Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունեց ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացում գտնվող մեր երկրի համար նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը ունի մեծ նշանակություն` հատկապես այս ընթացքում, երբ խորհրդարանում արտահերթ նստաշրջանով քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկրորդ ընթերցումով: ԱԺ նախագահը կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կատարված աշխատանքը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարությունը ոչ թե խոսք է, այլ գործ, եւ ժողովրդավարական բարեփոխումների խորացումը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կիրականացնեն սահմանադրական բարեփոխումներ:
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը կարեւորեց իր այցը Հայաստան եւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԵԽԽՎ նախագահը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխությունների շուրջ կգան ընդհանուր հայտարարի եւ կարեւորեց ընդդիմության ու իշխանության համատեղ աշխատանքը սահմանադրական բարեփոխումների նախագծում բարելավումներ կատարելու առումով, քանի որ բոլոր այդ ուժերը ՀՀ-ի քաղաքացիների հանդեպ մեծ պատասխանատվություն ունեն` «Սա կլինի ապացույց, որ Հայաստանը ընթանում է ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհով»,- ասաց Ռենե վան դեր Լինդենը: Նա կարեւորեց սահմանադրական փոփոխությունների մասին բնակչության իրազեկումը, սահմանադրության արդյունավետ քարոզարշավը, որ ժողովուրդը հասկանա, թե բարեփոխումների գործընթացը որքանով է կարեւոր ու անհրաժեշտ երկրի հետագա զարգացման համար: Բանախոսը նշեց, որ ԵԽԽՎ-ն դիմել է Հայաստանի իշխանություններին նախորդ ընտրությունների ընտրացուցակները ճշգրտելու եւ ընտրակեղծարարներին պատժելու կոչով: Նա նշեց, որ քաղաքական բոլոր խմբակցությունները եւ խորհրդարանը իրենց քննարկումներում պիտի ամրապնդեն լրատվամիջոցների անկախության երաշխիքները, առանց որոնց կենսունակ ժողովրդավարություն անհնար է ունենալ:ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ արեց քաղաքական կուսակցություններին թույլ չտալ, որ երկրի շահերից վեր դասվեն կուսակցական վիճաբանությունները: Նա տեղեկացրեց, որ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին մասնակցելիս հաշվի կառնվի, թե Հայաստանը ինչ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին :
«Քանի որ ակտիվանում է Եվրախորհրդի դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, հնարավո՞ր է Մինսկի խմբի մանդատը որոշ չափովփոխարինվի այդ գործընթացում»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, թե ինքը դեմ կլիներ, որ Եվրախորհուրդը փոխարիներ Մինսկի խմբին, քանի որ հարցը պետք է լուծվի երկու պետությունների միջեւ. Եվրախորհուրդը կարող է օգտակար լինել հաշտեցման գործընթացում: Նա կարեւորեց Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորների անձնական հանդիպումները: Այս հարցում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնեց ԵԽԽՎ նախագահի հետ` ընդգծելով, որ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում արդեն մասնագիտացել եւ, լավագույնս տիրապետում է տեղեկատվությանը եւ նոր ֆորմատներ ստեղծելու կարիք չկա: Առավելեւս, որ երկու նախագահների հանդիպումները ու քննարկումները շարունակվում են:
«Որքանո՞վ կարելի է կապել ժողովրդավարացման գործընթացը եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ի պատասխան պարոն Ռենե վան դեր Լինդենը ասաց, որ ուղղակի կապ չկա, բայց կա անուղղակի կապ. լիարժեք ժողովրդավարական պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում հիմնախնդրի վերջնական լուծման համար:
ԱԺ նախագահը կարեւորեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը փոխադարձ զիջումների ճանապարհով` նշելով, որ իշխանությունը խաղաղության կողմնակից է: Ըստ Արթուր Բաղդասարյանի` ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով երկու կողմերի շահերը, կարող է աջակցել, որ հակամարտությունը ստանա արդար կարգավորում: «Ժողովրդավարությունը ավելի շատ օրենք է, քան բացառություն եւ բարեփոխումների գործընթացը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից. որքան ժողովրդավար է պետությունը, որքան ազատ է հասարակությունը, այնքան ավելի հեշտ է կոնֆլիկտների կարգավորումը երկրում»,- ասաց Աժ նախագահը: Բանախոսը հայտնեց, որ ժողովրդավարությունը երկրում պիտի ամրապնդվի անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի եւ մրցունակ շուկայական հարաբերությունների առկայության դեպքում:
«Իրավունք» թերթի լրագրողի հարցին, թե կայացա՞վ արդյոք ընդդիմության եւ իշխանությունների հետ պլանավորված կոշտ խոսակցությունը, պարոն Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, որ երկու կողմերին էլ կոչ է արել անցկացնել քաղաքական երկխոսություն:
«Մեդիամաքս» գործակալության լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԽԽՎ նախագահի դիրքորոշումը` իմանալով «Արդարություն» դաշինքի որոշումը` «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին, պարոնՌենե վան դեր Լինդենը նշեց, որ որեւէ մեկը իրավունք չունի ներկուսակցական շահերից ելնելով նման որոշում ընդունել. պետք է փոխզիջումների գնալ: Ըստ նրա` Սահմանադրությունը ոչ միայն ներկա իշխանությունների համար է, այլեւապագա. այսօր ընդդիմություն ես, վաղը կլինես իշխանություն, ուստի ամեն ինչ պետք է անես, որ քո գաղափարները Սահմանադրության մեջ արտացոլվեն:
«Մի՞թե Հոլանդիան չմերժեց Եվրամիության Սահմանադրության տարբերակը` չվախենալով նշված պատժամիջոցներից»,-«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցադրմանը, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց, որ շատ մեծ տարբերություն կա Հոլանդիայում եվրոպական Սահմանադրություն ընդունելու եւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջեւ: Բացի այ` հանրաքվեի տապալումը Եվրամիության ներսում Հոլանդիայի դիրքերը զգալիորեն թուլացրեց: Բանախոսը Հոլանդիայում հանրաքվեի տապալման պատճառ համարեց սահմանադրական փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկության պակասը:
«Հայկական ժամանակի» թղթակցի` «Արդյո՞ք ուղիղ եթերով կհեռարձակվի Աժ արտահերթ նստաշրջանը» հարցին` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասախնեց, որ ինքը կողմ է արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը, որովհետեւ իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, ի վերջո այդ բարեփոխումները կատարվում են ժողովրդի եւ երկրի համար, ոչ թե առանձին քաղաքական ուժերի: ԱԺ նախագահը կարեւորեց քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջարկվող կոնստրուկտիվ մոտեցումների քննարկումները: