե իշխանության, թե ընդդիմության, թե Վենետիկի հանձնաժողովի փորձագետների տեսակետները, այդ տեսակետների գնահատականները, գնահատականների գնահատականները... Ավելին արդեն չի ասվելու: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը այս պահին գնահատական է տալիս ոչ թե սահմանադրությանն ու սահմանադրության նախագծի փոփոխություններին, այլ փորձում է պատասխանել բոլորովին այլ` իր համար առավել խորքային ու հիմնարար հարցի` ինչու՞ եւ ինչքա՞ն է տեւելու բոյկոտը... Քանի դեռ այդ հարցի պատասխանը` սպառիչ ու ընդդիմադիր բոլոր ուժերի համար ընդունելի պատասխանը, տրված չէ, մշտապես լինելու են տարբեր մոտեցումներ: Իվերջո` յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ինքն է որոշում իր քաղաքական պայքարի մարտավարությունը եւ ռազմավարությունը:
Դիանա Մարկոսյան