National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


25.09.2007

25.09.2007թ. հանդիպման արձանագրություն


Երեւան
25 սեպտեմբերի, 2007թ.
ՀՀ ԱԺ վարչական շենք

Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Մարթա Այվազյանը, ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ  Գոհար Պողոսյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ Վիկտորյա Մնացականյանը եւ հանձնաժողովի փորձագետներ:

ՆԱՏՕ-ի կողմից ներկա էին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նորանշանակ կապի սպա Զբիգնեւ Ռիբացկին եւ ՆԱՏՕ-ի քարտուղարության աշխատակիցներ:

Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում պարոն Ադոնցը ողջունեց հյուրերին Ազգային ժողովի նորաստեղծ հանձնաժողովում եւ ընդգծեց, որ այս հանձնաժողովի ստեղծումը վկայում է այն փաստը, որ եվրաինտեգրման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից լինելուց բացի դարձել է նաեւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին, պարոն Ադոնցը ընդգծեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման եւ խորության կարեւորությունը` նշելով, որ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունները կրում են գործնական եւ կոնկրետ բնույթ: 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար եւ շնորհավորեց Ավետ Ադոնցին Ազգային ժողովում նորաստեղծ հանձնաժողովի ստեղծման եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նրա կարծիքով վերջին ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի նոր հանձնաժողովները ավելի կխթանեն եվրոպական ընտանիքին ինտեգրման եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման գործընթացը:

Ռոբերտ Սիմոնսը նշեց, որ իր կարճատեւ այցի նպատակն է Հայաստանի իշխանություններին ներկայացնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի նորանշանակ կապի սպա Զբիգնեւ Ռիբացկուն: Դեսպանը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության խորացումը` նշելով, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում առանցքային խնդիրներից է հանդիսանում երկրում իրականացվող եւ, մասնավորապես, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խորհրդարանականների ներգրավումը եւ այդ թեմաների շուրջ երկխոսության ակտիվացումը: Նա նշեց, որ ս.թ.  նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ն Խորհրդարանական վեհաժողովի հետ մեկտեղ կազմակերպում է ԱԺ պատգամավորների եւ Պաշտպանության նախարարության պաշտոնյաների այցը Բրյուսել` ՆԱՏՕ-ի շտաբ կայան, որի ընթացքում խորհրդարանականները հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալու կառույցին եւ ավելի լավ ընկալելու անվտանգության հետ կապված հարցերը: Նա հույս հայտնեց, որ այս ծրագիրը լավագույնս կօգտագործվի ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության զարգացման համար: 

Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել ԱԳԳԾ իրականացման մեկ ու կես տարվա ընթացքում, ինչի մասին նշվել է նաեւ ս.թ. ապրիլի 4-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ: Դեսպանը նշեց, որ այս առաջընթացն արդյունք է այն քայլերի, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկում է ծրագրով նախատեսված միջոցառումները ժամանակին եւ որակով իրականացնելու ուղղությամբ:

Շարունակելով թեման` Ռոբերտ Սիմոնսը բարձրացրեց մի շարք հարցեր: Ամենից առաջ նա հետաքրքրվեց, թե արդյոք Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման ընդլայնման խնդրի լուծումը հնարավոր է մինչեւ տարվա վերջ եւ կարող է արդյոք այն խոչընդոտներ ունենալ:

Նա գոհունակություն հայտնեց այն առնչությամբ, որ ՀՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Աֆղանստանում իրականացվող առաքելությանը Հայաստանի հնարավոր մասնակցության մասին:

Այնուհետեւ նա ողջունեց ընդհանուր պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ՀՀ Կառավարության ձեռնարկած քայլերը` մասնավորապես, Ազգային անվտանգության ռազմավարության մշակումը, որն արդեն ընդունվել է եւ, որտեղ հստակորեն ներկայացվում են Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղությունները:

Շարունակելով պաշտպանության համակարգի բարեփոխումների  թեման դեսպանն անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարարությունում Քաղաքացիական տարրի ներդրման  եւ ֆինանսաբյուջետային հարցերի թափանցիկության հետ կապված խնդիրներին:

Այնուհետեւ դեսպան Սիմոնսը հարց բարձրացրեց ԵՍԶՈւ պայմանագրի մասին, որը Ռուսաստանի կողմից ձեռնարկած քայլերի հետեւանքով որոշակիորեն վտանգվել է: Ինչպես ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ՆԱՏՕ-ն աշխատանքներ է տանում «Գործողություն գործողության համար» ծրագրի մշակման ուղղությամբ, որը հնարավոր կդարձնի, որպեսզի Ռուսաստանը դուրս չգա պայմանագրից: Այդ ծրագրի էությունը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, պահպանելով   Արեւելյան Եվրոպայի երկրներին տրված իրենց խոստումները, սկսեն ԵՍԶՈՒ պայմանագրի վավերացման գործընթացը եւ, ձեռք բերելով Ռուսաստանի համաձայնությունը, հասցնեն այդ գործընթացն իր ավարտին: Ընդգծվեց, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը շատ կարեւոր փաստաթուղթ է ինչպես Դաշինքի անդամ առանձին պետությունների, այնպես եւ կազմակերպության համար:

Ավարտելով իր խոսքը` պարոն Սիմոնսը ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն դրական է գնահատում ճգնաժամերի կառավարման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը, եւ նշեց որ Դաշինքը կաջակցի Հայաստանում Իրավիճակային կենտրոնի ստեղծմանը, որը կմիավորի բոլոր համապատասխան գերատեսչությունները եւ կգործի ոչ միայն ռազմական, այլ նաեւ բնական աղետների հետ կապված խնդիրների կարգավորման համար:

Արձագանքելով դեսպանի հնչեցրած հարցերին` մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար եւ նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հանձնաժողովի արդյունավետ  գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների գնահատման եւ համապատասխան բազայի ստեղծման ուղղությամբ: Նա նշեց, որ բանակցություններ են ընթանում Եվրամիության հետ`  փորձագիտական աշխատանքում աջակցություն ստանալու համար, քանի որ եվրոպական չափանիշներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման խնդիրը դրված է հենց այս հանձնաժողովի վրա: Նա նշեց, որ հոկտեմբերին ՀՀ նախագահը այցելելու է Բրյուսել, որտեղ ԵՄ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաեւ Հայաստանի խորհրդարանում եվրոպական փորձագետներ ունենալու հարցը:

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ եվրաինտեգրման  գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է  գործադիր մարմնում ստեղծել եվրաինտեգրման հարցերով զբաղվող մի կենտրոնացված կառույց, որը հանձնաժողովի հետ կհամակարգի եվրաինտեգրման ողջ ընթացքը:

Ինչ վերաբերվում է Կոսովոյում ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ընդլայնմանը Ավետ Ադոնցի կարծիքով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կողմ կլինեն խնդրի լուծմանը եւ այդ հարցի շուրջ դժվարություններ չեն առաջանա: Անշուշտ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը դե ֆակտո գտնվում է նախագահական ընտրությունների նախընտրական փուլում, այդ խնդիրը կդառնա լայն քննարկումների եւ քաղաքական շահարկումների առարկա: Խորհրդարանից դուրս կան ուժեր, որոնք ընդհանրապես դեմ են Արեւմուտքի հետ համագործակցությանը, սակայն ինտեգրումը Եվրոպական կառույցներին եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների ընդունած արտաքին քաղաքականության կուրսն է, որը արդյունք է հիմնական քաղաքական ուժերի միջեւ կայացած քաղաքական կոնսենսուսի եւ, ինչպես ասում են, հետադարձ ճանապարհ չկա:

Անդրադառնալով ԵՍԶՈՒ պայմանագրի շուրջ առաջացած խնդիրներին` նա նշեց, որ դրանց բարդացումները պայմանավորված են Ռուսաստանում նախընտրական շրջանի հետ, քանի որ այսօր Ռուսաստանում բարձր պաշտոնյաների կողմից պայմանագրի շուրջ արված բոլոր հայտարարությունները օգտագործվում են նախընտրական պայքարի համատեքստում: Պարոն Ադոնցը հավաստիացրեց, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այս հարցը իսկապես կարգավորվի, քանի որ ցանկացած լարված հարաբերություն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ դեռեւս անդրադառնում է Հայաստանի վրա: Միեւնույն ժամանակ, նա հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն այն հիմնական կառույցներն են, որոնք կարող են գտնել այդ պայմանագրի շուրջ խնդիրների լուծումը:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին Ռոբերտ Սիմոնսի` Հայաստան կատարելիք հաջորդ այցի ընթացքում կազմակերպել հանդիպում Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի բոլոր անդամների հետ եւ հույս հայտնեցին, որ Հայաստանի եւ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հարաբերությունները այսուհետ եւս կշարունակվեն անշեղորեն զարգանալ:


Արձանագրությունը կազմեց՝
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
վարչության գլխավոր մասնագետ
Վիկտորյա Մնացականյանը


19.12.2007
Տեղեկատվություն. Խորհրդակցություն հանձնաժողովում

28.11.2007
Հանդիպում Հանձնաժողովում

08.11.2007
Լիտվայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ

01.11.2007
2008թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը հանձաժողովների համատեղ նիստում

18.10.2007
Բունդեստագի պատվիրակությունը հանդիպեց Հանձնաժողովի հետ

09.10.2007
«Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովների համատեղ նիստում

05.10.2007
Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում

25.09.2007
Հանդիպում Հանձնաժողովում

20.09.2007
Հանդիպում Ռաուլ դե Լուցենբերգերի հետ

19.09.2007
Հանձնաժողովի նիստը

13.09.2007
Հանդիպում Հանձնաժողովում

13.09.2007
13.09.2007թ. հանդիպման արձանագրություն

06.09.2007
2006թ. պետական բյուջեի կատարողականի քննարկում

04.07.2007
ԵԽԽՎ նախագահի հանդիպումը Հանձնաժողովի անդամների հետ

29.06.2007
Հանդիպում Հանձնաժողովում

25.06.2007
Տեղի ունեցավ Հանձնաժողովի առաջին նիստը



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am