Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունեց ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի
իշխանությունների համագործակցությունը եւ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացում գտնվող մեր երկրի համար նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը ունի մեծ նշանակություն` հատկապես այս ընթացքում, երբ խորհրդարանում արտահերթ նստաշրջանով քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկրորդ ընթերցումով: ԱԺ նախագահը կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կատարված աշխատանքը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարությունը ոչ թե խոսք է, այլ գործ, եւ ժողովրդավարական բարեփոխումների խորացումը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կիրականացնեն սահմանադրական բարեփոխումներ:
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը եւ ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին :
«Քանի որ ակտիվանում է Եվրախորհրդի դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, հնարավո՞ր է Մինսկի խմբի մանդատը որոշ չափովփոխարինվի այդ գործընթացում»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, թե ինքը դեմ կլիներ, որ Եվրախորհուրդը փոխարիներ Մինսկի խմբին, քանի որ հարցը պետք է լուծվի երկու պետությունների միջեւ. Եվրախորհուրդը կարող է օգտակար լինել հաշտեցման գործընթացում: Նա կարեւորեց Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորների անձնական հանդիպումները: Այս հարցում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնեց ԵԽԽՎ նախագահի հետ` ընդգծելով, որ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում արդեն մասնագիտացել եւ, լավագույնս տիրապետում է տեղեկատվությանը եւ նոր ֆորմատներ ստեղծելու կարիք չկա: Առավելեւս, որ երկու նախագահների հանդիպումները ու քննարկումները շարունակվում են:
«Որքանո՞վ կարելի է կապել ժողովրդավարացման գործընթացը եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ի պատասխան պարոն Ռենե վան դեր Լինդենը ասաց, որ ուղղակի կապ չկա, բայց կա անուղղակի կապ. լիարժեք ժողովրդավարական պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում հիմնախնդրի վերջնական լուծման համար:
ԱԺ նախագահը կարեւորեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը փոխադարձ զիջումների ճանապարհով` նշելով, որ իշխանությունը խաղաղության կողմնակից է: Ըստ Արթուր Բաղդասարյանի` ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով երկու կողմերի շահերը, կարող է աջակցել, որ հակամարտությունը ստանա արդար կարգավորում: «Ժողովրդավարությունը ավելի շատ օրենք է, քան բացառություն եւ բարեփոխումների գործընթացը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից. որքան ժողովրդավար է պետությունը, որքան ազատ է հասարակությունը, այնքան ավելի հեշտ է կոնֆլիկտների կարգավորումը երկրում»,- ասաց Աժ նախագահը: Բանախոսը հայտնեց, որ ժողովրդավարությունը երկրում պիտի ամրապնդվի անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի եւ մրցունակ շուկայական հարաբերությունների առկայության դեպքում:
«Իրավունք» թերթի լրագրողի հարցին, թե կայացա՞վ արդյոք ընդդիմության եւ իշխանությունների հետ պլանավորված կոշտ խոսակցությունը, պարոն Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, որ երկու կողմերին էլ կոչ է արել անցկացնել քաղաքական երկխոսություն:
«Մեդիամաքս» գործակալության լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԽԽՎ նախագահի դիրքորոշումը` իմանալով «Արդարություն» դաշինքի որոշումը` «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին, պարոնՌենե վան դեր Լինդենը նշեց, որ որեւէ մեկը իրավունք չունի ներկուսակցական շահերից ելնելով նման որոշում ընդունել. պետք է փոխզիջումների գնալ: Ըստ նրա` Սահմանադրությունը ոչ միայն ներկա իշխանությունների համար է, այլեւապագա. այսօր ընդդիմություն ես, վաղը կլինես իշխանություն, ուստի ամեն ինչ պետք է անես, որ քո գաղափարները Սահմանադրության մեջ արտացոլվեն:
«Մի՞թե Հոլանդիան չմերժեց Եվրամիության Սահմանադրության տարբերակը` չվախենալով նշված պատժամիջոցներից»,-«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցադրմանը, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց, որ շատ մեծ տարբերություն կա Հոլանդիայում եվրոպական Սահմանադրություն ընդունելու եւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջեւ: Բացի այ` հանրաքվեի տապալումը Եվրամիության ներսում Հոլանդիայի դիրքերը զգալիորեն թուլացրեց: Բանախոսը Հոլանդիայում հանրաքվեի տապալման պատճառ համարեց սահմանադրական փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկության պակասը:
«Հայկական ժամանակի» թղթակցի` «Արդյո՞ք ուղիղ եթերով կհեռարձակվի Աժ արտահերթ նստաշրջանը» հարցին` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասախնեց, որ ինքը կողմ է արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը, որովհետեւ իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, ի վերջո այդ բարեփոխումները կատարվում են ժողովրդի եւ երկրի համար, ոչ թե առանձին քաղաքական ուժերի: ԱԺ նախագահը կարեւորեց քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջարկվող կոնստրուկտիվ մոտեցումների քննարկումները: