Դեկտեմբերի 3-ին կայացավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հարցերով խորհրդի նիստը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ` հույս հայտնելով, որ տարեցտարի կավելանա պետական եւ հասարակական կառույցների ուշադրությունը հաշմանդամների հիմնախնդիրների նկատմամբ: ԱԺ նախագահի հավաստմամբ` հաշմանդամների հարցերով խորհրդի ստեղծումը նպաստել է նրանց նկատմամբ ցուցաբերվող պետական ուշադրության ավելացմանը եւ հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամներին օգնելու պատրաստ մարդիկ գտնում են վերջիններիս օգնելու միջոցներ. «Ես կարծում եմ, որ բազմաթիվ պետական, հանրային եւ հասարակական կառույցներ իրենց ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ նպաստում են, որպեսզի հաշմանդամների խնդիրները արդյունավետ լուծումներ ստանան»,-ընդգծեց Արթուր Բաղդասարյանը: Նա կարեւորեց հետեւողականությունը, ամենօրյա պատասխանատու եւ հետեւողական աշխատանքը այդ խնդիրների լուծման համար:
Հաշմանդամների հիմնահարցերի լուծման գործում դրսեւորած արդյունավետ աշխատանքի եւ ձեռքբերումների համար, նաեւ` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ԱԺ նախագահը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել հաշմանդամների խնդիրների լուծման գործում:
Օրակարգում ընդգրկված` «Հասարակական ենթակառուցվածքների եւ հասարակական տրանսպորտի մատչելիության» օրենքի նախագիծը ներկայացրեց «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը: Նա ընդգծեց, որ հաշմանդամները հասարակության լիիրավ անդամ են: Պարոն Ալավերդյանը տեղեկացրեց, որ օրենքը կոչված է նպաստել հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար տեղաշարժման բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների եւ ազատությունների իրականացմանը, այլ անձանց հետ հավասար հնարավորության ստեղծմանը: Օրենքի նախագիծը կարգավորում է հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար սոցիալական, տրանսպորտային մատչելիության ապահովումը, նպաստում է հաշմանդամների հասարակության մեջ լիարժեք ինտեգրմանը, նրանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող քաղաքաշինական, տրանսպորտային եւ այլ պատնեշների վերացմանը: «Ունիսոն» հ/կ նախագահի հաղորդմամբ` օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է 42 երկրների փորձը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց «Հասարակական ենթակառուցվածքների եւ հասարակական տրանսպորտի մատչելիության» օրենսդրական նախաձեռնությունը դնել շրջանառության մեջ: Ըստ պարոն Բաղդասարյանի` օրինագծի ընդունումը կնպաստի հաշմանդամների` տրանսպորտային միջոցներից օգտվելու հիմնահարցի լուծմանը:
2006 թ. պարօլիմպիկ խաղերին հաշմանդամների մասնակցության մասին զեկուցեց «Փյունիկ» հ/կ նախագահ Հակոբ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ Տորինայում 2006թ. մարտի 10-19-ին կայանալիք պարօլիմպիական խաղերին մասնակցելու են երկու հաշմանդամ մարզիկ: Պարոն Ալավերդյանի հաղորդմամբ` Թեհրանի «Արարատ» մշակութային միության հետ մեկամսյա լեռնադահուկային սպորտի մարզումների կազմակերպմանպայմանավորվածություն կա: Հ/կ նախագահն առաջարկեց նոր կառուցվող օդանավակայանի մատչելիության ապահովման հարցի շուրջ նամակով դիմել օլիմպիական կոմիտեի նախագահին, սպորտի ղեկավարությանը, որպեսզի մարզական կառույցների վերանորոգման եւ կառուցման հարցում հաշվի առնեն հաշմանդամների համար մատչելիության խնդիրը:
Հաշմանդամների բուհական կրթության դժվարությունների մասին զեկուցեց «Հույսի կամուրջ» հ/կ անդամ Զարուհի Բաթոյանը: Նա տեղեկացրեց, որ բուհ-երում սովորող հաշմանդամ ուսանողներին աջակցում է պետությունը, սակայն չկան հաշմանդամների համար հարմարություներ: Զարուհի Բաթոյանի դիտարկմամբ` եթե արդեն կառուցված շենքերում չկան թեքահարթակներ եւ վերելակներ, ապա պետք է հետեւողական լինել` նոր շինություններում այդ բացը լրացնելու համար:
Պարոն Բաղդասարյանը խոստացավ աջակցել բառարանի վերահրատարակմանը, լսողական որակյալ սարքավորումներ տրամադրել հաշմանդամ երեխաներին, շնորհալի հաշմանդամ երեխաներին հնարավորություն ընձեռել մասնակցելու միջազգային մրցույթների եւ այլն: Նա տեղեկացրեց, որ 2006 թ. կբացվի հաշմանդամների վերապատրաստման եւ ուսուցման հանրապետական կենտրոն, որը կզբաղվի հաշմանդամների կրթության կազմակերպմամբ: Նա կարեւորեց հաշմանդամների տարբեր սոցիալական խավերի հետ կապված տարբերակված մոտեցում մշակելու անհրաժեշտությունը: