ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման եւ ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու եւ հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձեւի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարեւոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության եւ այլ ոլորտներում:
Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային եւ տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: