National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ artakin@parliament.am
Հեռ. (374-10) 513271




ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
«5» «սեպտեմբերի» 2007 թ.
N  2     ՈՐՈՇՄԱՄԲ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սահմանադրության 73 հոդվածին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվում է օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով։

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում եւ գործում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հանձնաժողովն Ազգային ժողովի մարմին է:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 3-րդ կետին եւ 25 հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան, Հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում Հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

ԳԼՈՒԽ II.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

5. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 4-րդ կետի, Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ, միջխորհրդարանական կապեր։

6. Հանձնաժողովը գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին եւ սույն կանոնակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի եւ անդամների, իր կազմից ստեղծված ենթահանձնաժողովների եւ իր կողմից կազմավորված աշխատանքային խմբերի  միջոցով։

7. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են՝

ա) Սահմանադրության եւ օրենքների գերակայության ապահովումը.

բ) հավատարմությունը ժողովրդավարությանը,

գ)մարդասիրությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանումն ու զարգացումը,

դ) ժողովրդավարության հարուստ ավանդույթ ունեցող երկրների փորձի ուսումնասիրումը եւ  ազգային արժեքների համադրմամբ` Հայաստանում նշված փորձի կիրառմանը նպաստումը,

ե) քաղաքական բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ լուծումը,

զ) աշխատանքային կարգապահությունը,

է) Հանձնաժողովի անդամների գործունեության՝ օրենքով սահմանված երաշխիքների պահպանումը,

ը) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը։

8. Հանձնաժողովն իր գործունեության ոլորտներում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, իրավասու է.

8.1. միջազգային պայմանագրերի մասով`

  • բազմակողմանիորեն քննարկել, եւ ԱԺ Կանոնակարգ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, որպես գլխադասային հանձնաժողով իր եզրակացությունը ներկայացնել ՀՀ կողմից կնքված եւ ԱԺ վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի առնչությամբ,
  • քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ նոր պայմանագրերի նախաձեռնման եւ կնքման նպատակահարմարության վերաբերյալ,
  • մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը,
  • դիմել ԱԳՆ եւ այլ պետական մարմիններին` միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ եզրակացություններ ստանալու համար, եւ այդ եզրակացությունները քննարկել հանձնաժողովում,
  • ելնելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում առաջացած եւ /կամ/ առաջացող խնդիրներից` անդրադառնալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությանը,
8.2. միջազգային հարաբերությունների մասով`
  • ակտիվորեն ուսումնասիրել խորհրդարանական դիվանագիտության միջազգային փորձը,
  • Ազգային ժողովում համակարգել խորհրդարանական դիվանագիտության հնարավոր դրսեւորումներն ու կիրառումը,
  • մշտապես հետեւել, եւ անհրաժեշտության դեպքում համապատասխանաբար արձագանքել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին,
  • անմիջական ուշադրության կենտրոնում պահել Հարավային կովկասի տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները,
  • հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որոշմամբ ամրագրված հարցի առնչությամբ, հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու եւ համապատասխան քննարկումներն իրականացնելու նպատակով` հանձնաժողով հրավիրել Արտաքին գործերի նախարարին,  այլ պաշտոնատար անձանց,
  • մշտապես  ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, օժանդակել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրների բազմակողմանի քննարկմանն ու համապատասխան քաղաքականության ձեւավորմանը, հասարակության կողմից արտաքին քաղաքական գործընթացների իրազեկմանն ու ըմբռնմանը, նպաստել ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ խորհրդարանական տեսակետի ձեւավորմանը,
  • համագործակցել ՀՀ Նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների ոլորտը սպասարկող համապատասխան կառույցի, ՀՀ Կառավարության աշխատակազմի համապատասխան կառույցի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ, անհրաժեշտության դեպքում` հանդես գալ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով եւ համաձայնեցնել աշխատանքային խմբի կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը,
  • պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ քննարկումներ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ /կամ/ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,
  • զարգացնել շփումները ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
  • ապահովել մշտական շփումներ միջազգային հարաբերություններում ՀՀ պետական շահերի պաշտպանությանը եւ պետության հեղինակության բարձրացմանը նպաստող /կամ նպաստելու հնարավորություն ունեցող/ ոչ կառավարական մարմինների հետ, եւ նպաստել նշված մարմինների առավել արդյունավետ աշխատանքին,
  • նպաստել միջազգային հարաբերություններում ընդհանրապես, եւ միջազգային կառույցներում մասնավորապես` ՀՀ հեղինակության բարձրացմանը,
  • նպաստել միջազգային հարաբերությունների եւ հարակից ոլորտների երիտասարդ որակյալ մասնագետների պատրաստմանը,
8.3. միջխորհրդարանական կապերի մասով`
  • նպաստել ՀՀ ԱԺ միջխորհդարանական կապերի կայուն եւ դինամիկ զարգացմանը, անհրաժեշտության դեպքում` նոր կապերի ստեղծմանը,
  • հանձնաժողովին տեղեկատվություն, եզրակացություններ, առաջարկություններ տրամադրելու եւ  /կամ/ որոշակի հարցերի քննարկման նպատակով` հրավիրել հանձնաժողովի նիստերին միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների ղեկավարներին,
  • նպաստել միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,
  • հաստատել ուղղակի կապեր  օտարերկրյա պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների ոլորտը համակարգող հանձնաժողովների հետ, անհրաժեշտության դեպքում` ստորագրել համագործակցության հուշագրեր, անց կացնել երկու հանձնաժողովների կամ նրանց կողմից լիազորված հանձնաժողովների պատվիրակությունների համատեղ նիստեր /համատեղ նիստերում որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին/,
  • անհրաժեշտության դեպքում` հաստատել ուղղակի կապեր օտարերկրյա պետությունների տարբեր մակարդակների ընտրովի մարմինների հետ:
9. Հանձնաժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով՝

ա) Ազգային ժողովի նախագահին եզրակացություն է ներկայացնում չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի, Ազգային ժողովի որոշման նախագծի եւ (կամ) այլ առաջարկությունների վերաբերյալ.

բ) Ազգային ժողովի նախագահին եզրակացություն է ներկայացնում օրենքների նախագծերը (դրանց փաթեթները) եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ (կամ) չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու մասին.

գ) Ազգային ժողովի նախագահին առաջարկություն է ներկայացնում հերթական նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերի վերաբերյալ.

դ) կարող է օրենքի նախագիծն այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

ե) կարող է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնել հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշում ընդունելու մասին.

զ)  Ազգային ժողովին ներկայացնում է եզրակացություն միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման նպատակահարմարության  վերաբերյալ.

է) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ հանձնաժողովը կարող է հանդես գալ միջխորհրդարանական համաձայնագրեր ստորագրելու նախաձեռնությամբ: Այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի կողմից միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես գալու դեպքում՝ հանձնաժողովը քննարկում եւ մեկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում համապատասխան եզրակացություն.

ը) Ազգային ժողովի նիստում եզրակացություն է ներկայացնում քննարկվող օրենքի,  Ազգային ժողովի որոշման նախագծի եւ այլ առաջարկությունների վերաբերյալ.

թ) կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, այդ թվում, նաեւ` այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին.

ժ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, հանձնաժողովն իրեն վերապահված ոլորտին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ որոշում է ընդունում կազմակերպել  խորհրդարանական լսումներ.

ժա) կարող է հրավիրել այլ անձանց՝ ներկա գտնվելու Ազգային  ժողովի դռնբաց նիստում.

ժբ) Ազգային ժողովի նախագահին եզրակացություն է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին.

ժգ) կարող է Ազգային ժողովին ներկայացնել առաջարկություն՝ առանձին հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին.

ժդ) կարող է Ազգային ժողովի մյուս Հանձնաժողովների հետ անցկացնել համատեղ նիստեր եւ (կամ) խորհրդարանական լսումներ.

ժե) կարող է իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ, միջխորհրդարանական համաձայնագրերով, ՀՀ օրենսդրությամբ եւ ենթաօրենսդրական ակտերով իրեն վերապահված եւ /կամ/ իր գործունեությանն առնչվող /օրենքով չարգելված/ այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ III.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

10. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է եւ նրա լիազորությունները դադարում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26 հոդվածով սահմանված կարգով։

10.1. Հանձնաժողովի նախագահն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով՝

10.1.1. ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը եւ հետեւում սույն Կանոնակարգի պահպանմանը.

10.1.2. ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի կազմումը.

10.1.3. նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

10.1.4.  գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

10.1.5. հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

10.1.6.համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը, կարող է մասնակցել եւ վարել դրանց նիստերը.

10.1.7. ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

10.1.8. Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից Հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք.

10.1.9. կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացնել առաջարկություն Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ.

10.1.10. կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծն ուղարկել պետական եւ (կամ) այլ փորձաքննության.

10.1.11. մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին.

10.1.12. հերթական նստաշրջանի ավարտից հետո 30 օրվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովում քննարկված հարցերի ցանկը.

10.1.13. ընթացք է տալիս եւ (կամ) պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին ու բողոքներին.

10.1.14. ղեկավարում է հանձնաժողովի գործավարի եւ փորձագետ-գլխավոր մասնագետների  աշխատանքը.

10.1.15. Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ կարող է ընդգրկվել Հանձնաժողովի փորձագետ-մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու կամ ատեստավորման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կամ մասնակցել դրանց նիստերին.

10.1.16. համագործակցում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի եւ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ ապահովելով Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

10.1.17. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների համապատասխան գերատեսչությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ անհրաժեշտության դեպքում հանդիպելով նրանց ներկայացուցիչների հետ.

10.1.18. ներկայացնում է Հանձնաժողովը պետական մարմիններում, հասարակական եւ միջազգային կազմակերպություններում.

10.1.19. հանդիպումներ է ունենում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների խորհրդարանների պատվիրակությունների հետ, որոնց ժամանակ կազմվում է արձանագրություն.

10.1.20. միջնորդում է Հանձնաժողովի անդամների համար գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու հարցում.

10.1.21. վարում է Հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները.

10.1.22. հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում մասնագիտական քննարկումներ.

10.1.23.  կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

10.1.24.   կարգի է հրավիրում Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, խանգարում Հանձնաժողովի աշխատանքները եւ այլ գործողություններով խախտում է սույն Կանոնակարգով սահմանված կարգը.

10.1.25. դուրս է հրավիրում Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի պահանջները.

10.1.26. եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում եւ, նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը.

10.1.27. եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված.

10.1.28.  անհրաժեշտության դեպքում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, ներկայացնում է Հանձնաժողովի տեսակետը այս կամ այն հարցը քննարկելիս.

10.2. Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահը կարող է ունենալ այլ լիազորություններ:

11. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է Հանձնաժողովի որոշմամբ։

11.1. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական.

11.2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հանձնաժողովի  անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ։

12. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26 հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը։

13. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) մասնակցում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի մշակմանը.

բ) մասնակցում է Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մշակմանը:

ԳԼՈՒԽ IV.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

14. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 25 հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովում Ազգային ժողովի պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

14.1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 25 հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Ազգային ժողովի խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

15. Հանձնաժողովի անդամն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով կարող է՝

ա) առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ նրա փոխարինողի պաշտոններում.

բ) ընդգրկվել Հանձնաժողովի կողմից ստեղծված մեկ կամ մեկից ավելի ենթահանձնաժողովի կամ ձեւավորված աշխատանքային խմբի կազմում, ղեկավարել ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը.

գ) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի որոշման նախագծեր եւ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ առաջարկություններ, հանդես գալ Ազգային ժողովի կողմից գործուղման արդյունքների մասին հաղորդումով.

դ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի, դրա ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում.

ե) ներկայացնել Հանձնաժողովի եզրակացությունը եւ (կամ) առաջարկությունն Ազգային ժողովի նիստում.

զ) հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց.

է) ծանոթանալ Հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել:

16. Հանձնաժողովի անդամը պարտավոր է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով`

ա) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ Հանձնաժողովի նիստերին եւ գործավարի մոտ ձեւաթղթում ստորագրել իր անվան դիմաց իսկ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում` այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին.

բ) կատարել Հանձնաժողովի որոշումները եւ հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները,

գ) տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական վճարովի աշխատանք կատարելու դեպքում,

դ) ուսումնասիրել եւ Հանձնաժողովին ներկայացնել Հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող իրեն առաջարկված օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծեր, Հանձնաժողովի որոշումներ եւ այլ փաստաթղթեր,

ե) կատարել քաղաքացիների ընդունելություն Հանձնաժողովի կողմից հաստատված ընդունելության ժամանակացույցի համապատասխան, նրանց դիմումներին եւ առաջարկություններին տալ համապատասխան ընթացք,

զ) քննարկվող նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնել Հանձնաժողովի նիստից 2 օր առաջ:

17. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է: Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:

18. Հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:

19. Պատգամավորը կարող է ունենալ Օրենքով նախատեսված այլ իրավունքներ եւ  պարտականություններ:
 


ԳԼՈՒԽ V.

ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

20. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 23 հոդվածին համապատասխան՝ Հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին:

21. Ենթահանձնաժողով  ստեղծելու եւ (կամ) աշխատանքային խումբ ձեւավորելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծում սահմանվում են ենթահանձնաժողովի եւ (կամ) աշխատանքային խմբի խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը։

22. Ենթահանձնաժողովի  կազմում կարող են ընդգրկվել միայն Հանձնաժողովի անդամները՝ Հանձնաժողովի նախագահին ներկայացված իրենց դիմումի համաձայն ։

23. Ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներն ընտրվում են Հանձաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

24. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել Ազգային ժողովի պատգամավորը, ինչպես նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ-գլխավոր մասնագետը, պատգամավորի օգնականը, այլ մասնագետը, գիտնականը եւ հասարակական գործիչը:

25. Աշխատանքային խմբի կազմում Ազգային ժողովի պատգամավոր չհանդիսացող այլ անձնանց ընդգրկելու մասին առաջարկություն Հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել միայն Հանձնաժողովի անդամը, աշխատանքային խմբի կազմը հաստատում է Հանձնաժողովը։

26. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է դրա աշխատանքը:

27. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է Հանձնաժողովի նիստում:

28. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

ԳԼՈՒԽ VI.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ

29. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 27 հոդվածին   համապատասխան՝ Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը՝ ժամը 11-ին:

30. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Նախաձեռնողը հանձնաժողովի նախագահին գրավոր ներկայացնում է նիստի օրակարգը եւ ժամկետը:

31. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ իր նախաձեռնության մասին Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է այդ նիստից առնվազն 4 ժամ առաջ։

32. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են եւ հրապարակային, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 90 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքի։

33. Դռնփակ նիստ կարող է գումարվել Հանձնաժողովի որոշմամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 28 հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազոր ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաեւ Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն  արգելվում է: Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Դռնփակ նիստի արձանագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

34. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 28 հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն կանոնակարգի 33. կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Հանձնաժողովի փորձագետ-գլխավոր մասնագետները եւ գործավարը, Հանձնաժողովի նախագահի հրավիրած եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

35. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 28 հոդվածի 4-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները: Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք նիստի մասին տեղեկացվում են առնվազն երեք օր առաջ:

36. Հանձնաժողովի հերթական կամ արտահերթ նիստը սկսվելուց առաջ Հանձնաժողովի անդամները գրանցվում են: անձնաժողովի անդամների գրանցումը կատարվում է Հանձնաժողովի անդամների ցանկում իրենց ազգանվան, անվան  դիմաց ստորագրելու միջոցով։ Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ ձեւաթուղթը Հանձնաժողովի նիստի արձանագրության բաղկացուցիչ մասն է։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է Հանձնաժողովի գործավարի մոտ համապատասխան ձեւաթղթում ստորագրելով, որը կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը) Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 1/4 - ից ավելին:  Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա գիտությամբ կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ Հանձնաժողովի լիազորված անդամը:

Չգրանցված Հանձնաժողովի անդամը գրանցվում է  իր խնդրանքով:

37.  Հանձնաժողովի նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում  եւ փակում է նիստը.

բ) ձայն է տալիս եւ ավելացնում ելույթի ժամանակը.

գ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

դ) համակարգում է  նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.

ե) զգուշացնում է՝ ազգանունը, անունը հրապարակելով, Հանձնաժողովի այն անդամին, որը նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից եւ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով ու սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

զ) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

է) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից եւ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

ը) իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

37.1. Եթե Հանձնաժողովի նիստում անկարգություն է առաջանում եւ վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

37.2. Եթե Հանձնաժողովի նիստը վերսկսվելուց հետո անկարգությունը չի դադարում, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված:

38. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը:

39. Եթե Հանձաժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարող է անցկացնել խորհրդակցություն՝ Հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացնելով նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում նիստը վարողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում տվյալ օրվա Հանձնաժողովի նիստերը համարվում են չկայացած:

40. Հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

41. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը, նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքի նախագծերը, Ազգային ժողովի որոշման նախագիծը, որոնց համար Հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, Հանձնաժողովի օրակարգ են ընդգրկվում առանց քվեարկության:

42. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը, Հանրապետության Նախագահի առարկություններով եւ առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը, Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը, նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, հերթական նստաշրջանի օրակարգից չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը սպառած հարցերը Հանձնաժողովի նիստում քննարկվում են արտահերթ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մնացած հարցերը քննարկվում են Հանձնաժողովի որոշմամբ, իսկ արտահերթ նիստերում՝ դրա նախաձեռնողի կամ նախաձեռնողների ներկայացուցչի կողմից սահմանված հաջորդականությամբ:

43. Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի նիստում առաջարկում է համապատասխան ոլորտով զբաղվող Հանձնաժողովի անդամին ուսումնասիրել այն նախագիծը, որի համար Հանձնաժողովը համարվում է գլխադասային, ամփոփել տվյալ նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների 10-օրյա ժամկետում ներկայացրած գրավոր առաջարկությունները, նախապատրաստել Հանձնաժողովի որոշման նախագիծ` Հանձնաժողովի եզրակացությունը կազմելու համար եւ հարցը ներկայացնել Հանձնաժողովի նիստին:

44. Օրենքների նախագծերի եւ այլ առաջարկությունների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են քվեարկությամբ: Հանձնաժողովի որոշումները` առաջարկությունները եւ եզրակացություններն ընդունվում են Հանձնաժողովի նիստին ներկա (գրանցված) Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանում այլ ժամկետ սահմանված չէ։

45. Հանձնաժողովի նիստում քվեարկությունները կատարվում են միայն Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

46. Հանձնաժողովի նիստի ժամանակ սենյակում կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

47. Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ հանձնաժողովի նիստերի սենյակում տեղադրված հեռախոսի:

48. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել միայն Ազգային ժողովի նստաշրջանի, չորսօրյա նիստերի կամ արտահերթ նիստի  օրակարգից հանվելու դեպքում: Սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցը հանձնաժողովի օրակարգից կարող է հանվել հեղինակի առաջարկությամբ: Հեղինակը կարող է այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվերակության:

49. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մյուս հանձնաժողովների հետ կարող է անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր Հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին -առանձին:

50. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

51. Զանգվածային լրատվության միջոցներով Հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որն  անցկացնում է ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ: 28.3. 32. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։

52. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներառում է՝

ա) արձանագրության համարը, նիստի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը.

բ) նիստը վարողի անունը, ազգանունը, նիստին ներկա եւ նիստից բացակայող Հանձնաժողովի անդամների ցուցակը, ըստ որում՝ բացակայության պատճառը.

գ) նիստին ներկա, այդ թվում՝ հրավիրված անձանց ցուցակը.

դ) նիստի օրակարգը եւ քննարկված հարցերի ցանկը.

ե) օրակարգային հարցերի  քննարկման ժամանակ ելույթ ունեցած անձանց ցուցակը.

զ) քվեարկության արդյունքները.

է) ընդունված որոշումները, առաջարկությունները եւ եզրակացությունները։

Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը։

53. Հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը ոչ ուշ, քան ուրբաթ օրվա ժամը 16-ը` ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

54.Հանձնաժողովի նիստի արձանագրությունը պահպանվում է Հանձնաժողովի գործավարի մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո 30 օրվա ընթացքում տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ։

55. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը:

56. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

ԳԼՈՒԽ VII.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾԸ

57. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով  սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի կողմից Հանձնաժողով ուղարկված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը, օրենքով եւ սույն կանոնակարգով նախատեսված այլ հարցեր։

58. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերը Հանձնաժողովի անդամներին են տրամադրվում այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի արտահերթ նիստինը՝ այդ նիստից առնվազն 4 ժամ առաջ։

59. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագծի մասին Կառավարությունը, Աշխատակազմը, ինչպես նաեւ այդ նախագծում ընդգրկված հարցի քննարկման համար նշանակված Ազգային ժողովի այլ գլխադասային հանձնաժողովը տեղեկացվում են այդ նիստից առնվազն 24 ժամ առաջ, իսկ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի օրակարգի նախագծի մասին՝  այդ նիստից առնվազն 4 ժամ առաջ:

60. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը։

61. Հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում այդ նիստը նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

ԳԼՈՒԽ VIII.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

62. Եթե սույն կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթ.

բ)  հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթ.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթ.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ.

ը) քվեարկություն:

63.  Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, որպես հարակից զեկուցող`  սահմանված կարգով նշանակված Հանձնաժողովի ներկայացուցիչը։

64. Իր ելույթում Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով եւ սույն կանոնակարգով սահմանված կարգով առաջարկել՝

ա) հարցի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել դրական եզրակացություն կամ եզրակացություն չներկայացնել.

բ) օրենքի նախագիծը այլընտրանքային համարել միեւնույն ոլորտը կարգավորող եւ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված  օրենքի նախագծի նկատմամբ.

գ) հետաձգել օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերում.

դ) հարցն Ազգային ժողովում քննարկելու համար սահմանել հատուկ ընթացակարգ.

ե) երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագծում   առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի բովանդակությունը համարել ամբողջությամբ փոփոխված.

զ) փոփոխել երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթի՝ Ազգային ժողովում քննարկման ժամկետները.

է) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն Ազգային ժողովում քննարկել երկու ընթերցմամբ։

65. Եթե օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է Հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝  եզրափակիչ ելույթով:

66. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

67. Հարցեր տալու ցանկություն ունեցող պատգամավորների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։

68. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու ցանկություն ունեցող Հանձնաժողովի անդամների հերթագրումն իրականացնում է Հանձնաժողովի նիստը վարողը։ Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

69. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, վարչապետը, Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում, ինչպես նաեւ Կառավարության անդամները՝   սույն  կանոնակարգով  սահմանված կարգով։

70. Հարցի քննարկմանը ներկա կամ հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի նիստը վարողի թույլտվությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ։

71. Օրենքի եւ (կամ) Ազգային ժողովի որոշման նախագծի հեղինակի եւ Հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Հանձնաժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

71.1. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը:

72. Հանձնաժողովի նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ կրկնում քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում է դրանց ձեւակերպումները։ Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով։ Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը վարողը։

73. Քվեարկության պահին Հանձնաժողովի նիստը վարողին դիմելն արգելվում է:

74. Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմանված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

75. Քվեարկության ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները: Եթե քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումներն ազդում են որոշման ընդունման վրա, ապա Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ նիստը վարողի հայտարարությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը կրկնվում է։ 

ԳԼՈՒԽ IX.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

76. Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ)։

77. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի, Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական եւ մասնագիտական գործնեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար /օգնական/ եւ 3 փորձագետ /մասնագետ/։

78. Հանձնաժողովի փորձագետները /մասնագետներն/ Աշխատակազմի պետական ծառայողներ են: Նրանք աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական  ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

79.  Հանձնաժողովի փորձագետ /մասնագետը/ կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է Հանձնաժողովի անդամների աշխատանքին:

80. Հանձնաժողովի փորձագետ /մասնագետի/ ծառայությունն իրականացվում է համաձայն պետական ծառայության պաշտոնի անձնագրի:
 

ԳԼՈՒԽ X.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

81. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7 հոդվածի առաջին կետին համապատասխան` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են 10-օրյա ժամկետում, բացառությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել Հանձնաժողովի նախագահի եւ Հանձնաժողովի անդամների հարցումները եւ առաջարկները, գրավոր պատասխանել դրանց, ինչպես նաեւ ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ նրանց գրավոր տեղեկացնել իրենց բարձրացրած հարցի քննարկման մասին:

82. Հանձնաժողովի նախագահի հարցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ Հանձնաժողովի անվանմամբ  ձեւաթղթով:

83. Հանձնաժողովին ուղղված դիմումները քննարկվում են օրենքով սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ XI.

ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

84. Սույն կանոնակարգը ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են  Հանձնաժողովի նախագահի կամ անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Սույն Կանոնակարգը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից որոշումն ընդունելու պահից:

85. Սույն կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունն առանց քվեարկության ընդգրկվում է Հանձնաժողովի նիստի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am