National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
24.05.2019
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
1 / 1

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել, որ վերջին շրջանում եւ հատկապես վերջին օրերին ՀՀ հանրային երկխոսության մեջ գտնվող ամենամեծ հետաքրքրություն առաջացնող թեմաներից մեկը, թերեւս, հենց անցումային արդարադատությունն է: Եւ նորից ասեմ՝ այսպիսի ներկայանալի մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Մենք անցած ամիսներին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ՝ միասնական, ներառական, ավելի լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի, գուցե նաեւ հետագայում այլ լսումների, քննարկումների ճանապարհով:

Ես հնչեցնեմ այդ հարցերից մի քանիսն ընդամենը՝ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափով, ինչպիսի՞ն է ի վերջո վերջնանպատակն անցումային արդարադատության, ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով:

Սկզբի համար թերեւս պետք է հասկանանք, թե ինչու՞ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը իրականացնելու արդար, անկախ արդարադատություն եւ ինչու՞ պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար թերեւս փաստ է, գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ շարունակ ունի կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել այս վերջին մեկ տարվա ընթացքում, այլ պատուհաս են դարձել մեր գլխին եւ իբրեւ մի հսկա ժայռ՝ կանգնած են Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաձայնեք՝ հնարավոր չէ կառուցել լիարժեք ժողովրդավարություն, երբ անկախ դատարանները չեն կարող ապահովել Հայաստանի Սահմանադրությունից եւ օրենքներից բխող անկախ արդարադատություն, ապահովել մարդու իրավունքները, չեն կարող կայացնել անկողմնակալ որոշումներ: Եւ անցման այս փուլում, երբ Հայաստանն անցնում է պսեւդոժողովրդավարությունից, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարություն, երբ ժողովուրդն, ի վերջո, ձեւավորել է օրենսդիր իշխանություն եւ օրենսդիր իշխանության միջոցով՝ գործադիր իշխանություն, դատական իշխանությունը շարունակում է ապրել, պայմանական ասած, հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը եւ օրենքները մի բան են, խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է դատական իշխանությունը, այլ բան է: Թերեւս, ավելորդ չէ մեկ անգամ եւս ձեւակերպել, որ դրանք խաղի կանոններ են, որտեղ էական դերակատարում ունեն զանազան կոռուպցիոն սխեմաները, ազգակցական կապերը, ինչու չէ՝ կաշառքը: Սա վստահաբար պնդում չէ բոլոր դատավորների, բոլոր ատյանների մասին, բայց միայն այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ լրջագույն, արագ եւ գիտակցված տարբեր որոշումներ կայացնելու ժամանակն է:

Ժամանակի մասով: Ուզում եմ ասել, որ կիսում եմ միջազգային փորձագետների հնչեցրած գնահատականներն այն մասին, որ, եթե պիտի կիրառվի անցումային արդարադատություն, ապա այժմ ճիշտ ժամանակն է: Չէր կարելի դա անել շուտ, հապճեպ եւ չի կարելի նաեւ հապաղել, չի կարելի ուշացնել:

Ի՞նչ նպատակ ունի անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատության նպատակը վերջնական անկախ դատական համակարգի ձեւավորումն է: Այսօր ակնհայտ է, այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որ իշխանության մյուս թեւերը որեւէ կերպ չեն ազդում դատական համակարգի որոշումների վրա, բայց միեւնույն ժամանակ դատական համակարգը կարծես թե շարունակում է ազդեցություններ կրել այլ շրջանակներից, այլ օղակներից, եւ սա, իսկապես, մեծագույն խնդիր է: Հետեւաբար, անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձեւավորումն է ըստ էության: Մյուս կողմից, անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրելու եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության: Սա եւս չափազանց կարեւոր է գիտակցել:

Գործիքների մասով: Թույլ տվեք ալեգորիկ համեմատություն անել: Եթե անցումային արդարադատությունը մի ծով է, որի ափին մենք կանգնած ենք, ապա չափազանց կարեւոր է հասկանալ՝ ի՞նչ չափով ենք մենք մտնում այդ ծովը: Որովհետեւ, եթե մենք մտնում ենք ոչ բավարար չափով, ապա ալեգորիայից իրականություն վերադառնալով՝ պետք է ասենք, որ չեն բավարարվի հասարակության ակնկալիքները եւ չենք հասնի վերջնանպատակին: Եթե մենք խորանում ենք այդ ծովում ավելին, քան անհրաժեշտ է, ապա մենք կարող ենք հանգել ոչ ինստիտուցիոնալ լուծումների, ինչը չի կարելի որեւէ կերպ թույլ տալ: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է եւ, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքը հանել եւ բացել մի պանդորայի արկղ, որը չգիտես ուր կհասցնի Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար չափը եւ գործիքակազմը հստակ գիտակցելը եւս չափազանց կարեւոր է:

Միջազգային փորձը: Բազմաթիվ երկրներ են կիրառել անցումային արդարադատությունը, որոշ դեպքերում այդ փորձը հաջողված է, որոշ դեպքերում՝ ոչ: Հաջողվածի եւ ձախողվածի մեջ որոշ բաղադրիչներ հաջողված են, որոշ բաղադրիչներ՝ ոչ:

Համերաշխության մասին: Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող:

Տնտեսական հանցագործությունների մասով: Մենք պետք է կարողանանք հասկանալ. հարցեր են հնչում, հարցեր են բարձրացվում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը եւ շարունակեն ապրել իրենց խաղաղ, ամենօրյա կյանքով:

Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի մասով: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի:

Դատական համակարգի մասով: Ամենաէականը, մենք պետք է հասկանանք՝ ի վերջո դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ: Եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել:

Եւ վերջում, ուզում եմ մի կարճ բան ասել. ի՞նչ չէ անցումային արդարադատությունը: Սա չափազանց կարեւոր է: Անցումային արդարադատությունն, այսպես ասած, եռյակ դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել եւ վճիռներ կայացնել: Անցումային արդարադատությունը պիտի օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա թերեւս ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք:

Նորից շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվելու համար: Ես հարցերի միայն մի մասը հնչեցրի, կլինեն զեկույցներ, փորձագետների կարծիքներ, ապա կլսենք բոլոր այն մարդկանց ելույթները, ովքեր, կարծում եմ, ասելիք ունեն այս մասով եւ գուցե վերջում ունենանք կոնկրետ եզրահանգումներ: Շնորհակալ եմ:


18.07.2019
«Օրենսդիր մարմնի անկախության ամրապնդումն ընդդեմ աճող ավտորիտարիզմի». Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումում
«2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս ...

05.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայա...

01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը
«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, մեծարգո տիկին Մատվիենկո,հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստ...

23.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյայ...

13.04.2019
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է. «Հ...

12.03.2019
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադ...

06.02.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ օտարերկրյա պետությունների իր գործընկերներից եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորել են Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան, Գերմանիայի Բունդեսթա...

02.02.2019
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի ...

28.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմութ...

17.01.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պ...

14.01.2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS