Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին:
Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նրա այցը կնպաստի անմիջականորեն ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ շատ հաճելի է գտնվել Հայաստանի խորհրդարանում եւ տեսնել, թե ինչպես են փոխհամաձայնության մթնոլոտում քննարկումներ ընթանում: Նրա խոսքերով` ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական աշխույժ գործունեություն է ծավալել` ակտիվորեն մասնակցելով հարցերի քննարկմանը:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ, ում հետ ԱԺ աշխատակազմը համաձայնագիր է ստորագրել եւ ակտիվ համագործակցություն ծավալել: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես, ներկայումս քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, եւ իշխանությունների ցանկությունն է ունենալ այնպիսի ԸՕ, որը կնպաստի անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը գոհունակություն հայտնեց Ընտրական օրենսգրքի վրա կատարվող աշխատանքների կապակցությամբ` կարեւոր համարելով ընտրությունների անցկացման համար հուսալի, վստահելի համակարգ ունենալը:
Անդրադարձ կատարվեց նաեւ արտաքին քաղաքական հարցերի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի համար միակ ընդունելի ձեւաչափն է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող կրակոցների, դիպուկահարների գործողությունների վրա. հայկական կողմն առաջարկել է նրանց հեռացնել շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից արձագանք չկա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ անհասկանալի է, որ Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ, սակայն փակ է պահում սահմանը հարեւանի հետ: Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից:
Անդրադառնալով ԼՂ հարցին` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը նշեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափին, եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ն ամենաճիշտ կազմակերպությունն է.« Մենք չենք ցանկանում , որ այլ կազմակերպություններ ներգրավված լինեն»: Նրա խոսքերով` պետք է աշխատել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաստեղծմանը` անընդունելի համարելով այն: Նա նշեց, որ նման քայլերը խանգարում են խնդրի լուծմանը: Պետրոս Էֆտիմիուն վերահաստատեց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ օգտակար չէ, որ այդ հարցին խառնվեն նաեւ այլ կազմակերպություններ:
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը` ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: