Մայիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեին:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ տիկին Յանսեն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ ողջունեց սկանդինավյան այդ երկրի խորհրդարանում Շվեդիա- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ստեղծումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:
Դեսպան Յանսեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը հայ-շվեդական համագործակցությունն ավելի ընդլայնելու համար: Նա նշեց, որ Շվեդիայի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս տարածաշրջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում, եվրոպական կառույցների հետ փոխհարաբերություններին եւ գործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին: