ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:
Ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ երախտագիտությամբ է վերաբերում Միացյալ Նահանգներում Փալոունի կողմից գործադրվող ջանքերին՝ արդարացի դիրքորոշում պահպանելու համար՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայանպաստ դիրքորոշումները ամրապնդելու առումով կոնգրեսականի ջանքերն անգնահատելի են: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ խաղաղ բանակցություններին այլընտրանք չեն տեսնում: Նա կարեւոր է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում են դիտարկվում Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին քննարկումները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում:
Ֆրենկ Փալոունը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ հրավերի համար եւ անդրադարձել այս օրերին ունեցած իր քննարկումներին, որոնք թույլ են տվել ամբողջական կարծիք կազմել հայ-ամերիկյան օրակարգում առկա առաջնահերթությունների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերի մասին: