Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ մասնակցեց ֆրանսաբնակ հայազգի նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրությունում ներկայացված են նկարչի 50 աշխատանքներ, ինչպես նաեւ նախկինում Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրած 5 աշխատանք: Ռիշար Ժերանյանի անհատական ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 3-ը, իսկ ցուցադրությունից հետո նկարիչը պատկերասրահին կնվիրաբերի 14 աշխատանք:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկարչի հետ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի ուղեկցությամբ շրջեց ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված ստեղծագործություններին:
ԱԺ նախագահն այցելեց նաեւ Հայաստանի պատմության թանգարան, դիտեց Հայաստանի 13 մայրաքաղաքներին եւ 2012 թվականին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված ցուցադրությունների շրջանակներում ներկայացված ցուցանմուշները: