Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլիսով:
-Ըստ ավանդույթի` յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ես հանդես եմ գալիս համառոտ խոսքով` նախորդ նստաշրջանում կատարված աշխատանքների եւ առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին: Ուզում եմ բոլոր լրագրողներին ողջունել խորհրդարանում, հուսով եմ, որ բոլորդ ամառը լավ հանգստացել եք եւ եռանդուն կերպով ձեռնամուխ կլինեք խորհրդարանի նոր նստաշրջանի աշխատանքների լուսաբանմանը: Մեկ ժամից կսկսվի երրորդ գումարման ԱԺ վեցերորոդ նստաշրջանը: Այս նստաշրջանի ընթացքում քննարկման են ներկայացված բազմաթիվ հարցեր, շուրջ 86 հարց, 30 միջազգային համաձայնագիր, ընթացիկ աշխատանքների արդյունքում խորհրդարանի օրակարգում կներգրավվեն եւս մի քանի տասնյակ այլ օրինագծեր: Ուզում եմ մատնանշել, որնախորդ նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն քննարկել էր 127 օրենսդրական նախաձեռնություն, 69 հարց, վավերացրել էինք մի քանի տասնյակ միջազգային համաձայնագրեր:
Այս նստաշրջանը առանձնանում է մի կարեւոր տարեդարձով. նոյեմբերին կնշենք խորհրդարանի գործունեության 15 տարին, կկազմակերպենքԱԺ-ի տոնական նիստ, Աժ կհրավիրվեն մի շարք երկրների միջխորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ, եւ մենք մեր գործընկերների հետ միասին կնշենք ՀՀ խորհրդարանի գործունեության 15 ամյակը: Բավականին ակտիվացել է քաղաքացիներ-ԱԺ կապը, որի արդյունքում ԱԺ ընդունարան են դիմել 5000 քաղաքացիներ, ինքս որպես ԱԺ նախագահ կազմակերպել եմ քաղաքացիների ընդունելություններ Երեւանում, հանրապետության մարզերում եւ արդեն հայտարարվել է, որ մենք ստացել եւ պատասխանել ենք շուրջ 21.000 դիմումների, նամակների եւ փորձել ենք օգտակար լինել մեր հայրենակիցներին` բոլոր այն հարցերով, որով դիմել են, եւ որով իրավասու ենք` իբրեւ օրենսդիր իշխանություն: Կարեւոր եմ համարումնաեւ, որ այս նստաշրջանի ընթացքում մենք ձեռնամուխ կլինենք Սահմանադրության բարեփոխումների նախագծի քննարկմանը, նախատեսում ենք նախագծի ընդունումը 3-րդ ընթերցմամբ: Կարծում եմ, որմիջազգային գործունեության իմաստով նույնպես խորհրդարանի աշխատանքը մինչեւ դեկտեմբեր կլինի բավականին արգասաբեր. իմ հրավերով Հայաստան կայցելեն մի շարք խորհրդարանների նախագահներ` Սլովակիայի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Ռումինիայի, Բրազիլիայի, տեղի կունենան մի շարք կարեւորագույն միջոցառումներ, մասնավորապես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համատեղ կանցկացվի «Ռոուզ Ռոտ» սեմինարը, որի արդյունքում մի քանի տասնյակ պատվիրակություններ եւ պատգամավորական առաքելություններ կայցելեն ՀՀ, դրանից բացի Երեւանում տեղի կունենան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի երկու մշտական հանձնաժողովի նիստեր: Նախատեսվում են նաեւ ԱԺ-ի պաշտոնական պատվիրակությունների այցեր, բացի դրանից նոյեմբերին ՀՀ ԱԺ-ն կստանձնի ՍԾՏՀ ՄԽՎ նախագահությունը, եւ մենք այս առիթովՏիրանայում կընդունենք մեր երկրին հանձնվող նախագահությունը:
Թերեւս այսքանը, եթե կան հարցեր, բոլոր հարցերին կպատասխանեմ:
«Հայկական ժամանակ» օրաթերթ .
- Երկու հարց` մի քանի խոսքով պատմեք ԱՄՆ կատարած Ձեր այցերի եւ հանդիպումների մասին: Եվ երկրորդ հարցը` ուրբաթ օրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրակարգից հանեց նախորդ նստաշրջանից անհարգելի բացակայողների հարցը` պատճառաբանելով, որ հարցը երկու անգամ արդեն օրակարգում է, դուք այն չեք դնում լիագումար նիստում քննարկման: Այս անգամ դրվելու՞ է հարցը:
-Սկսեմ երկրորդ հարցից` պատգամավորների բացակայությունից: Ընդհանրապես ես եղել եմ եւ մնում եմ այն կարծիքին, որ բոլոր պատգամավորները պետք է կատարեն օրենքով նախատեսված իրենց պարտականությունները, ուստի կարեւոր է անդրադարձը այս խնդրին: Երբ ինքս հանդիպումներ եմ ունենում Երեւանում, տարբեր մարզերում մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչու պատգամավորները լիարժեք չեն մասնակցում խորհրդարանի ամբողջական գործունեությանը: Մենք գործ ունենք ընդդիմության քաղաքական դիրքորոշման` բոյկոտի հետ, բայց դուք գիտեք, որ հիմա տարբեր խոսակցություններ են պտտվում խորհրդարան վերադառնալու շուրջ, ես ինքս կարեւոր եմ համարում, որ պատգամավորը, որին ժողովուրդը ուղարկել է ԱԺ աշխատելու համար, գա ԱԺ եւ կատարի այն պարտականությունները, որը ինքը ստանձնել է պատգամավոր ընտրվելու ժամանակ: Բայց քանի որ կա քաղաքական դիրքորոշում,մինչեւ այժմ եղել է այդ քաղաքական դիրքորոշմանը համարժեք քաղաքական դիրքորոշում ունեցող պատասխան: Ինքս նոր եմ վերադարձել, բնականաբար, կարծում եմ, որ անպայման այս խնդրին մենք պետք է անդրադարձ կատարենք եւ կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում ես հանդիպումներ կունենամ իմ գործընկերների հետ` եւ ընդդիմության, եւ իշխանության ճամբարից,պետք է հստակեցնել բոլորիդիրքորոշումը: Եվս մեկ անգամ օգտվելով առիթից` կոչ եմ անում վերադառնալ խորհրդարան, մասնակցել ԱԺ-ի գործունեությանը առավել լիարժեք կերպով, որովհետեւ մեր երկրի, մեր ժողովրդի առջեւ ծառացած են բազմաբնույթ խնդիրներ եւ բոլորս պարտավոր ենք մեր ամենօրյա հետեւողական ու պատասխանատու աշխատանքով նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ի վերջո ԱԺ-ն ընտրվում է 4 տարի ժամանակով, եւ մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին բացատրել, թե կարելի է արդյոք 4 տարի շարունակ բոյկոտել ԱԺ-ի նստաշրջանի աշխատանքները: Նորից եմ կրկնում` հարգելով յուրաքանչյուր քաղաքական ուժի քաղաքական դիրքորոշումը, միեւնույն ժամանակ կարեւոր եմ համարում, որ մենք` բոլոր պատգամավորներս, հաշվետու լինենք մեր ժողովրդի, մեր ազգի առաջ եւ կարողանանք մեր գործունեությամբ նպաստել մեր երկրում կուտակված խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է առաջին հարցին, ԱՄՆ կատարած այցելությունը բավականաչափ հետաքրքիր էր ինձ համար` որպես Աժ նախագահի: Փաստորեն 15 տարվա ընթացքում սա առաջին նմանատիպ այցն էր: 8 օրվա ընթացքում ես ունեցել եմ շուրջ 57 հանդիպում, հանդիպումները ներառել են ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանության գրեթե բոլոր ոլորտները, շատ հետաքրքիր հանդիպումներ են եղել նաեւ հասարակական սեկտորի, պետական հատվածի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց հետ զրույցների ընթացքում քննարկվել են թե Հայաստանում, թե Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Կարող եմ ասել, որ Ամերիկայում ուշադիր հետեւում են բոլոր հասարակական-քաղաքական անցուդարձերին եւ այս այցելությունը կարեւոր էր ինձ համար` ավելիհստակ իմաստավորելու ամերիկյան իրողությունները եւկարողանալու խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր կան Հայաստանում, խոսելու նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տարբեր բնագավառների մասին:
«Նովոյե վրեմյա» թերթ .
-Ուզում եմ անձամբ Ձեզնից ճշտել, որովհետեւ հակասական ինֆորմացիա էր պտտվում` ԱՄՆ կատարած ձեր այցը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրավերո՞վ էր, թե NDI կազմակերպության:
-Ես ունեցել եմ պաշտոնական հրավեր մեկնելու ԱՄՆ` մասնակցելու խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային գագաթաժողովին, դրանից բացի վաղօրոք նախատեսված են եղել մի շարք պաշտոնական հանդիպումներ: Վաշինգտոն իմ այցը կազմակերպել է ԱՄՆ պետքարտուղարությունը «Ղեկավարների միջազգային այցելություններ» ծրագրի շրջանակներում, որտեղ մոտ 30 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 180 պետության ղեկավարներ, խորհրդարանների նախագահներ, կառավարության ղեկավարներ են այցելել: Այստեղ NDI-ն որեւէ կապ չունի, այցը կազմակերպել է ԱՄՆ պետքարտուղարույթունը եւ ես օգտվելով առիթից` նաեւ շնորհակալություն եմ հայտնում` այցը բովանդակալից, ամբողջական եւ արդյունավետ կազմակերպելու համար: Իհարկե, հանդիպումներ են եղել եւ NDI-ի, եւ ԱՄՆ-ի հանրապետական ինստիտուտի, եւ բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ:
«Ինտերֆաքս» գործակալություն.
-Ժողովրդի կողմից սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում խորհրդարանի դերը շատ կբարձրանա երկրում, ինչպես եւ կառավարությանը: Ձեր կարծիքն էի ուզում իմանալ` խորհրդարանի ներկա կազմը պատրա՞ստ է ստանձնել այդ բարձր դերը:
-ՄԱԿ-ում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ ես հանդես եկա մի ելույթով, որի բովանդակությունը հետեւյալն էր` ուժեղ խորհրդարան, ուժեղ ժողովրդավարություն: Եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդավարական Հայաստան, մրցունակ պետություն, անկախ դատաիրավական համակարգ, անկախ տնտեսություն, մարդու, քաղաքացու իրավունքները պաշտպանող երկիր, ապա անպայման պետք է գնանք Հայաստանում խորհրդարանական ինստիտուտը ուժեղացնելու ճանապարհով: Սա նշանակում է, եթե խորհրդարանը պետք է ունենա լայն լիազորություններ, պետք է ունենա նաեւ ամբողջական պատասխանատվություն, այսինքն` իրավունքը չի նշանակում միայն արտոնություն, իրավունքը նշանակում է նախեւառաջ պարտականություն, եւ ես կարծում եմ, որ այն խորհրդարանը, որ մենք կձեւավորենք արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ, որովհետեւ սահմանադրական բարեփոխումները կվերաբերվեն հաջորդ խորհրդարանին, բոլորս միասին պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի ձեւավորվի ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան, որը նաեւ ի զորու է կրել պատասխանատվություն այն լիազորությունների իրականացման համար, որով նա լիազորված է Սահմանադրությամբ: Միանշանակ նաեւ ցանկանում եմ հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումներով ակնհայտ է խորհրդարանի լիազորությունները մեծացնելու միտումը. մենք չպետք է վախենանք, որ խորհրդարանը ունենում է մեծ լիազորություն:
«Ժամանակ».
-Պարոն Բաղդասարյան, ԱՄՆ կատարած Ձեր այցելության ֆոնին` ի՞նչ եք կարծում` եթե սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծիքներ լինեն,ինչպիսի ռեակցիա կլինի: Պատրաստվու՞մ է ՕԵԿ-ը միանալ Վազգեն Մանուկյանին: Հանդիպե՞լ եք Մոնտե Կառլոյում ոմանց հետ:
-Ես Մոնտե Կառլոյում չեմ եղել, Մոնտե Կառլո գնացողներին հարցրեք` ով ում հետ է հանդիպել: Վազգեն Մանուկյանին միանալու խնդիր չկա, ավելին, մենք հայտարարել ենք «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական հավատամքը` քաղաքական խաղաղություն եւ ոչ քաղաքական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական ատելություն, եւ մենք կողմնակից ենք քաղաքական հանդուրժողականության հաստատմանը երկրում, դրա համար ես ինքս հռչակել եմ երեք կարեւորագույն սկզբունքներ` ազատություն, համերաշխություն եւ առաջընթաց. դրանք այն կարեւորագույն սկզբունքներն են, որոնք այսօր մեր ազգին անհրաժեշտ են: Իրար կոկորդ կրծելու գործելակերպը վաղուց իրեն սպառել է եւ մենք պետք է կարողանանք այս բարդ տարածաշրջանում լինելով փոքրիկ երկիր` համախումբ լինել համազգային խնդիրների շուրջ եւ միասնական աշխատանքով փորձենք լուծել եւ մեր երկրում առկա խնդիրները, եւ նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող բավականին հետաքրքիր զարգացումների կապակցությամբ ունենալ ազգանպաստ դիրքորոշումներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերմունքին, ես կարող եմ ասել, որԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ես դա զգացել եմ իմ այցելության ընթացքում, դուք գիտեք նաեւ, որմենք ունենք նաեւ միջազգային հանրության դրական տեսակետը այդ բարեփոխումների առնչությամբ, եւ պետք է կարողանանք իրականացնել ճիշտ եւ արդյունավետ քարոզչություն, բացատրել մեր ժողովրդին, որի հիմնական մասին ամենեւին չեն էլ հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները, մարդկանց ցույց տալ, թե ինչքան կարեւոր են այս բարեփոխումները, երբ երկրի հիմնական օրենքի մակարդակով` սահմանադրության մակարդակով տեղի է ունենում իշխանության թեւերի իրական հավասարակշռում, տարանջատում եւ որ մարդիկ նաեւ հասկանան, որ այս բարեփոխումները ՀՀ համար բերելու են բարենպաստ զարգացումներ դեպի այն երկիրը, այն պետությունը, որը ձեզ հետ միասին ուզում ենք ստեղծել: Կեղծիքների ժամանակն անցել է, ես հանդես եմ եկել բոլոր կեղծիքների դեմ, կեղծիքներ կատարելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ էլ կհանդուրժեն մեր ժողովուրդը եւ միջազգային ատյանները. մենք պետք է անցկացնենք բաց, թափանցիկ հանրաքվե: Մենք այստեղ ոչինչ չունենք ամաչելու, կամ գլուխ կախելու: Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ըստ էության,պաշտպանում են տարբեր միջազգային կառույցներ եւ բոլորն էլ ընդունում են, որ այդ բարեփոխումները ՀՀ-ի համար առաջնահերթություն են:
«Panorama.am».
- Ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, քանի որ այն ուղղված է իշխանության բոլոր մարմիններին, այդ թվում ԱԺ-ին: Հնարավո՞ր է ԱԺ-ն որեւէ բան ձեռնարկի այդ զեկույցում արծարծված փաստերի առնչությամբ:
-Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նոր է մեր իրականության մեջ եւ հանդիպման համար ինձ խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանը, առաջիկայում կհանդիպենք եւ կխոսենք այդ զեկույցին վերաբերող մանրամասների մասին: Կարեւոր եմ համարում մատնանշել, որ Սահմանադրական բարեփոխումներով, ըստ էության, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու է ԱԺ-ն, որը այդ ինստիտուտի լիարժեք անկախության եւ կայացման տեսանկյունից ունի կարեւոր նշանակություն:
«Ռեգնում» գործակալություն .
-Կցանկանայի ճշտել Ռուսաստանի խորհրդարանի նախագահի այցի ժամկետը:
-Ռուսաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին:
«Ամբիոն» թերթ.
-Դուք որպես «Օրինաց երկրի» եւ ԱԺ նախագահ` միշտ հաճոյանալով միջազգային կառույցներին փորձել եք բարձրացնել ՀՀ-ի եւ ԱԺ-ի հեղինակությունը: Մտածել ե՞ք ինչ պատասխան եք տալու սահմանադրական հանրաքվեի տապալման դեպքում, երբ ժողովուրդը մերժի իշխանությունների ներկայացրած նախագիծը:
-Ես ընդհանրապես եթե-ապա-ներով չեմ ուզում խոսել, որեւէ մեկին հաճոյանալու ցանկություն չունեմ, ես ներկայացնում եմ իմ սկզբունքային, շիտակ դիրքորոշումը: Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են իրենց քաղաքական գործունեությամբ, եւ ես կարծում եմ, որ պետք է ամեն հնարավորը անենք, որպեսզի երկրում տեղի ունենան իրոքազատ, թափանցիկ, մեր ժողովրդի համար վստահելի սահմանադրական բարեփոխումներ, որովհետեւ եթե խոսում ենք երկրում ժողովրդավարություն հաստատելու, ամրապնդելու, առաջ գնալու անհրաժեշտության մասին, ապա պետք է ընդունենք մի պարզ իրողություն` դա պետք է սկսել երկրի հիմնական օրենքից, եթե Սահմանադրությամբ իշխանության որեւէ թեւ ունի գերլիազորություններ, ապա պետք է գիտակցել, որ այդ գերլիազորությունները կարող են օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով. դրա համար շատկարեւոր է իշխանության թեւերի իրական բալանսի առկայությունը` օրենսդիր, գործադիր, դատական, նաեւ պետք է հետեւողական, քաղաքական կամքը լավ օրենքները մեր իրականության կենսագործելու, որովհետեւ Հայաստանում մենք հաճախ տեսնում ենք, որ անօրինականությունը օրենքի անունից է իրականացվում: Մենք պետք է հետեւողական լինենք, որ լավ օրենքները նաեւ լավ կիրառում ստանան մեր երկրում, որովհետեւ վատ օրենքները լավ հնարավորություններ են ստեղծում չարաշահումների համար: