ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները շարունակում «պինգ-պոնգ» խաղալ Վենետիկի հանձնաժողովի հետ եւ չեն ընդունում այս կառույցի կողմից արված առաջարկները:
-Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կրում է ընթացիկ աշխատանքային բնույթ: Գործող սահմանադրությունը, որ բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը, կյանքի, հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բարեփոխումների կարիք է զգում եւ գիտեք, որ այն նաեւ ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Երկրի հիմնական օրենքը մեկ օրում փոխել հնարավոր չէ, այն իրենից ներկայացնում է բարդ ու պատասխանատու գործընթաց, որտեղ իրենց լուծումը պետք է ստանան բազմաթիվ սկզբունքային` իրավական կամ քաղաքական խնդիրներ: Սա նշանակում է կարծիքների համադրում եւ բախում, սա նշանակում է երկարատեւ լուրջ քննարկումներ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ապա դրանք գերազանցապես ներառված են այն աշխատանքային նախագծի մեջ, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:
-Այն, ինչ հուլիսի 7-ին ուղարկվել է վենետիկցիներին` համապատասխանու՞մ է սահմանադրությունը ժողովրդավարացնելու պահանջին:
-Վենետիկի հանձնաժողով ուղարկված Սահմանադրության նախագիծը լուրջ լրամշակված փաստաթուղթ է: Ասել, որ ամբողջ աշխատանքն ավարտված է, ճիշտ չի լինի, քանի որ կան ճշգրտման ենթակա տարաբնույթ իրավական ու խմբագրական հիմնադրույթներ: Բայց որ ներկայացված նախագիծը էականորեն բարեփոխված է` փաստ է: Ես ցանկանում եմ անդրադառնալ հատկապես այն հիմնարար կետերին, որոնց վերաբերյալ հարցադրումներ էր արվել եւ ընդդիմության, եւ միջազգային հանրության կողմից: Առաջին առանցքային խնդիրը վերաբերում է իշխանության թեւերի տարանջատմանը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգ ձեւակերպելուն: Ըստ նախագծի` ՀՀ նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն խորհրդարանական մեծամասնության վստահությունը վայելող անձին, ավելին` նախագահը այլեւս չի կարող ազատել վարչապետին կամ կառավարությանը` առանց Ազգային ժողովի համաձայնության: Սա բավականին կարեւոր բարեփոխում է, որով մեծանում է Ազգային ժողովի դերը եւ օրենսդիր իշխանությունը դառնում է էական հակակշիռ: Կարեւոր եմ համարում նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված բարեփոխումը, համաձայն որի այսուհետ դատական իշխանությունը դառնում է անկախ գործադիր իշխանությունից. արդարադատության խորհուրդը ձեւավորվում է 13 անդամից, իննը ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում, երկուսին նշանակում է Ազգային ժողովը, երկուսին նշանակում է հանրապետության նախագահը: Արդարադատության խորհրդի նիստերը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի: Սրանք նույնպես կարեւոր բարեփոխումներ են: Երրորդ խումբը վերաբերվում է տեղական ինքնակառավարմանը. սահմանադրության նախագծում հստակ գրված է, որ Երեւանը համայնք է: Իսկ համայնքների ղեկավարները ընտրվում են: Այսինքն սպառիչ լուծում է տրված քաղաքապետի ընտրովիության խնդրին:
-Ձեր կարծիքով` ինչպե՞ս պիտի ընտրվի Երեւանի քաղաքապետը:
-Կա երկու մոտեցում` ուղղակի ընտրություն եւ անուղղակի ընտրություն: Երկուսն էլ միջազգային փորձում ընդունված եւ տարածված ձեւեր են: Ես ինքս անուղղակի ընտրության կողմն եմ, որովհետեւ դա հնարավորություն կտա քաղաքական համակարգը զարգացնել եւ ներկայացուցչական մարմնի միջոցով ընտրել համայնքի ղեկավարին: Սակայն այս խնդիրը կլուծվի օրենքով: Կարեւորն այն է, որ հստակ ամրագրվում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ընտրովի` դա եւ ընդդիմության առաջարկն էր, եւ Վենետիկի հանձնաժողովի:
-Կարծիք կա, որ Սահմանադրության փոփոխման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱԺ նախագահը, այդպե՞ս է:
-Որպես Աժ նախագահ` ես ունեցել եմ իմ ակտիվ դերակատարումը սահմանադրական բարեփոխումների գործընթացում` եւ ձեզ, եւ հանրությանը հայտնի են իմ հրապարակային տեսակետները, որ եւ թերթերում են տպագրվել, եւ հնչել են հեռուստատեսությամբ` սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ: Եթե ուզում ենք կառուցել ազատ, ժողովրդավարականա հասարակություն, անպայման պետք է մեր երկրի Հիմնական օրենքում կատարենք այդ փիլիսոփայությունից բխող փոփոխություններ: Այդ փոփոխությունները պետք է բխեն իշխանության ապակենտրանացման, իշխանության թեւերի հստակ տարանջատման, անկախ եւ պաշտպանված դատական համակարգի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծման, տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի փիլիսոփայությունից: Բնականաբար` ես ակտիվորեն մասնակցել եմ այդ աշխատանքներին եւ իպաշտոնե, եւ որպես քաղաքական ուժի ղեկավար: Կատարվածը համատեղ աշխատանքի արդյունք է: Իսկ թե ով կոնկրետ ինչ դերակատարում է ունեցել, կգնահատի ժամանակը, խնդիրը, թերեւս ոչ թե յուրաքանչյուրի արած-չարածին գնահատական տալն է, այլ` աշխատանքի արդյունքին:
-Եթե ընդդիմությունը մերժի մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչպե՞ս եք համոզելու ԵԽ-ին, որ Հայաստանում կա քաղաքական համաձայնության մթնոլորտ, չէ որ նաեւ դա է պահանջվում ՀՀ իշխանություններից:
-Իմ գործառույթների մեջ չի մտնում որեւէ մեկին որեւէ բան համոզելը, առավելեւս` Եվրոպայի խորհրդին: Եվրոպայի խորհուրդը մասնագիտացված քաղաքական կազմակերպություն է եւ, վստահ եղեք, որ բավականաչափ տեղեկացված է թե Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշումների մասին: Առանց մեզ էլ` իրենք իրենց տեսակետները ունեն եւ այդ տեսակետների հիման վրա էլ` ձեւավորում են իրենց համապատասխանմ դիրքորոշումը:
-Հնարավոր համարու՞մ եք, որ սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանափոխության սկիզբ:
-Ես արդեն ասել եմ, որ ընդամենը մեկուկես տարի հետո Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ անհրաժեշտություն չկա նոր իշխանափոխությունների: Սահմանադրական հանրաքվեի հաջողությամբ բոլորս պիտի շահագրգռված լինենք: Մենք պիտի ունենանք բարեփոխված սահմանադրություն, որը բխելու է մեր շահերից, միեւնույն ժամանակ` կատարենք Հայաստանի կարեւորագույն պարտավորություններից մեկը: Սահմանադրական փոփոխոթյունները նշանակում են դրական բարեփուխումներ նաեւ մեր օրենսդրության մեջ: Իվերջո` չպետք է մոռանալ, որ վատ օրենքները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների եւ ապօրինությունների համար:
Ես չեմ կարծում, որ սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ իշխանափոխության սկիզբ, սահմանադրական հանրաքվեի հաջողության համար պետք է համակողմանի քարոզչություն լինի, որ հանրաքվեի արդյունքները համապատասխանեն ժողովրդի իրական ցանկություններին: Մենք չպետք է գնանք որեւէ ընտրական գործընթաց կեղծելու ճանապարհով, որը հիմք կարող է հանդիսանալ ներքաղաքական ցնցումների համար: Հայաստանի ապագան ազատ ընտրություններն են, այլ ոչ թե բռնաճնշումները, ընտրողների կամքի կամայական չարաշահումները, որը նշանակում է ճանապարհ դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա: Մի ճանապարհ, որի դեմ կպայքարենք ոչ միայն մենք եւ մեզ նման մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր, այլ նաեւ ողջ ժողովուրդն ու միջազգային հանրությունը: Ի վերջո` բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական բարեփոխումներին, առաջացնում են անխուսափելի հեղափոխություններ, որովհետեւ աշխարհը զարգանում է դեպի առաջ եւ այս մրցակցային ու հարափոփոխ պայմաններում մեզանից պահանջվում է լինել առավել սթափ, հավասարակշռված եւ նախաձեռնող բարեփոխումների խորացման գործընթացում, որը միտված է լինելու մեր երկիրը տեսնելու քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որը նշանակում է ազատ, մրցունակ տնտեսություն, բաց, թափանցիկ եւ հանդուրժող հասարակություն:
-ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում է ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ, ըստ որի վերադարձվում են ազատագրված հինգ շրջանները, 10 տարվա ընթացքում Ղարաբաղը անցկացվում է հանրաքվե եւ այլն: Ծանո՞թ եք այս տարբերակին եւ Ձեր գնահատականը:
-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ, ժամանակից շուտ հրապարակային դիրքորոշումներ արտահայտելը, մանավանդ Աժ նախագահի կողմից, տեղին չեմ համարում, որովհետեւ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Բայց փաստ է, որ նկատելի է աշխուժությունը եւ կան դրական միտումներ խնդիրը կարգավորելու համար: Իմ կարծիքով` Հայաստանի համար կարեւոր է երկու հիմնական սկզբունք` նախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության խնդիրը, եւ երկրորդը` հարցը պետք է լուծվի փոխադարձ զիջումներով: Ցանկացած փոխզիջում չպետք է լինի մեր ժողովրդի արժանապատվության եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի հաշվին: Կարծում եմ` մենք պետք է հնարավորն անենք ռազմի դաշտում ձեռքբերված հաղթանակը դիվանագիտական հաջողությամբ ավարտելու: Մենք պետք է գիտակցենք, որ միակողմանի պահանջներ ներկայացնելով խնդիրը լուծել հնարավոր չէ: Խնդիրը պետք է լուծվի երկու կողմերի համար ընդունելի մեխանիզմներով: Բացի այդ` թե դիմությունը, թե ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ժամանակին հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ, որի հիմնական թեզերն արդիական են մնում նաեւ այսօր: Ինչ վերաբերում է հինգ շրջաններին կամ հանրաքվեին, ժամանակից շուտ պետք չէ եզրակացություններ անել: Երբ կհստակեցվեն մոտեցումները, կտրվեն հստակ քաղաքական գնահատականներ այդ մոտեցումներին:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ