Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչներ Մեթյու Մակլինին, Սեմյուել Սթարթմանին, Փոլ Ուզբերգ-Սանթսին: Հանդիմանը մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հաստատմանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացմանը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին ու Սահմանադրությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ երկրում ակտիվորեն ծավալվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, Ազգային ժողովում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների օրինագիծը եւ հանրաքվեի հաջողության դեպքում Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու նոր սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական փոփոխություններին: Կարեւորելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաջող իրականացումը` ԱԺ նախագահը ընդգծեց մարզերի զարգացման կարեւորությունը եւ ծրագրում մարզային խնդիրների լուծումը: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կառավարությանը թե անկախության տարիներին Հայաստանին ցուցաբերված մեծ աջակցության համար, որը կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման առումով, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ընդգրման:
Մեթյու Մակլինը, Սեմյուել Սթարթմանը, Փոլ Ուզբերգ-Սանթսը մանրամասներ ներկայացրին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին: Նրանց գնահատականով` ծրագրի սկզբունքները մշակված են, մեծ աշխատանք է կատարվել, բայց եւ դա քիչ է հաջողության համար. կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարը եւ հատկապես Ազգային ժողովի վերահսկողական գործառնութւյան ուժեղացումը, որը կարող է կոռուպցիայի կանխարգելիչ դեր ունենալ, հասարակական կազմակերպությունների ներգրավումը ծրագրի բոլոր փուլերում:
Փոխադարձաբար կարեւորվեցին ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում, որը կնպաստի երկրի քաղաքական ու տնտեսական առաջընթացին, կնպաստի տարածաշրջանային կայունության ու համագործակցության խորացմանը: Նշվեց նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է նաեւ ժողովրդավարության հաջողություններով: