ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի կատեգորիայի մասնակի վճարումներից հետո անորոշ ժամանակով չի՞ ընդհատվի:
-Կոալիցիայի խորհրդի նիստում վերջնական որոշում է ընդունվել ավանդների վերադարձի առնչությամբ եւ այդ մասին նախագահի մամլո գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: Ավելին` հստակ մատնանշվել է, որ արդեն 2006 թվականի պետական բյուջեի նախագծում կնախատեսվի 1 միլիարդ դրամ` ավանդների փոխհատուցման համար եւ այդ մասին հստակ կարձանագրվի նաեւ բյուջեի մասին ՀՀ օրենքում: Ավանդների վերադարձը շարունակական գործընթաց է, որ կարող է տեւել մինչեւ 10-15 տարի: Համենայն դեպս,հենց այսօր ավանդները նույն կերպ վերադարձվում են աշխարհի այլ երկրներում, որտեղ յուրաքանչյուր տարվա բյուջեում նախատեսվում է որոշակի գումար այդ փոխհատուցումն իրականացնելու համար եւ գրեթե չկա երկիր, որ այդ գործընթացը ավարտած լինի` չնայած վճարումները սկսել են տարիներ առաջ:Մենք ընտրել ենք նույն այդ ճանապարհը` առաջնահերթություն տալով սոցիալապես կարիքավոր այն մարդկանց, ովքեր ընդգրկված են աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նպաստառու ճանաչված ընտանիքներ, մի քանի կատեգորիաների մարդիկ` միայնակ ծերեր, աղետի գոտու տուժած քաղաքացիներ, հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ եւ այլն: Այսինքն` այն կատեգորիաների մարդիկ, ովքեր նաեւ նշված են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ներառված օրենքի նախագծում:
Ինչ վերաբերում է շարունակականությանը, ապա այդ մասին եւս քաղաքական որոշում է կայացված եւ պետական միջինժամկետ ծախսային ծրագրով երաշխավորվելու է յուրաքանչյուր տարվա բյուջեում ավանդների փոխհատուցման գործընթացը ներառել: Բացի դրանից` բոլորն էլ հասկանում են, որ սկսած գործընթացը պետք է շարունակվի: Այդ շարունակականության մասին Ազգային ժողովում ի պատասխան Վիկտոր Դալլաքյանի հարցի, հստակորեն ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը եւ երեկ բառացիորեն վերահաստատեց մեր զրույցի ժամանակ, քանի որ մամուլում տարբեր մեկնաբանություններ էին եղել: Այնպես որ պայմանավորվածությունները հստակ են եւ ուղղակի անհրաժեշտ է, որ ավանդների փոխհատուցման սկզբունքները հստակորեն ամրագրվեն բյուջեի մասին օրենքում:
-Վարչապետը Ազգային ժողովում իր հարցազրույցում ասաց, որ հաջորդ տարվա բյուջեում կքննարկեն` ինչ ծավալներով են տրվելու ավանդները, շարունակվելու են, թե ոչ` որոշելու է կառավարությունը:
-Վարչապետի պատասխանը Ազգային ժողովի նիստում ձայնագրված է եւ ես չեմ ցանկանում բառերի ետեւից ընկնել եւ կրկնում եմ, որ ՀՀ նախագահի ներկայությամբ կայացել է քաղաքական համաձայնություն, որը հրապարակված է: Ավանդների վերադարձի հարցը ոչ թե լուծվելու է միայն 2006 թվականին, այլ շարունակվելու է պետական միջինժամկետ ծախսային ծրագրի նախատեսած կարգով, որի մասին համապատասխան օրենսդրական ամրագրում պետք է կատարվի հենց բյուջեի մասին օրենքում: Քաղաքական համաձայնության խախտումը չի կարող քաղաքական հետեւանքներ չառաջացնել: Ուստի ես հավատում եմ, որ բոլորն էլ նախանձախնդիր կլինեն համաձայնությունը պահպանելու: Իվերջո` այն վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց արդարացի պահանջին ր բոլորը պետք է շահագրգիռ լինեն, որ ավանդները վերադարձվեն:
-Բայց չէ որ ԱԺ ուղարկված բյուջեի մասին օրենքի նախագծում որեւէ խոսք չկա այդ մասին:
-Առայժմ չկա, բայց քննարկումների արդյունքում մենք այն կնախատեսենք: Ավանդների խնդիրը այլեւս լուծված է, շահարկողներին այլեւս ոչնչով օգնել չեմ կարող: Ով այսուհետ խոսի ավանդների փոխհատուցման դեմ, կխոսի ինքն իր դեմ:
-Այնումենայնիվ, չեմ կարող չհարցնել` արդյոք ավանդների վերադարձի պահի ընտրությունը պայմանավորված չէ սահմանադրության հանրաքվեով եւ դա չի նշանակում սիրաշահել ժողովրդին:
-Ավանդների վերադարձի մասին ոչ ես եւ ոչ էլ ՕԵԿ-ը այսօր չենք սկսել խոսել: Դա հետեւողական եւ երկարատեւ պայքարի արդյունք է, որը հնարավոր դարձավ բոլորի համատեղ աշխատանքի հետեւանքով: Այնպես որ ավանդների վերադարձը ոչ մի կապ չունի սահմանադրության հանրաքվեի հետ: Իսկ ժողովրդին սիրաշահելը համարում եմ անշնորհակալ գործ` ժողովուրդը լավ էլ գիտի` ով ով է, ով ինչ է ասում եւով ինչ է անում: